Նորություններ

14/04/2026
Ապրիլի 8-ին Միջազգային Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Հյուսիսային Մակեդոնիայում պաշտոնական ներկայացուցիչ Դոկտոր Յորդան Գորչևը։
 
Դոկտոր Գորչևը հայտնի հասարակական գործիչ է, ձեռնարկատեր և Միջազգային Սլավոնական համալսարանի հիմնադիր, ով ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային կրթական և գործարար կապերի զարգացման ուղղությամբ։
 
Միջոցառման շրջանակում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիայի Տնտեսական պալատի նախագահ Բրանկո Ազեսկին, ով պաշտոնավարում է 2005 թվականից և համարվում է երկրի գործարար միջավայրի զարգացման առանցքային դերակատարներից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման հարցերը։
 
Միջոցառմանը մասնակցել են Հյուսիսային Մակեդոնիայի տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ։
 
Հանդիպման շրջանակում կայացել են նաև նախնական բանակցություններ Հյուսիսային Մակեդոնիայի Տնտեսական պալատի նախագահ Բրանկո Ազեսկու և ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանի միջև։ Քննարկվել են համագործակցության կոնկրետ ուղղություններն ու հնարավոր համատեղ նախաձեռնությունները։
 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Հայաստան–Մակեդոնիա» ծրագրի զարգացմանը։ Մասնավորապես, ներկայացվել է առաջարկ՝ Հյուսիսային Մակեդոնիայում ստեղծել «Հայաստան–Բալկաններ» համատեղ կառույց, որը կարող է ծառայել որպես տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ։
 
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու և հետագայում ստորագրելու համագործակցության հուշագիր։
07/04/2026
Ապրիլի 7-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը հեռավար տեսակապով հանդիպում ունեցավ Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սեմյոնովի հետ: Ըստ էության՝ սա անցած մարտի 20-ին ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հանդիպման տրամաբանական շարունակությունն է:
Զրույցի ընթացքում բազմաթիվ խնդիրների շարքում պարոն Սարգսյանը կարևորել էր միջպալատական հուշագրի ստորագրում, գործարար խորհրդի ստեղծումը, տեղեկատվական փոխադարձ կապի ակտիվացումը, հայաստանցի գործարարների համար Բուլղարիայի նպաստավոր աշխարհագրական տարածքի արտահանման հնարավորությունների օգտագործումը Եվրամիության երկրներ, ինչպես նաև Հայաստանի արտահանման արտոնությունները բուլղարացի գործարարներին ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու:
Պարոնայք Կարեն Իվանովն ու Ցվետան Սեմյոնովը որոշակիացրին արվելիք քայլերի առաջնահերթությունները: Որոշվեց Հայաստանի գործարարների ինֆորմացիան տեղակայել Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի կայքում և մամուլում: Միաժամանակ նույնը արվելու է Հայաստանում բուլղար գործարարների համար փոխադարձ ճանաչողության և փոխվստահության ամրապնդման նպատակով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև առաջիկա մայիսի սկիզբը ստորագրել փոխգործակցության հուշագիր, որից հետո սկսվելու է Հայ-բուլղարական գործարար խորհուրդ ստեղծելու ընթացակարգը:
07/04/2026

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Եթե աշխարհի կառավարման բանալին հիմնականում տղամարդկանց ձեռքում է, ապա երջանկության բանալին կանանց ափերի մեջ է: Կինն է գեղեցկացնում կյանքը, սեր ու ոգեղեն ուժ տալիս տղամարդուն, նրանց մղում հերոսական արարքների, շենացնում հայրենիքը, իր օջախը: Մայրությունը արարման խորհուրդն ունի, որով իմաստնանում և հավերժանում է կյանքը...

Հազարամյակներ շարունակ պոետների, նկարիչների և քանդակագործների մուսան կինն է, արվեստի թագուհին... Եթե տասնամյակներ առաջ կինը հատկապես կրթության ու առողջապահության ոլորտում էր լիդեր, ապա այսօր այլևս չկա այդ կարծրատիպը: Կինն արդեն բիզնեսում էլ արժանապատիվ դերում է, ստեղծում է աշխատատեղ և բարիք, սովորեցնում է մայրության բարի օրենքներով ապրել: Եթե հայրենիքի պաշտպանության ժամանակ կինը զինվորին սպասող կարոտյալ և տագնապող մայր էր, ապա այսօր արդեն բանակում կինն էլ իր կենսագրությունն է կերտում՝ Մայր Հայրենիք...

‎Մայրը սիրո, խաղաղության, բարության և արժանապատվության աչքերով է նայում աշխարհին և կամենում, որ մայրական սրտով ու կամեցողությամբ գրվեն աշխարհի բոլոր սահմանադրություններն ու օրենքները, որ միշտ արդարություն և խաղաղություն լինի Երկիր մոլորակում:

Երանի շուտ գա այն օրը, երբ Հայաստանում էլ մայրը առավոտյան իր ընտանիքի անդամներին ուրախությամբ ուղարկի արժանապատիվ աշխատանքի, ժպիտով դիմավորի բանակից վերադարձող զինվորին, ապրի այնպես, ինչին արժանի է նա:

‎Սիրելի կանայք, շնորհավորական խոսքս ընդունեք իբրև եղբայրական աղոթք Ձեզ համար...

‎ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

23/03/2026

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրը Հայաստանում Զիմբաբվեի արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբան էր, ում նախորդ այցը ընդամենը մեկ ամիս առաջ  էր։ Ինչո՞վ էր պայմանավորված երկրորդ այցի շարժառիթը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ այցին շատ գործնական առաջարկություններ եղան, դեսպանությունը դրանք քննարկեց Զիմբաբվեի գործարար շրջանակներում, ստացավ կոնկրետ  առաջարկներ և շտապեց երկրորդ հանդիպման։  «Հայաստանի գործարարների համար Աֆրիկյան մայրցամաքը, այդ թվում  Զիմբաբվեն, հետաքրքրությունների հայտնի ու նաև դեռ անհայտ  շրջանակ ունի․ անշուշտ Հայաստանն էլ ձեզ համար,-նշել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։-Հայաստանի և Զիմբաբվեի միջև ապրանքաշրջանառությունը շատ սահմանափակ է և չօգտագործված ներուժ ու  միջոցներ կան, ինչը համատեղ ուժերով հարկավոր է բիզնեսում ներդնել։ Ոլորտները հենց գործարարները  կհստակեցնեն, իսկ  երկուստեք պալատները պետք է անմիջական հաղորդակցության  պայմաններ ստեղծեն՝ համատեղ գործարար ֆորումներ, ցուցահաանդեսներ և բազմաբնույթ հանդիպումներ կազմակերպեն։ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստ է զորակցելու նման ծրագրերի իրականացմանը»։

Եվ ահա պարոն Կուպեմբան նախ նշեց, որ Զիմբաբվեի գործարարներից շատերին հետաքրքրում է Հայաստանում տարածքներ գնել պահեստային տնտեսություններ և առևտրային հարթակ ստեղծելու, ուր մշտապես կներկայացնեն իրենց արտադրանքները։

Պարոն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց Զիմբաբվեի գործարարների առաջարկներին համապատասխան տարածքներ գտնելու և մնացյալ հարցերում ըստ ամենայնի զորակցելու:

Նա նաև հավելեց, որ Պալատը անդամակցում է միջազգային բազմաթիվ կառույցների, ունի երկու տասնյակից ավելի ներկայացուցչություններ աշխարհի զարգացած երկրներում,  արտահանման ոլորտում կան արտոնություններ, ինչին համատեղ ծրագրերով կարող են մասնակցել նաև Զիմբաբվեի գործարարները՝ հատկապես երրորդ երկրների շուկաներ դուրս գալու։ Առայժմ մենք գրեթե մեկնարկային փուլում ենք։

Պատվիրակության ղեկավարը մասնավորեց առանձին ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել Զիմբաբվեի գործարարներին, որոնց համար Հայաստանը դեռևս գրեթե չճանաչված երկիր է։ «Հարկավոր է նախ ակտիվացնել տեղեկատվական փոխճանաչողությունը։ Օրինակ՝ մենք ունենք ադամանդի և ոսկու հարուստ պաշարներ, իսկ դուք՝ բարձրակարգ և փորձառու վարպետներ։  Մնում է համատեղել միջոցներն ու ծրագրերը։ Որպես առաջին քայլ հարկավոր է գործարար համաժողով կազմակերպել, փոխգործակցության հուշագիր վավերացնել՝ ամրագրելով առաջնահերթությունները»,- կարևորեց Բրայթ Կուպեմբան։ Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ այդ ամենին մեծապես նպաստելու է հյուպատոսություն ստեղծելու գործը:

Հանդիպումն անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում, հետևողական մեկնարկը խոստումնալից է։

20/03/2026
Հայաստանում Բուլղարիայի հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը մարտի 19-ին առաջին պաշտոնական այցը կատարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Բարձրաստիճան դիվանագետին պաշտոնավարման առիթով շնորհավորեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և համառոտ ներկայացրեց միջպետական ջերմ հարաբերությունները, ինչին, ցավոք, զիջում են տնտեսական ցուցանիշները:
Բուլղարիան անդամակցում է Եվրոպական կարևոր կառույցներին: Գտնվելով Բալկանյան թերակղզում՝ սահմանակից է 5 պետությունների, ունի Սևծովյան նավահանգիստներ և հրաշալի հնարավորութնուններ հատկապես տուրիզմի զարգացման համար: Տասնամյակներ շարունակ Հայաստանի պղնձահումքի առաջատար ներկրողներից է Բուլղարիան։ Երկրի էկոնոմիկայում գյուղատնտեսությունը առաջատար ճյուղ է, որում համագործակցության չօգտագործված ներուժ կա։ Այս և այլ թեմաների վերաբերյալ ծավալվեց շահեկան զրույց, արվեցին կարևոր առաջարկություններ:
Դեսպան Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն հայտնեց ջերմ ու բարեկամական ընդունելության համար՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ դեսպանությունը ջանքեր կգործադրի եղած կապերն ամրապնելու և ծավալելու, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի զորակցությամը բիզնես գործակցությունը զարգացնելու:
Պարոն Մարտին Սարգսյանը, որպես միջպալատական մեկնարկային քայլ, կարևորեց համագործակցության հուշագրի ստորագումը, որով ուղենշվելու են անելիքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործելու Բուլղարիայի աշխարհագրական դիրքը, որպեսզի հայաստանյան գործարարները հեշտությամբ մուտք գործեն Եվրամիություն, իսկ Հայաստանի հնարավորությունները կարող եմ բուլղարները օգտագործել ԵԱՏՄ շուկա դուրս գալու համար։
Քննարկվել է պալատների մասնակցությամբ հայ-բուլղարական խորհուրդ ստեղծելու հնարավորությունը, որը ապագայում կիրականացնի անհրածեշտ քայլեր արդյունավետ կազմակերպելու բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ և այլ գործարար ծրագրեր։
Կոտայքի մարզի ԱԱՊ խորհրդի անդամ Մասիս Սարգսյանը ներկայացրեց Կոտայքի ԱԱՊ-ի և գործընկերների նախաձեռնությամբ կենսաբազմազանության COP-17 շրջանակներում նախատեսվող զուգահեռ միջոցառումներին՝ «Ռիո Կոնվենցիաների» սիներգիայի օրակարգով։ Դեսպանը շահագրգիռ արձագանքեց առաջարկին և խնդրեց մանրամասն տեղեկություններ տրամադրել հարցի վերաբերյալ։
09/03/2026
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ և բարեմաղթում լավագույնը անձնական կյանքում ու աշխատանքում։ Երկրների քաղաքակրթության մակարդակը հատկապես մեր օրերում որոշվում է նաև կանանց մասնակցության մակարդակով կյանքի բոլոր ոլորտներում։ Հայաստանում կանայք գրեթե բոլոր ասպարեզներում ակտիվ մասնակից են, իսկ հատկապես կրթության և առողջապահության ոլորտում՝ առաջատար։ Մենք ունենք կին լիդերներ, որոնք գործարար կապերի մեջ են նաև արտերկրի գործընկերների հետ, մասնակցում եմ համատեղ ծրագրերի իրականացմանը։
Մեր պալատի կարևոր ուղղություններից մեկը գործարար կանանց զորակցությունն է։ Փառք ու պատիվ ձեզ, որ կարողանում եք ընտանիքի հոգսը և գործարարությունը համատեղել, այլապես ավելորդ շռայլություն է կանանց միտքն ու եռանդը սահմանափակել խոհանոցի շրջանակներում։ Հայտնի խոսք է՝ երկրի ապագան մայրերի ձեռքերում է։ Դուք եք կերտում զինվորին ու բժշկին, ուսուցչին ու քաղաքացուն․ մի խոսքով՝ երկրի ապագան։
Սիրելի կանայք, մաղթում եմ խաղաղ երկինք և առողջություն, ձեր սիրով ու ջերմությամբ երջանկացրեք բոլորին։ Աստված օգնական մեր խաղաղասեր ու աշխատասեր ժողովրդին։
Սիրով և ջերմությամբ՝ Մարտին Սարգսյան
09/03/2026

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո երկու տասնամյակ առաջ ստեղծվեց «Հայաստանի գորժարար կանանց աջակցության հիմնադրամ» կազմակերպությունը, որն այսօր արդեն նախանշած առաքելության շրջանակում լիդերի վարկանիշ ունի։ Զորակցությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի՝ Հիմնադրամը համառ ու հետևողական աշխատանքով ստեղծեց իր միջազգային ցանցը աշխարհի բազմաթիվ երկրների համանուն կառույցներում։ Բազմաթիվ հանդիպումներով Հայաստանի և Սփյուռքի գործարար կանայք ծավալեցին իրենց աշխարհագրությունը Ամերիկայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Սիրիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, այնտեղ, ուր գործարարությունը միավորում է կանանց ուժը, խաղաղության ձգտումը, տղամարդկանց հետ հավասարապես քայլելու  անհրաժեշտությունը։ Բարեկրթությունը հիշեցնում է մասնավորելու Հիմնադրամի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանի կազմակերպչական դերը, որի հերթական քայլը «21-րդ դար-Երկխոսություն առանց սահմանների» կանանց ձեռնարկատիրական միջազգային համաժողովի կազմակերպումն էր մարտի7-ին ՀՀ ԱԱՊ-ի դահլիճում։ Այս դժվարին ժամանակներում աշխարհի  երկրների բազմաթիվ պատվիրակների և հրավիրված կին գործարարների միասնական ձայնը հնչեց որպես խաղաղության և համերաշխության կոչ։

Ներկաներին ջերմորեն ողջունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ում արտերկրի պատվիրակները վաղուց արդեն ճանաչում էին բազմաթիվ այցերից ու հանդիպումներից։ Պարոն Սարգսյանը խորհրդանշական համարեց  Կանանց միջազգային տոնի օրերին կին գործարարների համաժողովը Հայաստանում, ուր գործարար ոլորտում հայ կինը գործում է ոչ միայն պաշտոնական օրենսդրության, այլ նաև մայրության չգրված, բայց ավանդաբար հարգվող օրենքներով։

Ռուսաստանի, Իրանի, Նիդեռլանդների, Ղազախստանի, Հայաստանի  պատվիրակությունների ղեկավարներն ու մյուս բանախոսները հաստատեցին այն համոզմունքը, որ տարբեր, երբեմն առանձին տարաձայնություններ ունեցող երկրների կին գործարարների նման հանդիմումները ժողովրդական դիվանագիտության ներուժ ունեն, դրանք համերաշխության ճանապարհ են բացում, մերձեցնում ժողովուրդներին։ Մայրական համերաշխությունը դեպի խաղաղության օվկիանը տանող   վտակ է, որը կենարար է դառնում այսպիսի հանդիպումներով։

Համաժողովի մասնակիցները, համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելուց բացի, բանախոսելու հազար ու մի մտերմիկ թեմաներ ունեին, բայց առավել հետաքրքիրը տղամարդկանց կարծիքն էր կանանց գործարարության վերբերյալ։ Կարծիքը տոնական էր։

Մասնակիցները հավաստագիր ստացան, բայց ամենահիշվող հավաստագիրը օրվա սերն ու ջերմությունն էր, որն անշուշտ ավելանալու է հաջորդ հանդիպումներով։

Հայաստանի կին գործարարները իրենց արտադրանքներով հյուրասիրության սեղան էին բացել․ չէ որ հացն է ամենամեծ մերձեցնողն ու բարեկամացնողը։

06/03/2026
Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մի վառ անհատականություն՝ Գեորգի Բալաբեկի Նանյանը, ով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիրներից է, երկար տարիներ եղել է Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։
Ուսումնառության և աշխատանքային բացառիկ հարուստ կենսագրություն ունի։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական և Ժողտնտեսության ինստիտուտները, ՍՍՀՄ նախարարների խորհրդին կից ժողտնտեսության ակադեմիան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ է։ Նա տնտեսական գիտությունների թեկնածու է։ Գեորգի Նանյանը ղեկավար պաշտոններ է վարել բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում։ Հեղինակ է շուրջ 30 գիտական գործերի և 6 գյուտերի։ Բազմակողմանի զարգացած և խորը իմացությամբ տնտեսական գործիչ Գեորգի Նանյանը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի համակարգում բացառիկ սեր ու հեղինակություն էր վայելում, նրա համոզիչ և փաստարկված առաջարկություններն ու մեկնաբանությունները սպառիչ պատասխանի իրավունքով ընդունում էին բոլորը, նրա խոսքից դասեր քաղում։
Ընտանիքի սիրասուն հայր ու հրաշալի ամուսին էր, կարեկից և աջակցող ընկեր, անկաշառ քաղաքացի ու բարեկիրթ մտավորական։ Վաստակած տնտեսական գործիչն արժանացել է բազմաթիվ պարգևների։ Գեորգի Նանյանի նման մարդկանց կենսագրությունը գրվում է ոչ թե տարիների թվարկումով, այլ արժանապատիվ վաստակով։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ողջ համակարգը խորապես վշտացած է Գեորգի Նանյանի մահով և ցավակցում է Նանյանների գերդաստանին ու հարազատներին։
Հ․Գ․ Գեորգի Նանյանի հոգեհանգիստը կայանալու է Նորքի զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում մարտի 6-ին ժամը 17-ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին ժամը 13։00-ին նույն տեղից։
03/03/2026

Երկրագնդի կենսոլորտը համայն աշխարհինն է, հետևաբար տարածքային լոկալ ցանկացած խնդիրը համաշխարհային մտահոգության առաջնային հոգսը պետք է լինի։ Ուստի վնասակար արտանետումների և շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարը միասնական պետք է լինի, քանի որ բնապահպանական խնդիրները հավասարապես բոլորին են վերաբերում։

Այդ մտահոգությամբ ստեղծվել են միջազգային բազմաթիվ պայմանագրեր և կազմակերպություններ, բայց դրանք գործում են ոչ միասնաբար և փոխկապակցված, մինչդեռ վիճակն աղետալի է դառնում ամբողջ աշխարհում։ Տեղային լոկալ քայլերը ամբողջական լուծում չեն դառնում։

Այդ մտահոգությամբ ՄԱԿ-ի շրջանակներում ձևավորվել են համապատասխան միջպետական գործընթացներ՝ բազմակողմանի պայմանագրերի՝ կոնվենցիաների ձևաչափով։ Սակայն դրանք գործում են ոչ միասնաբար, ինչը չի նպաստում գլոբալ նշանակության խնդիրների լիարժեք լուծմանը և առաջացնում տարբեր ուղղություններով գործընթացների միջև ՍԻՆԵՐԳԻԱՅԻ անհրաժեշտություն։

Այդ հարցում Հայաստանյան հանրային և գործարար հատվածների դիրքորոշումները հստակեցնելու, անելիքները համակարգելու նպատակով Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ փետրվարի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հրավիրած համաժողովին հանդես եկան նախաձեռնությամբ, ինչին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպությունների փորձագետներ ու մասնագետներ։

Հայաստանի և միջազգային իրավիճակը ներկայացրեցին «Խազեր» հասարակական կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը և Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը։ Նրանք ներկայացրեցին ՄԱԿ-ի շրջանակներում Ռիո-կոնվենցիաների («Կլիմայի փոփոխության մասին», «Կենսաբազմազանության մասին», «Անապատացման դեմ պայքարի մասին») շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատների անելիքները՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում առևտրաարդյունաբերական պալատները (այդ թվում՝ հայաստանյանը), ունեն ամենամեծ ցանցը, հնարավորություններն ու իրավասությունը միջազգային այդ ծրագրերին անմիջականորեն մասնակցելու և տեղական ու միջազգային գործարար համայնքի ներգրավման և համակարգման հարցում։

Քննարկվեցին վերը նշված կոնվենցիաների միջև սիներգիայի ձևավորման մոտեցումները, առևտրաարդյունաբերական պալատների և հանրային կառույցների միջև գործընկերության միջոցով դրան հասնելու ճանապարհները։ Համապատասխան հաղորդություններով և ելույթներով հանդես եկան կոնվենցիաների մասնագետ-փորձագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Կլիմայական գործողությունների միջազգային ցանցի» (CAN International) տարածաշրջանային (CAN EECCA ներկայացուցիչը։ Որպես առաջնահերթ անելիքներ՝ նշվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատների տեղական և միջազգային գործընկերների ներգրավումը, օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ սիներգիայի ներդրման գործընթացում նախագծային գործունեության համակարգումը և սերտիֆիկացման (գնահատում-հայտարարում-հավաստագրում) ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։

Ակտիվ քննարկումից հետո ընդունվեց համապատասխան բանաձև, որում արձանագրվեց՝ գլոբալ բնապահպանական նպատակների ու դրույթների իրականացումը անարդյունավետ է, քանի որ խնդիրները դիտարկվում են առանձին-առանձին, այն դեպքում, երբ դրանք կրում են փոխկապակցված բնույթ։ Անհրաժեշտ է մշակել առանձին դոկտրին՝ միասնական հարթակի ձևավորման նպատակով։

Քանի որ խնդրին վերաբերող կոնվենցիաների շահառուները մարդիկ են, որոնք և միաժամանակ հարկատուներ են, որոնց ուսերին է վերջնական ֆինանսավորման բեռը, ապա մշակվելիք նոր դոկտրինի հիմքում պետք է դրվի նաև համընդհանուր ֆինանսավորման և համաֆինանսավորման մեխանիզմը, իսկ արդարությունը ապահովված կլինի «աղտոտողը վճարում է» սկզբունքի կենսագործմամբ:

Նպատակահարմար է մինչև 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին 17-րդ համաժողովը հստակեցնել նշված սիներգիայի ձևավորման և ամրապնդման ուղղությամբ անելիքներն ու հեռանկարները և դրանցում ՀՀ առևտրաարդնունաբերական պալատների դերն ու նշանակությունը։

 

 

20/02/2026

«Հայաստանի գործարարների համար Աֆրիկյան մայրցամաքը, այդ թվում  Զիմբաբվեն, հետաքրքրությունների հայտնի ու նաև դեռ անհայտ  շրջանակ ունի․ անշուշտ Հայաստանն էլ ձեզ համար»,- փետրվարի 19-ին Զիմբաբվեի Հանրապետության պատվիրակության հետ հանդիպումը այսպես սկսեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Բազմաբնույթ պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի և միջազգային առևտրի հարցերով նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Զիմբաբվեի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբան։ Պարոն դեսպանը, ի լրումն Մարտին Սարգսյանի նկատառմանը,  հավելեց, որ այդ գործում նշանակալի  դեր ունեն նաև դիվանագետները։ Եվ հենց այդ ակնկալիքով էլ այցելել է ՀՀ առևտրարադյունաբերական պալատ, որը Հայաստանում գործարարության զարգացման   կարևորագույն կառույց է հատկապես  նոր հնարավորություններ և  շուկաներ գտնելու առումով։

Պարոն Սարգսյանը նշեց․ «Հայաստանի և Զիմբաբվեի միջև ապրանքաշրջանառությունը շատ սահմանափակ է և չօգտագործված ներուժ ու  միջոցներ կան, ինչը համատեղ ուժերով հարկավոր է բիզնեսում ներդնել։ Ոլորտները հենց գործարարները  կհստակեցնեն, իսկ  երկուստեք պալատները պետք է անմիջական հաղորդակցության  պայմաններ ստեղծեն՝ համատեղ գործարար ֆորումներ, ցուցահաանդեսներ և բազմաբնույթ հանդիպումներ կազմակերպեն։ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստ է զորակցելու նման ծրագրերի իրականացմանը»։

Պատվիրակության ղեկավարը մասնավորեց առանձին ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել Զիմբաբվեի գործարարներին, որոնց համար Հայաստանը դեռևս գրեթե չճանաչված երկիր է։ «Հարկավոր է նախ ակտիվացնել տեղեկատվական փոխճանաչողությունը։ Օրինակ՝ մենք ունենք ադամանդի հարուստ պաշարներ, իսկ դուք՝ բարձրակարգ ադամանդագործներ։  Մնում է համատեղել միջոցներն ու ծրագրերը։ Որպես առաջին քայլ հարկավոր է գործարար համաժողով կազմակերպել, փոխգործակցության հուշագիր վավերացնել՝ ամրագրելով առաջնահերթությունները»,- կարևորեց Ալբերտ Չիմբինդին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը տեղեկացրեց, որ Պալատը անդամակցում է միջազգային բազմաթիվ կառույցների, ունի երկու տասնյակից ավել ներկայացուցչություններ աշխարհի զարգացած երկրներում,  արտահանման ոլորտում կան արտոնություններ՝ դեպի եվրասիական երկրներ, ինչին համատեղ ծրագրերով կարող են մասնակցել նաև Զիմբաբվեի գործարարները՝ հատկապես երրորդ երկրների շուկաներ դուրս գալու։ Առայժմ մենք գրեթե մեկնարկային փուլում ենք։

02/02/2026

Հունվարի 26-ին Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որին մասնակցել են երկու երկրների Առևտրի և արդյունաբերության պալատների ներկայացուցիչներ, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Համաժողովը կարևոր քայլ է հանդիսացել Հայաստան–Քուվեյթ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ստեղծելով նոր գործընկերությունների և երկարաժամկետ համագործակցության համար։ Միջոցառումը մեկ հարթակում է համախմբել պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ հնարավորություն տալով ներկայացնել համագործակցության առաջնահերթ ուղղությունները և փոխանակվել փորձով։

Միջոցառմանը ներկայացված էին բիզնես համայնքների ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախագծերը։ Երեւանյան նիստի նախապատրաստական փուլերի վերաբերյալ հարցերը նույնպես եղել են քննարկման առանցքում՝ այդ թվում՝ տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների շուրջ։

Համաժողովին մասնակցել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման և ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը։

Համաժողովը ձևավորել է ամուր հարթակ՝ երկկողմ առևտրատնտեսական դինամիկան ընդլայնելու, ներդրումային հոսքերը խթանելու և նոր համատեղ նախագծեր սկսելու համար։

24/10/2025

2025 թվականի հոկտեմբերի 22-23-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ 5-րդ «Թբիլիսի Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումը, որը միավորում է տարբեր երկրների պետական, բիզնես և տնտեսական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության, ներդրումների և առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը ֆորումին ներկայացրել է գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, ով մասնակցել է ֆորումի հիմնական նիստերին, թեմատիկ քննարկումներին և մի շարք երկկողմ հանդիպումներին։

 Քննարկումների ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսության հնարավորությունները, ինչպես նաև Պալատի նախաձեռնությունները՝ ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Միջոցառման շրջանակում ուշադրություն է դարձվել տարածաշրջանային առևտրի խթանմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և «Մետաքսի ճանապարհի» երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը շարունակելու է ակտիվ մասնակցությունը նման միջազգային հարթակներում՝ նպաստելով հայկական բիզնեսի ինտեգրմանը համաշխարհային տնտեսական գործընթացներին։

24/10/2025

Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովի և Դուբայի առևտրի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսիի միջև։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին երկու կառույցների գործունեության հիմնական ուղղությունները և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ՝ զբոսաշրջություն, ներդրումների խթանում, գործարար կապերի ընդլայնում, ինչպես նաև փոխադարձ գործարար այցերի կազմակերպում՝ տեղում շուկայի առանձնահատկություններին և հնարավոր գործընկերներին ծանոթանալու նպատակով։

Քննարկումների ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և Դուբայի բիզնես միջավայրերի միջև կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով երկուստեք հետաքրքրությունը տնտեսական համագործակցության խորացման, համատեղ ծրագրերի իրագործման և ներդրումային նոր նախաձեռնությունների զարգացման հարցում։

Համագործակցությունը համակարգելու նպատակով նշանակվեցին կոնտակտային պատասխանատուներ՝
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից՝ նախագահի խորհրդական Լիլիթ Ասատրյան,Դուբայի առևտրի պալատից՝ տարածաշրջանային տնօրեն (Միջին Արևելք և հարակից երկրներ) Աբդուլահ Բաքար։

Կողմերը նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին համագործակցության շարունակականության ապահովման և այն գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ։ Նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հաջորդ հանդիպում՝ արդեն պատրաստված և կոնկրետ առաջարկների փաթեթի ներկայացմամբ, ինչը կնպաստի գործարար հարաբերությունների խորացմանն ու երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը։

23/10/2025

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն ընդունեց կորեական Կոթրա ֆիրմայի պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խոն Սին Ա-ի գլխավորությամբ:

Պարոն Ալեքսանյանը, ներկայացնելով հանրապետության գործարար մթնոլորտն ու առանձնահատկությունները, մասնավորապես նշեց, որ արտաքին կապերի և արտահանման ծավալումը Պալատի գործունեության առաջնահերթությունն է: «Հայաստանը իր տարածությամբ ու բնակչության քանակով և հնարավորությամբ փոքր շուկա է: Այդ առումով էլ բնականաբար արտահանման խնդիրը պայմանավորվում է համատեղ ծրագրերի իրականացումով  մեծ ծավալներով արտահանմամբ: Հայաստանին առաջին հերթին հետաքրքրում են կորեական նորագույն տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրումը, ինչը հայկական գիտական ներուժի համադրմամբ հրաշալի արդյունք կտա: Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի զորակցել կորեացի գործարարներին»,-ընդգծեք Անդրանիկ Ալեքսանյանը:

Պատվիրակության ղեկավար Խոն Սին Ա-ն նշեց, որ իրենց ֆիրման կարող է հայաստանցի գործարարների համար գտնել համապատասխան գործընկերներ և զորակցել, որ հայ գործընկերները Կորեայում ստեղծեն իրենց բիզնեսը: Իրենք հետաքրքրված են ճանապարհաշինության, ալտերնատիվ էներգետիկայի, այսպես կոչված «խելացի գյուղատնտեսության» և այլ ոլորտներով:

Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը դրականորեն արձագանքեց հյուրի առաջարկությանը՝ մասնավորելով էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության ոլորտում ջերմոցային մեծ տնտեսությունների համատեղ հիմնումը, քանի որ արևային էներգետիկան շատ մատչելի է, Հայաստանում արտադրվում է օրգանապես մաքուր պարարտանյութեր, իսկ արտահանման հարցում ԵԱՏՄ երկրներ արտահանման գործում Հայաստանը արտոնություններ ունի: Հայաստանը այդ առումով արդիական  տեխնիկայի ու   նորագույն տեխնոլոգիաների կարիք ունի: Պարոն Ալեքսանյանը կարևորեց նաև բժշկության և տուրիզմի ոլորտում համագործակցությունը, որում Հայաստանը անհրաժեշտ հնարավորությունները ունի: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ հարկավոր է գործի դնել բոլոր միջոցներն ու հնարավորությունները: Նոյեմբերի 24-ին Կորեայում կայանալու է առցանց մեծ  ցուցահանդես բժշկական սարքավորումների արտադրության, «խելացի գյուղատնտեսության» և այլ ոլորտների վերաբերյալ, ինչը հայ գործարարներին կարող է օգտակար լինել կորեական շուկային ծանոթանալու առումով:

Պարոն Ալեքսանյանը նշեց, որ որպես մեկնարկային քայլ հարկավոր է համագործակցության հուշագիր վավերացնել՝ հստակեցնելու գործակցության առաջնահերթությունները:

15/10/2025
📢 Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Նոր Հորիզոններ. Բիզնեսի նոր հնարավորություններ Հայաստանում» միջազգային գործարար ֆորումին:
🇦🇲 🇦🇪 Ֆորումը կմիավորի Հայաստանի և Դուբայի գործարարներին խորացնելու տնտեսական համագործակցությունը, քննարկելու ներդրումային և առևտրային նոր հեռանկարները, ներկայացնելու երկու երկրների դերակատարությունը՝ որպես կապող օղակ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև:
ㅤㅤ
📉 B2B հանդիպումները հնարավորություն կտան հայաստանյան ընկերություններին ուղղակի կապ հաստատել Դուբայում գործող կազմակերպությունների հետ՝ նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների համար:
ㅤㅤ
⏱️ Գրանցման վերջնաժամկետ - Հոկտեմբերի 20,2025թ.
🌐 Գրացման հղում - https://forms.office.com/r/x3rbnM5rZF
ㅤㅤ
📍 «Արարատ» սրահ, Armenia Marriott Hotel Yerevan
15/10/2025

Հոկտեմբերի 15-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն ընդունեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև դրա շրջանակում հնարավոր համագործակցության ուղիները և սպասվող զարգացումները:

Աստրիդ Շոմեյքեն կարևորեց Հայաստանի դերը՝ որպես համաժողովի հյուրընկալող երկիր՝ ընդգծելով, որ սա եզակի հնարավորություն է Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու՝ ոչ միայն որպես կենսաբազմազանության պահպանման կարևոր դերակատար, այլև՝ որպես բաց ու համագործակցային երկիր, որը պատրաստ է հյուրընկալել հազարավոր մասնակիցների տարբեր երկրներից։

Անդրանիկ Ալեքսանյանը, ողջունելով այս կարևոր նախաձեռնությունը, ընդգծեց, որ Առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել գործընթացին՝ հատկապես կարևորելով հայ գործարարներին համաժողովի նպատակների, հնարավորությունների և դրա ընձեռած հեռանկարների մասին իրազեկելը։Հետագա հարցերի համակարգման նպատակով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կոնտակտային պատասխանատու անձ կդիտվի նախագահի խորհրդական Լիլիթ Ասատրյանը:

«Սա ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական, ներդրումային ու համագործակցային լայն հնարավորությունների դուռ է բացում մեր երկրի համար։ Կարևոր է, որ մեր գործարարները ժամանակին և ամբողջական տեղեկատվություն ունենան այս ամենի մասին, որպեսզի կարողանան տեսնել իրենց մասնակցության հնարավոր ուղիներն ու դրական ազդեցությունը», – նշեց պարոն Ալեքսանյանը։

15/10/2025

Հոկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Իրանի Ալբորզի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (Alborz Chamber of Commerce, Industries, Mines and Agriculture) ներկայացուցիչների միջև։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Ալբորզի պալատի գործադիր փոխնախագահը ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց պալատների գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձան առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:

Անդրանիկ Ալեքսանյանն իր խոսքում կարևորեց տարածաշրջանային համագործակցության խորացման նշանակությունը և առաջարկեց կնքել համագործակցության հուշագիր՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Alborz Chamber of Commerce, Industries, Mines and Agriculture-ի միջև։ Այդ հուշագիրը կհիմնավորի երկարաժամկետ գործակցությունը և խթան կհանդիսանա հայ և իրանցի գործարարների միջև գործնական կապերի հաստատման, համատեղ միջոցառումների կազմակերպման և փորձի փոխանակման համար։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել երկկողմ կապերը, քննարկել հուշագրի նախագիծը և կազմակերպել փոխադարձ այցեր՝ համագործակցության կոնկրետ ուղղությունները հստակեցնելու նպատակով։

10/10/2025

Հայաստանի Հանրապետության  առևտրաարդյունաբերական պալատի ամենակարևոր գործառույթներից է արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը և արտահանման ու նորանոր շուկաների ծավալումը: Դրան մեծապես զորակցում են արտերկրում գործող ՀՀ ԱԱՊ 24 ներկայացուցչությունները, որոնք հրաշալի տնտեսական կամուրջ են Հայաստանի և արտաքին աշխարհի միջև: Դրանց թիվը ավելացավ մեկով: 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատն այժմ արդեն ունի պաշտոնական ներկայացուցիչ նաև Հյուսիսային Մակեդոնիայում։ Պալատի ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Յորդան Գորչևը՝ մասնավոր Միջազգային Սլավոնական համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը, որի կազմում գործում են տնտեսագիտության և ձեռնարկատիրության ուղղությամբ մի շարք ֆակուլտետներ։ Յորդան Գորչևը նաև սեփականատերն է վարկանիշային հայտնի հյուրանոցի, որը վայելում է զբոսաշրջիկների մեծ պահանջարկը Եվրոպայի տարբեր երկրներում։ Անշուշտ այդ հանգամանքը նաև շահեկան նախադրյալ է տուրիզմի զարգացման ոլորտում:

ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, Հայաստանի գործարար կանանց աջակցության հիմնադրամի նախագահ Լիլյա Գևորգյանը այցելել է Սոֆիա, որտեղ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ ԱԱՊ ներկայացուցչի՝ Յորդան Գորչևի հետ։ Հանդիպման ընթացքում նրան պաշտոնապես հանձնվել են ներկայացուցչության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք հաստատվեցին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահության կողմից։

Կողմերը քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ արտահանման, ներմուծման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Յորդան Գորչևը հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու գործարար կապերի զարգացմանը ոչ միայն Մակեդոնիայի, այլև Բուլղարիայի և Սերբիայի բիզնես շրջանակների միջև։

Հանդիպման շրջանակներում կայացել է նաև տեսազանգ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ձեռնարկատիրության ոլորտում հետագա համագործակցության ձևաչափը։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Յորդան Գորչևի առաջին այցի վերաբերյալ Հայաստան՝ երկրի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։

Այս համագործակցությունը ևս կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջազգային հարաբերությունների ամրապնդման և հայ գործարարների համար նոր գործընկերային հարթակների ձևավորման ճանապարհին։

02/10/2025

2025 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին, Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, ինչպես նաև արգենտինացի գործարարներից կազմված պատվիրակությանը։

Պատվիրակության ղեկավար, Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, «Էդելֆլեքս» ընկերության նախագահ Միքայել Հարությունյանը ներկայացրեց այցի նպատակը և հետաքրքրությունների շրջանակը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ողջունելով ներկայացուցչական պատվիրակության անդամներին, ներկայացրեց Պալատի գործառույթները, համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորեց կարևոր նախապայմանը. «Հայաստանը և Արգենտինան ունեն սեփական շուկայական  հնարավորությունների անհավասարաչափ ծավալներ, ուստի գործակցության ելակետ պետք է ունենալ համատեղ բիզնեսների ստեղծումը մեր հանրապետությունում՝ օգտագործելով Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արտահանման արտոնությունները»: Պարոն Ալեքսանյանը հավելեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը աշխարհի 24 երկրում ունի իր ներկայացուցչությունները, որոնք  ներկայացնում են Հայաստանի տնտեսական շահերը, նախաձեռնում բազմաբնույթ հանդիպումներ:

Արգենտինյան կողմը առաջարկեց հանդիպումները դարձնել պարբերական, նախապատրաստել փոխգործակցության հուշագրի կնքումը՝ նախանշելով ոլորտները և առաջնահերթությունները: ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Ռոււբեն Շահմուրադյանը կոնկրետ առաջարկություն արեց. «Մեր ընկերությունը պատրաստ է համագործակցել շինարարության, տուրիզմի, ցուցահանդեսային բիզնեսի և այլ ոլորտներում: Ունենք բարձրակարգ կահավորմամբ տարածքներ և պատրաստ ենք տրամադրել առևտրային կենտրոն ստեղծելու համար»: Եղան նաև այլ գործարար առաջարկություններ:

Հանդիպման ավարտին պարոն Անդրանիկ Ալեքսանյանը հավաստիացրեց, որ արգենտինացի գործարարների առաջարկությունները փոխանցելու է Պալատի անդամ գործարարներին՝ համատեղ ծրագրեր ստեղծելու ակնկալությամբ:

24/09/2025

Սեպտեմբերի 23-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին, նախարար խորհրդականներ Ֆաիսալ Մ. Պերդանապուտրային և Տորանգ Պակպահանին, երկրորդ քարտուղար Բագաս Վիսանգ Նարարարյային և Հայաստանում Ինդոնեզիայի պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանին:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, խոսելով երկու երկրների առևտրաշրջանառության մասին, նշեց, որ Ինդոնեզիան ունի 300 միլիոն բնակիչ, իսկ Հայաստանը՝ երեք, ուստի այդ նկատառումով էլ փոխադարձ բիզնեսի զարգացման ելակետ պետք է լինեն երկու երկրներում  ստեղծվելիք առևտրային հարթակները՝ երրորդ երկրներ դուրս գալու համար: «Փորձված և արդյունավետ տարբերակ է առևտրային տների ստեղծումը, որոնք կարևոր օղակ կլինեն երկկողմ գործարարների ծանոթության, վստահության ամրապնդման և անհրաժեշտ ինֆորմացիայի համար: Դրանք նախապայման կստեղծեն  ցուցահանդեսների և բիզնես ֆորումների նպատակային կազմակերպմանը: Քանի որ Ինդոնեզիան հանդիսանում է ոսկու և ադամանդի խոշորագույն արտահանողներից մեկը, իսկ Հայաստանը՝ այդ հումքի վերամշակման և մշակման ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունեցող երկիր, առաջարկվում է խթանել համագործակցությունը երկու երկրների համապատասխան ոլորտների գործարար շրջանակների միջև։ Այս համագործակցությունը կարող է ստեղծել փոխշահավետ հարթակ՝ հանքարդյունաբերական հումքի մատակարարման և դրա որակյալ մշակման համար՝ հիմք դնելով նոր տնտեսական նախաձեռնությունների, ներդրումների և համատեղ արտադրական նախագծերի զարգացմանը։ Այս ձևով հնարավոր կլինի համատեղ ուժերով առավել արդյունավետ օգտագործել երկու երկրների ունեցած ռեսուրսներն ու փորձը՝ նպաստելով ինչպես տնտեսական աճին, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Մեկնարկային քայլ կլինի համագործակցության հուշագրի ստորագումը՝ նախանշելով առաջնահերթությունները: Մենք պատրաստ ենք զորակցելու»,- հավելեց պարոն Մարտին Սարգսյանը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը հավաստիացրեց, որ հայկական կողմի այս մտադրությունները կփոխանցի Ինդոնեզիայի Առևտրային պալատի ղեկավարությանը և կաջակցի համատեղ ծրագրեր իրականացնելու գործում: Երկուստեք նշվեց, որ այսօր առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն,  բայց վերջին մի քանի տարիների ծավալների ավելացման դինամիկան լավատեսորեն է տրամադրում:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ինդոնեզացի դիվանագետներին տեղեկացրին, թե  որ ոլորտներում է նպատակահարմար և փոխշահավետ  համագործակցությունը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը նշեց, որ Ինդոնեզացի գործարարները Երևանում արդեն բացել են ռեստորան՝ ազգային խոհանոցով, ցանկալի է, որ նույնպիսի  ծրագրով  նաև հայ գործարարները Ինդոնեզիայում ներկայացնեն  հայկական խոհանոցը, ինչը ժամանակակից բիզնեսի լավագույն միջոցներից է: Նա նաև հավելեց, որ հոկտեմբերին Ինդոնեզիայում բացվելու է հոբելյանական մեծ ցուցահանդես, որին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար պատվիրակության  համար մասնակցության պաշտոնական հրավեր ներկայացրեց: 

26/08/2025

2025 թվականի օգոստոսի 26-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը:

Հայկական կողմից մասնակիցների թվում էր նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իրաքի առևտրաարդյունաբերական պալատների միջև։ 

26/08/2025

Օգոստոսի 25-ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն պարոն Անդրանիկ Ալեքսանյանը մասնակցեց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Սերենադ Սոլիման Գամիլիի պատվին կազմակերպված հրաժեշտի ընդունելությանը։

Միջոցառման ընթացքում պարոն Ալեքսանյանը իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց տիկին դեսպանին՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ակտիվ աշխատանքի և համագործակցության համար։ Նա նաև ընդգծեց երկու երկրների գործարար համայնքների միջև ձևավորված կառուցողական կապերի շարունակականության կարևորությունը։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը մաղթում է տիկին Սերենադին հաջողություն իր հետագա դիվանագիտական առաքելություններում և ակնկալում Եգիպտոսի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։

20/08/2025

Օգոստոսի 19-ին Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական գործարար համաժողով, որին ներկա էին երկու երկրների ղեկավարները։ Համաժողովի մոդերատորն էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 200 գործարարներ Հայաստանից և Իրանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ճյուղեր, այդ թվում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և լոգիստիկա։ Համաժողովի շրջանակում անցկացվել են նաև B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց արդյունքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ և համագործակցության համաձայնություններ։

Համաժողովի ընթացքում իր խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը ընդգծել է, որ պալատը պատրաստ է հանդես գալ որպես կամուրջ բիզնեսի, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև։

«Մենք կարող ենք աջակցել համագործակցության հիմնական ոլորտներում աշխատանքային խմբերի ձևավորմանը, նպաստել երկարաժամկետ գործընկերությունների հաստատմանը, պարզեցնել ընթացակարգային խոչընդոտները և խթանել ներդրումային նախագծերը»,- նշել է Իվանովը։

Նա հավելել է, որ նման համաժողովները կարևոր հարթակ են գործարար կապերի խորացման, համատեղ արտադրությունների մեկնարկի և նոր շուկաների մուտքի տեսանկյունից։

Համաժողովից մեկ օր առաջ՝ օգոստոսի 18-ին, հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների միջև։ Քննարկվել են առկա խնդիրներն ու համագործակցության խոչընդոտները, ինչպես նաև առաջարկվել են դրանք հաղթահարելու արագ և արդյունավետ ուղիներ։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել ոլորտային մասնագետների մասնակցությամբ փոքր աշխատանքային խմբեր, որոնք նպաստելու են գործարար միջավայրի զարգացմանն ու երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը։

19/08/2025

Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում օգոստոսի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի պատվիրակությանը՝ պալատի նախագահի տեղակալ Մոհամմադ Ռեզա Բահրամանի գլխավորությամբ: Իրանցի հյուրերին ընդունեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ Կարեն Իվանովը, Պալատի գործադիր և գործառնական տնօրեններ Անդրանիկ Ալեքսանյանն ու Վլադիմիր Ամիրյանը: Երկուստեք նշեցին մեր երկրների ավանդական բարիդրացիական կապերի և համատեղ գործակցության հեռանկարների մասին:Մասնավորապես Կարեն Իվանովը նշեց, որ առաջնային խնդիրը անհրաժեշտ ու ճշգրիտ ինֆորմացիայի պակասն է: Հարկավոր է օպերատիվ ուղիղ կապ ստեղծել արդյունավետ համագործակցության համար: Մենք պատրաստ ենք համատեղ արտադրություններ ստեղծել երրորդ երկրների շուկաների համար՝ տրամադրելով տարածքը և բրենդը:

Պարոն Մոհամմադ Ռեզա Բահրամանը գոհունակությամբ ընդունեց հայկական կողմի առաջարկությունները և հրավիրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը Իրան, որը մերձեցման և վստահության ամրապնդման օգտակար քայլ կարող է լինել:

10/07/2025

2025թ. հուլիսի 9-ին Քենիայում կայացել է ճանաչողական և համագործակցության հանդիպում Քենիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էրիկ Ռուտոյի և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Քենիայի ներկայացուցուցիչ Տիգրան Արզումանյանի միջև։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը և մասնավոր հատվածների փոխգործակցության ակտիվացումը։ Քննարկվել են մի շարք ուղղություններ, որոնցում հնարավոր է փոխշահավետ համագործակցություն, այդ թվում՝

  • Գյուղատնտեսություն և գյուղատնտեսական տեխնոլոգիաներ,
  • ՏՏ և նորարարություն,
  • Էներգետիկա և վերականգնվող էներգիայի աղբյուրներ,
  • Զբոսաշրջություն և մշակութային փոխանակումներ,
  • Առևտրատնտեսական պատվիրակությունների փոխայցելություններ և ներդրումային համաժողովների կազմակերպում։

Էրիկ Ռուտոն ողջունել է հայկական կողմի նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել Քենիայում ՀՀ տնտեսական ներկայացուցչության գործունեության ակտիվացմանը։

Տիգրան Արզումանյանը նշել է, որ Քենիան կարող է դառնալ կարևոր հարթակ ՀՀ բիզնեսի համար՝ Աֆրիկյան շուկա մուտք գործելու տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել համագործակցության հստակ գործողությունների ծրագիր։

08/07/2025
Նոր հնարավորություններ հայ գործարարների համար:
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է Ռոտոբոյի (ROTOBO – The Japan Association for Trade with Russia & NIS) քարտուղարությունը Հայաստանում։ Այս համագործակցությունը բացում է նոր հորիզոններ հայ գործարարների համար՝ դեպի ճապոնական շուկա, ինչպես նաև դեպի Ասիա-Եվրասիական տնտեսական հարթակներ։
Ռոտոբոն ճապոնական հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է առաջատար ճապոնական ընկերություններ, ներդրումային և առևտրային կազմակերպություններ, նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և այլ հարակից շուկաների հետ։ Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը։ ՀՀ ԱԱՊ-ի և Ռոտոբոյի գործընկերությունը միտված է ամրապնդելու տնտեսական կապերը Հայաստանի և Ճապոնիայի միջև, ինչպես նաև աջակցելու հայ գործարարներին միջազգային բիզնես հարթակներում։
Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Ռոտոբոյի հետ՝ ստեղծելով արդյունավետ հարթակներ հայկական բիզնեսի զարգացման, արտահանման խթանման և միջազգային համագործակցության համար։
Լրացուցիչ տեղեկությունների և մասնակցության համար կարող եք կապ հաստատել ՀՀ ԱԱՊ էլ. հասցե՝ [email protected] ՀԵՌ (+374) 60 48 49 02
09/06/2025
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամ ընկերություններից բաղկացած հայ գործարարների պատվիրակությունը մասնակցեց 10-րդ հոբելյանական ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին:
2025 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, Հայաստանի գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանի գլխավորությամբ գործարարների պատվիրակությունը մասնակցեց 10-րդ հոբելյանական ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին:
Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցեցին հայ-ռուսական գործարար խորհրդի նիստին, ինչպես նաև B2B ձևաչափով բանակցություններին՝ Վոլգոգրադի մարզի գործարարների հետ։ Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ ապագա համատեղ նախագծերի իրականացման շուրջ՝ Ռուսաստանի «ОПОРА РОССИИ» կազմակերպության Վոլգոգրադի մարզային բաժնի կանանց ձեռնարկատիրության զարգացման կոմիտեի ղեկավարի հետ:
Սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, կոսմետոլոգիայի և կենցաղային քիմիայի ոլորտի հայկական ընկերությունների ղեկավարներին հաջողվեց ստեղծել նոր համագործակցային կապեր Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում և ձեռք բերել բիզնես համագործակցության նախնական համաձայնություններ:
02/06/2025
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո 20 տարի առաջ ստեղծվեց «Գործարար կանանց աջակցման» հիմնադրամը՝ Պալատի նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանի նախագահությամբ։ Բնականաբար՝ հիմնադրամի առաքելությունը կանանց դերի առավել ակտիվացումն էր տնտեսական ոլորտում։
Կազմակերպության անդամներն էին բիզնեսի ոլորտում Հայաստանի գործարար այն կանայք, ովքեր հիմնականում կայացման փուլում էին և անհրաժեշտ զորակցության կարիք ունեին հատկապես բիզնեսի նոր օրենքների, վարքականոնների ուսուցման, համաշխարհային բիզնեսի փորձի իմացության, արտաքին շուկաների հետ փոխգործակցության և այլ պարագաներում։ Հիմնադրամը տասնյակ երկրների գործարարների հետ փոխայցելություններով, բիզնես ֆորումներով, ցուցահանդեսներով կարողացավ ստեղծել արտաքին կապերի ճկուն ու կենսունակ ցանց, որի շնորհիվ հիմնադրամի պատվիրակությունների կազմում ներգրավվեցին գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, արաբական երկրներից, Իրանից, Եվրոպայից, իսկ հանդիպումների աշխարհագրությունը Արևելքից ծավալվեց մինչև Ամերիկա։
Եվ ահա՝ մայիսի 31-ին հիմնադրամի հերթական նիստը կայացավ Արզնիում՝ «Գետափ» ընկերության հանգստի գոտու հյուրընկալ սրահում։ «Նիստի օրակարգում կարևորում ենք հատկապես առաջիկա ծրագրերի իրականացումը և գործարար-քոլեջ կապերի ակտիվացումը, ստեղծել մենթորների (առաջնորդ, դաստիարակ) խումբ, հանդիպումներ հարկային մարմինների և պետական կառույցների ներկայացուցիչների հետ, արտահանումների շրջանակների աշխարհագրությունը ծավալելու նպատակով ակտիվ համագործակցությունը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտերկրում գործող 25 ներկայացուցչությունների հետ և օնլայն հարթակի ստեղծումը»,- նշեց նիստը վարող Անժելա Բարսեղյանը։
Հիմնադրամի և մասնավորապես նրա նախագահի դերը կարևորեց և գնահատեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ Լիլյա Գևորգյանին հանձնելով Պալատի բարձրագույն պարգևը․ «ՀՀ ԱԱՊ «Մերկուրի» մրցանակով պարգևատրվում է «Գործարար կանանց աջակցման» հիմնադրամի նախագահ, Պալատի նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը հանրապետության տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացման, նրանց ուժերի համախմբման, անուրանալի վաստակի և բարեխիղճ գործունեության համար։ Նա կին լիդերի բոլոր հատկանիշներն ունի»։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից հետո պարոն Սարգսյանը հավաստիացրեց, որ Պալատը մշտապես մնալու է Հիմնադրամի բարեկամն ու զորակցողը։
29/05/2025

Այսօր՝ 2025 թվականի մայիսի 27-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-իրաքյան տնտեսական և գործարար կապերի զարգացման հեռանկարներին։ Քննարկման արդյունքում որոշում կայացվեց սույն թվականի հունիսին Երևանում անցկացնել  հայ-իրաքյան գործարար հանդիպիպում՝ որի ընթաքում կստորագրվի համագործակցության հուշագիր երկու  պալատների միջև:

Նա ընդգծեց նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի առանցքային դերը՝ մասնավոր հատվածի, հատկապես գործարար համայնքի, ակտիվ ներգրավման գործում։ Կողմերը քննարկեցին նաև ոլորտային համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և լոգիստիկան։

Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը վստահեցրեց, որ կառույցը պատրաստ է աջակցել գործարար ֆորումի կազմակերպչական աշխատանքներին և գործարար համայնքի ակտիվ մասնակցությանը՝ նպաստելով հայ-իրաքյան տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ակտիվ համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նպատակ ունենալով ստեղծել նոր գործարար հնարավորություններ և խթանել երկխոսությունը։

21/05/2025

Մայիսի 20-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Թուրներին և «Կանադա-եվրասիական առևտրատնտեսական պալատ» կազմակերպության  նախագահ Վարդգես Ավագյանին։ «Ես ողջունում եմ երկու պալատների միջև գիտական, տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ որոշումը և պատրաստակամություն հայտնում մշտապես աջակցելու բազմակողմ կապերի զարգացմանը,- ողջունելով հյուրերին՝ նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։-

Մեր նախորդ հանդիպմանը քննարկել էինք դարին համահունչ գիտատեխնիկական և գործարար խնդիրների վերաբերյալ ծրագրեր։ Քիչ ժամանակ է անցել, բայց մենք արդեն վավերացնում ենք համագործակցության հուշագիր, որում նախանշել ենք  առաջնահերթ նպատակները։ Ինչպես ասում են՝ իրատեսական ծրագրերը ուշ կամ շուտ չեն լինում, դրանք լինում են ժամանակին»։

Դեսպան Անդրեյ Թուրները նշեց, որ այս համագործակցությունը կխթանի երկու կողմերի միջև փոխշահավետ կապերի ամրապնդումը և հատկապես նորարարության զարգացումը։

Հուշագիրը վավերացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և «Կանադա-եվրասիական առևտրատնտեսական պալատ»-ի նախագահ Վարդգես Ավագյանը։

Հուշագրի շրջանակում գիտական, տնտեսական հարաբերությունների և տեխնիկական համագործակցության ոլորտները կսահմանվեն՝ ելնելով գիտության, տնտեսական հարաբերությունների, տեխնոլոգիաների և նորարարության երկու կողմերի փոխադարձ հետաքրքրությունների շրջանակից և գիտական արդյունքների ներդրման անհրաժեշտությունից։ Համատեղ կկատարվեն հետազոտություններ, կմշակվեն և կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ։ Նախատեսվում է կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումների և գործնական վերապատրաստման միջոցով մասնագետների որակավորման բարձրացում։ Հուշագիրը գործելու է 5 տարվա ժամկետով, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։ 

13/05/2025

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության օրերս կայացած նիստը հաստատեց և համապատասխան հավաստագրեր տրամադրեց Քենիայում, Հյուսիսային Մակեդոնիայում,  Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԱՊ նորանշանակ ներկայացուցիչներին: Այս կառույցը մերօրյա բիզնեսում շատ կարևոր օղակ է արտերկրի հետ տնտեսական կապերը զարգացնելու և արտահանման աշխարհագրությունը ծավալելու գործում: Քենիայում գործելու է Տիգրան Արզումանյանը, Հյուսիսային Մակեդոնիայում՝ Ջորդան Գյորչևը, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Արթուր Դանիելյանը: Երեքն էլ բիզնեսի ոլորտում փորձառություն ունեցող գործարարներ են:

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նրանց հետ զրույցում և նիստի ժամանակ ներկայացրել է Պալատի հնարավորություններն ու ռազմավարությունը և հայ գործարարներին այդ երկրներում առավել արդյունավետ գործելու, նոր կապեր ստեղծելու և համատեղ ծրագրեր իրականացնելու փոխշահավետ կարևորությունը: «Մեր Պալատի կողմից դուք լիազորված եք ցանկացած բիզնես կառույցի հետ բանակցելու, քննարկելու նախագծեր, առաջարկելու գործակցության փոխշահավետ տարբերակներ և ձեռնարկելու կոնկրետ միջոցառումներ:- Պարզաբանել է Մարտին Սարգսյանը և հավաստիացրել,- Մեր Պալատը միջազգային բազմաթիվ գործարար կառույցների  է անդամակցում և անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև դիմել նրանց աջակցությանը»:        

Մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան, որը Եվրոպայի կենտրոնում է գտնվում, սահմանակից է հինգ երկրների և ունի իրատեսական հնարավորություններ հայ գործարարների մասնակցությամբ  միջազգային հանդիպումներ, բիզնես ֆորումներ, ցուցահանդես-տոնավաճառներ կազմակերպելու և նան նրանց արտադրանքը Հայաստանում ներկայացնելու առումով: Նախագահության անդամները ևս համոզմունք արտահայտեցին, որ ՀՀ ԱԱՊ-ի արտերկրյա ներկայացուցիչներ, արտահանմանը նպատակամիտված աշխատանքի և դիվանագիտական կառույցների հետ համատեղ գործակցելով, հայաստանյան շատ արտադրատեսակներ դրսի շուկայում կճանաչվեն և պահանջարկ կունենան: Արտահանումն է որոշում երկրի տնտեսական դիմանկարը:

Ռուսաստանի հյուսիսային նահանգների հետ գործակցության լայն հեռանկարներ կան մասնավորապես նախկին գործարար կապերը վերականգնելու և զարգացնելու առումով: Հատկապես ռուսաստանյան շուկաներում հայաստանյան գործարարները աշխատանքի հարուստ փորձ ունեն և կոնկրետ անմիջական շփումների ու հաղորդակցության  ժամանակ լեզվական խնդիրներ չկան: Հարկավոր է առաջին հերթին վերականգնել ավանդական կապերը:

Նշվեց, որ Քենիայի ներկայացուցիչն արդեն ստեղծել է գրասենյակային հարմարավետ պայմաններ, լուծել մասնագետների ընտրության հարցը և ծրագրեր է նախապատրաստում: Անշուշտ հատկապես փոխադարձ տուրիզմը զարգացնելու հնարավորությունները ինքնին առկա են:

Պարոն Մարտին Սարգսյանը, որպես մեկնարկային քայլ, կարևորեց ինֆորմացիոն բավարար բազայի ստեղծումը,  հանդիպումների միջոցով փոխվստահության ամրապնդումը, շուկաների ճանաչողությունը և համագործակցության ոլորտների առաջնահերթությունը: Նա մասնավորեց. «Բիզնեսի ոսկե կանոններից մեկը ճիշտ նախապատրաստման և հիմնավորված իրատեսական մեկնարկն է, գործարքի շարունակականության գրավականը: Ժողովուրդն ասում է՝ տասը չափիր, նոր մեկը ձևիր: Շատ բիզնեսներ կեսից ընդհատվում են ավելորդ շտապողականության պատճառով: Ճշմարիտ բիզնեսը հիմնվում է սեփական հնարավորություններն ու ցանկությունները համադրելով»: Պարոն Սարգսյանը հավաստեց, որ Պալատը պատրաստ է հնարավորինս զորակցելու համագործակցության ցանկացած ծրագրի իրականացմանը, ինչը մեր տնտեսական վերընթացի կարևոր գումարելիներից է:

07/05/2025
2025 թվականի մայիսի 6-ին Երևանում կայացած հայ-վրացական գործարար համաժողովը, որն իրականացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ առևտրաարդյունաբերական Պալատի համատեղ ջանքերով, ծառայեց որպես արդյունավետ հարթակ՝ երկու երկրների գործարար համայնքների միջև ուղղակի երկխոսության և գործնական կապերի խորացման համար։ Ողջունի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Միջոցառման մոդերատորը ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Կարեն Իվանովն էր, ով իր բացման խոսքում նշեց, որ նման ձևաչափով միջոցառումները ոչ միայն խթանում են տնտեսական ակտիվությունը, այլև ձևավորում են երկկողմ վստահության և գործընկերության ամուր հիմքեր։ Նա ընդգծեց, որ ԱԱՊ-ը պատրաստ է շարունակել աջակցել հայ-վրացական գործարար կապերի կայուն և արդյունավետ զարգացմանը։
ㅤㅤ
Տեղի ունեցան B2B ձևաչափով ակտիվ հանդիպումներ, որոնց մասնակցեցին երկու երկրների շուրջ 180 գործարարներ՝ ներկայացնելով մի շարք ոլորտներ, այդ թվում՝ սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, , լոգիստիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ և էներգետիկա։
ㅤㅤ
Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին գործարարներին՝ փոխանակելու շուկայի վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացնելու իրենց ընկերությունները և ապրանքները, գտնելու նոր գործընկերներ, նախանշելու ապագա համագործակցության ուղիներ, և պայմանավորվելու կոնկրետ համատեղ նախագծերի շուրջ։
ㅤㅤ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը բարձր է գնահատում նման միջոցառումների դերը, որոնք նպաստում են ոչ միայն տնտեսական համագործակցության խորացմանը, այլև Հայաստանի և Վրաստանի գործարար համայնքների միջև վստահության ամրապնդմանը։
ㅤㅤ
Պալատը շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով խթանել հայկական բիզնեսի մրցունակությունը և վերածել տարածաշրջանային հնարավորությունները գործնական արդյունքների։
02/05/2025

2025 թ. ապրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը Թեհրանում անցկացվող «Իրանի արտահանման հնարավորությունները» ամենամյա խոշորագույն ցուցահանդեսի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել էր հայ գործարարների պատվիրակության մասնակցությունը։

Պատվիրակությունը, որը բաղկացած էր 10 գործարարներից, ձևավորվել էր ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանի նախաձեռնությամբ և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Հայ գործարարները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ այդ թվում սննդամթերքի և կենցաղային ապրանքների ներմուծում, փայտամշակման արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլ ոլորտներ։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին հաջողվեց ձեռք բերել համագործակցության պայմանավորվածություններ բժշկական տուրիզմի ուղղությամբ։ Այցի ընթացքում նաև կազմակերպվեց ընդունելություն Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Պատվիրակության անդամները հաջողությամբ հաստատեցին նոր գործնական կապեր, անցկացրին նախնական բանակցություններ և ձևավորեցին հետագա աշխատանքային հանդիպումների գրաֆիկ՝ նպատակ ունենալով զարգացնել հայ-իրանական տնտեսական համագործակցությունը։

30/04/2025

2025 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի և Յուգրայի շրջանային ԱԱՊ խորհրդի նախագահ Ալֆիա Պավկինայի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտահանման և ներմուծման ներուժը, ինչպես նաև հայ-ռուսական համատեղ առևտրաշահառու կազմակերպությունների ստեղծման հնարավորությունները։ Քննարկվեց նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության հեռանկարը՝ հաշվի առնելով Յուգրայի շրջանի կլիմայական առանձնահատկությունները։

Կողմերը ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ՝ Սուրգուտ քաղաքում Հայաստանի Առևտրի տան բացման վերաբերյալ։ Բացի այդ, սահմանվեց աշխատանքային հանդիպումների ժամանակացույց՝ համագործակցությունը շարունակական և արդյունավետ դարձնելու նպատակով։

Այս հանդիպումը կարևոր քայլ է հայ-ռուսական տնտեսական կապերի ամրապնդման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։

29/04/2025

Կայացավ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահության խորհրդի նիստը։ Բացման խոսքով հանդես եկավ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով կարևորեց պալատի ակտիվ ներգրավվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում՝ ընդգծելով մասնավոր հատվածի հետ համագործակցության նշանակությունը։

Նիստի ընթացքում ներկայացվեցին նախորդ երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև առաջարկվեցին առաջիկա երեք ամիսների համար նախատեսվող միջոցառումների ծրագրերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային պալատների ակտիվության բարձրացմանը և համայնքներում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

Նիստին իրենց ելույթներով հանդես եկան Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Հովակիմյանը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանը և Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը և Արմավիրի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Սարգսյանը։ Նրանք ներկայացրին իրենց կողմից ղեկավարվող մարզերում իրականացվող ծրագրերը, առկա մարտահրավերները և առաջիկա համագործակցության հնարավորությունները :

Նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց և հանձնեց Կարեն Գոմցյանի  «Ոսկե մեդալ» շքանշանը ՝ ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում ցուցաբերած առանձնահատուկ ջանքերի համար։ 

Քննարկվեց նաև սույն թվականի հունիս ամսին նախատեսվող գործարար այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կանցկացվեն մի շարք հանդիպումներ ամերիկյան գործընկեր կազմակերպությունների հետ։ Այցի նպատակն է խթանել հայ-ամերիկյան տնտեսական կապերը, ներկայացնել հայկական բիզնես միջավայրը, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցության հարթակներ՝ ուղղված արտահանման ընդլայնմանը և ներդրումային հոսքերի ներգրավմանը։

Նիստի ավարտին քննարկվեցին կազմակերպչական մի շարք հարցեր, և նախագահության անդամները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու գործարար համագումարների ակտիվացմանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջազգային ներկայացուցիչների թեկնածությունները Հյուսիսային Մակեդոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում (Սանկտ Պետերբուրգ) և Քենիայի Հանրապետությունում։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին թեկնածուների մասնագիտական փորձը, գործունեության ռազմավարական ուղղությունները և գործակցության հնարավորությունները տվյալ երկրներում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնմանը և հայկական բիզնեսի արտահանման ներուժի զարգացմանը։ 

Նիստին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գլխավոր պատվավոր հյուպատոս Իգոր Տիտովը։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Պարոն Տիտովը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ նշելով, որ Պալատի հարթակը կարող է արդյունավետ հարթակ դառնալ երկկողմ գործարար կապերի ընդլայնման համար։ Մասնակիցները անդրադարձան նաև համատեղ արդյունաբերական և ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին։

07/04/2025
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Եթե աշխարհի կառավարման բանալին հիմնականում տղամարդկանց ձեռքում է, ապա երջանկության բանալին կանանց ափերի մեջ է: Կինն է գեղեցկացնում կյանքը, սեր ու ոգեղեն ուժ տալիս տղամարդուն, նրանց մղում հերոսական արարքների, շենացնում հայրենիքը, իր օջախը:
Քանի հազար տարի պոետների մուսան կինն է, պոեզիայի թագուհին... Եթե տասնամյակներ առաջ կինը հատկապես կրթության ու առողջապահության ոլորտում էր լիդեր, ապա այսօր այլևս չկա կարծրատիպը: Կինն արդեն բիզնեսում էլ արժանապատիվ դերում է, ստեղծում է աշխատատեղ և բարիք: Եթե պատերազմների ժամանակ կինը զինվորին սպասող մայր էր ու ամուսին, այսօր արդեն բանակում կինն էլ իր կենսագրությունն է կերտում՝ Մայր Հայրենիք...
Մայրը սիրո, խաղաղության, բարության և արժանապատվության աչքերով է նայում աշխարհին և կամենում, որ մայրական սրտով ու կամեցողությամբ գրվեն բոլոր սահմանադրություններն ու օրենքները, որ միշտ արդարություն լինի աշխարհում:
Երանի շուտ գա այն օրը, երբ Հայաստանում էլ մայրը առավոտյան իր ընտանիքի անդամների ուրախությամբ ուղարկի արժանապատիվ աշխատանքի, ժպիտով դիմավորի բանակից վերադարձող հաղթանակած զինվորին, ապրի այնպես, ինչին արժանի է նա: Սիրելի կանայք, շնորհավորական խոսքս ընդունեք իբրև եղբայրական աղոթք Ձեզ համար...
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյան և ՀՀ ԱԱՊ Խորհուրդ
01/04/2025

2025թ. փետրվարի 4-6-ը Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և «Պրեմիում Ստոմ» մասնավոր կլինիկաների ցանցի նախաձեռնությամբ 16 հոգանոց պատվիրակությունը մասնակցեց Դուբայում անցկացված AEEDC 2025 միջազգային ցուցահանդեսին։ 

Հայաստանի ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանը, մասնակցելով ցուցահանդեսի աշխատանքներին, որը համախմբել էր 140 երկրների և ավելի քան 6000 համաշխարհային բրենդների, անցկացրեց բանակցություններ ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ստոմատոլոգիական միջազգային ցուցահանդեսների կազմակերպիչների հետ։ ԱԱՊ-ն այս միջազգային ծրագիրը իրականացնում է ամեն տարի՝ սկսած 2018 թվականից։

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաների ղեկավարները բանակցություններ վարեցին համաշխարհային բրենդների մատակարարման վերաբերյալ՝ քննարկելով նաև որոշակի արտադրանքի բացառիկ դիստրիբյուտորության հնարավորությունները։

AEEDC 2025-ը կարևոր հարթակ է նոր տեխնոլոգիաների, նորարարական լուծումների և միջազգային համագործակցության ընդլայնման համար, ինչը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի ստոմատոլոգիական ոլորտի զարգացման համար։ 

13/01/2025

Հունվարի 10-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության 2025 թվականի անդրանիկ նիստը, որը բնականաբար նախորդ տարվա հանրագումարն էր և առաջիկա անելիքների նախանշումները։ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նախորդ տարում կյանքից հեռացած Լոռու մարզի առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ Սամվել Նաջարյանի, Արագածոտնի մարզի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ղուկաս Հարությունյանի, ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավարներ Կիմ Գալոյանի և Ասքանազ Աբրահամյանի  հիշատակը։ Որպես տարեսկզբի մաղթանք՝ պարոն Սարգսյանը համառոտ ներկայացրեց․ «2025-ին շարունակվում են նախորդի մարտահրավերները, ուստի ընթացիկ տարում ուժերի առավել լարումով և նպատակամիտված պետք է աշխատենք, որոնենք արդյունավետության բարձրացման և հայրենական բիզնեսին զորակցելու նոր հնարավորություններ, ակտիվացնենք կապը արտերկրի գործարար կառույցների հետ, աջակցենք արտահանմանը և նոր շուկաների ներգրավմանը»։

Նախորդ տարվա արվածի հանրագումարը ներկայացրեց ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը՝ նշելով բազմաթիվ հանդիպումների ու միջոցառումների դրականը, միաժամանակ նաև բացթողումներն ու  դրանց օբյեկտիվ հիմնավորումները։

Բեռնափոխադրումների ինդիրների և նոր իրավիճաներում որոշ դրական սպասումների մասին հանգամանորեն ներկայացրեց ՀՀ ԱԱՊ նախագահի տեղակալ Կարեն Իվանովը։

«Պալատը պետք է լինի այն հարթակը, որտեղ բազմակողմ շահերը կհամապատասխանեցվեն։ Մենք պետք է նախաձեռնություն ցուցաբերենք մասնակցելու միջազգային նախագծերի։ Օրինակ՝ 2026-ին Հայաստանում կայանալու է կենսաբազմազանության միջազգային կոնֆերանս, որին Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է հանդես գալ նախաձեռնությամբ՝ մասնավորապես Սևանի խնդրի վերաբերյալ»,- նշեց Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Մասիս Սարգսյանը։

Խնդրի վերաբերյալ մարզային պալատի գործունեությունը առավել ակտիվացնելու առումով ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հավելեց․ «Ակտիվությունը և նախաձեռնողականությունը պետք է սկսվեն մարզային պալատներից, իսկ հանրապետական պալատը առանձնացնում ու նաև ընդհանրացնում է մարզայինների խնդիրները, զորակցում ծրագրերի իրականացմանը, հարկ եղած դեպքում ընդհանրական խնդիրները ներկայացնում համապատասխան ատյաններին»։

Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի, Ճապոնական «ՌՈՏՈԲՈ» ծրագրի վերաբերյալ ինֆորմացիա ներկայացրեց ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենի օգնական Լիլիթ Ասատրյանը։  

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանը հիշյալ խնդրի վերաբերյալ  առաջարկեց հատկապես մարզային պալատների ակտիվության բարձրացման նոր տարբերակներ և ծրագրեր մշակել։

Ծրագրերի առաջնահերթության կարևորությունը ընդգծեց ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը։

Անդրադառնալով արտաքին կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին Պալատի անդամ գործարար կանայք բազմաթիվ այցեր են կատարել արտերկիր, դրսի գործարարներին ներգրավել համատեղ ձեռնարկումներում, նոր կբիզնես կապեր ստեղծել»։

Նիստի ակտիվ քննարկումները և առաջարկություններն ամփոփեց և տարվա անելիքները համառոտակի նախանշեց ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը՝  «Նոր տարին նոր անելիքներ է հավելել, որոնց իրականացումը պահանջում է ուժերի առավել լարում և նպատակամիտված աշխատանք»։

24/12/2024

2024 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպել էր Ամանորյա նախատոնական երեկո նվիրված Հայաստանի գործարար կանանց։ Միջոցառման նախաձեռնողը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանն էր։ 

Տոնական հանդիպմանը ներկա էին կին ձեռներեցներ տարբեր ոլորտներից՝ բժշկություն, կրթություն, արտահանում և ներմուծում, կաթնամթերքի, քիմիական արտադրություն, զբոսաշրջություն, միջոցառումների կազմակերպում, իրավաբանական ու մարքեթինգային ծառայությունների մատուցում և այլն։ Միջոցառման մասնակից ընկերությունների ղեկավարները տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցում են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Գործարար կանանց աջակցման հիմնադրամի հետ։

Երեկոյի ընթացքում մասնակիցները տեղեկացան Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի 2025 թվականին նախատեսված նոր նախագծերին և նախաձեռնություններին։

Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով իր խորին շնորհակալությունը հայտնեց կին ձեռներեցներին՝ երկրի տնտեսական զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Նա իր խոսքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթեց բարգավաճում բիզնեսում, մասնագիտական ​​հաջողություններ և բարեկեցություն ընտանիքում։

21/11/2024

Հայաստանի Հանրապետությունում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն և Արտգործնախարարության Ամերիկյան երկրների վարչության բաժնի պետ Միքայել Տեր-Մինասյանը նոյեմբերի 20-ին այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կուբացի դիվանագետը ասաց՝ «Մենք գրեթե զրոյից ենք սկսում, և բնականաբար շատ կարևոր են առաջին քայլերը: Ուրախ եմ, որ Դուք վերջերս ընդունել եք Կուբայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնային ու արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ Դեբորա Ռիվաս Սաավեդրային: Որպես ելակետային քայլ համատեղ մշակում եք համագործակցության ծրագիր, պատրաստակամություն եք հայտնել հնարավորինս աջակցել: Ես շատ բարձր եմ գնահատում Ձեր բարի կամքի նման դրսևորումը և խոստանում  զորավիգ լինել համատեղ ծրագրերի իրականացմանը»:

ՀՀ  ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը  հավաստեց, որ համագործակցության առաջնային նախապայմանը իրոք բարի կամքի դրսևորումն է և հաջողության գումարելիներից մեկը: Պարոն Սարգսյանը առանձնապես կարևորեց, որ Հայաստանը Կուբայի գործարարների համար շահեկան հարթակ կարող է լինել ԵԱՏՄ շուկաներ մտնելու:

Նա նաև  հավելեց. «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը 20 ներկայացուցչություն ունի աշխարհի տարբեր երկրներում, առևտրային տներ, որոնք ցուցահանդեսներ և բիզնես ֆորումներ կազմակերպելու կարևոր օղակ են: Ցանկանում ենք նույնը կազմակերպել նաև Կուբայում, որը մեծապես նպաստելու է երկու երկրների գործարարների փոխճանաչողությանը, անմիջական տեղեկատվության փոխանակմանը: Անշուշտ համատեղ բիզնեսը սկսվում է նախ փոխադարձ ճանաչողությամբ»

Քննարկվեցին համագործակցության առավել հավանական ոլորտներն ու տարբերակները: Կուբայի դեսպանը գոհունակություն հայտնեց ջերմ հանդիպման համար՝ «Մենք հավատում ենք Ձեր բարի կամքին»:

28/10/2024

Այսօր հոկտեմբերի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին:

Նախագահը կարևորեց վերջինիս այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և առաջարկեց մշակել այնպիսի գաղափարներ, որոնք կարող են լավագույնս անդրադառնալ հետագա համագործակցության վրա:

Մարտին Սարգսյանը կարևորեց նաև դոկտոր Ալի Աբդուլքարեմի ջանքերը՝ երկու երկրների գործարարների միջև շոշափելի և գործնական կապերի հաստատման հարցում:

Մարտին Սարգսյանն առաջարկեց գործնական քննարկում իրականացնել Իրաքի առևտրաարդյունաբերական պալատի հետ, որպեսզի ավելի հանգամանալից և մանրամասն ուսումասիրվեն այն բացերն ու հնարավորությունները, որոնք ներկայումս առկա են երկու երկրների միջև գործարար և առևտրատնտեսական կապերի հաստատման և ընդլայնման համար:

Դոկտոր Ալի Աբդուլքարեմը իր հերթին կարևորեց առևտրաարդյունաբերական պալատի դերը երկու երկրների գործարարների միջև բարենպաստ և վստահելի կամուրջ հանդիսանալու հարցում, և հաստատեց պալատների միջև սերտ շփման և համագործակցության կարևորությունը:

Վերոգրյալի համաձայն դոկտոր Ալի Աբդուլքարեմը նախագահ Մարտին Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությամբ հրավիրեց Իրաքի Հանրապետություն:

24/10/2024

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա):

Պալատի Նախագահ Մարտին Սարգսյանը շնորհավորեց դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնեց, որ տիկին դեսպանի դերը երկու երկրների գործարարների միջև գործնական կապերի հաստատման և ընդլայնման հարցում մեծ և նշանակալից կլինի:

Տիկին դեսպանը նշեց, որ մեծ պոտենցիալ կա երկու երկրների միջև համագործակցության, տնտեսական և առևտրային կապերի ստեղծման և հաստատման համար, և պատրաստակամություն հայտնեց Գանայի գործարարներին փոխանցել Հայաստանի հնարավորությունների մասին տեղեկատվությունը:

Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ համատեղ ջանքերը կարող են հետագայում լավ խթան հանդիսանալ երկու երկրների գործարարների միջև կապերի ընդլայնման համար:

Մի շարք ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ:

03/10/2024

Իրանի Թավրիզ քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ Հայաստանի գործարարների հետ տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակով:  

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ Թավրիզի հետ գործակցությունը դեռևս գոհացնող չէ, բայց առկա են հնարավորությունները առավել ծավալելու համար: Պարոն Մարտին Սարգսյանը տեղեկացրեց. «Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ կարողանում է մեծ շուկա դուրս գալ: Հայաստանում կան նույն ոլորտի, բայց սահմանափակ կարողություններ ունեցող բազմաթիվ գործարարներ, որոնք միավորվելու դեպքում լուրջ հնարավորություններ կունենան մեծաքանակ արտահանումներ կատարել: Թավրիզցի գործարարները կարող են միանալ հայ գործընկերներին համատեղ ծրագրերի շնորհիվ դուրս գալ ԵԱՏՄ շուկա: Մեր Պալատը պատրաստ է ձեզ զորակցելու»:

ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Կարեն Իվանովը մտահոգությամբ նշեց, որ Իրանից մեծ քանակությամբ հումք է ներկրվում Հայաստան, բայց ցավոք չենք կարողանում արտադրողի հետ անմիջական կապ ստեղծել, իսկ միջնորդավորված կապը հանգեցնում է ինքնարժեքի բարձրացմանը: Միաժամանակ՝ Իրանում պետք է կազմակերպել փոխադարձ ճանաչողության ցուցահանդեսներ ու հանդիպումներ վստահելի գործընկերներ գտնելու համար: Որպես պատասխան այս մտահոգությանը՝ պատվիրակության ղեկավարը նշեց, որ մտադիր են առաջիկայում ճանաչողական ցուցահանդես կազմակերպել՝ հրավիրելու նաև հայաստանյան գործարարներին:

03/10/2024

Կուբայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնայի և Կուբայի արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ Դեբորա Ռիվաս Սաավեդրայի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱՊ կատարած այցը առաջինն էր: 

Պալատի նախագահը, իրենց ակնկալությունները ներկայացնելով, դիմեց ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին. «Ցանկանում եմ, որ Դուք առաջինը Կուբա բերեք հայաստանյան բիզնեսը»: Գոհունակությամբ ընդունելով գործընկերոջ մաղթանքը՝ պարոն Մարտին Սարգսյանը նշեց. «Սիրով պատրաստ ենք մեկնարկային առաջին քայլերն անել՝  երկու երկրներում էլ հիմնելու առևտրի տուն, ուր գործարարները կծանոթանան միմյանց արտադրանքներին և վստահելի գործընկերներ ձեռք կբերեն:

Տիկին Ռիվաս Սաավերդան տեղեկացրեց, որ առաջիկա նոյեմբերին առողջապահական ոլորտի միջոցառումներ են կազմակերպվելու, և ոլորտի հայաստանյան գործարարները կարող են մասնակցել: Միաժամանակ Կուբայի սռևտրաարդյունաբերական պալատի նախագահը  և  արտաքին առևտրի ու օտարերկրյա ներդրումների նախարարը ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին գործարար պատվիրակությամբ հրավիրեցին Կուբա համատեղ բիզնես ֆորում կազմակերպելու:

Թեև առաջին հանդիպումն էր, բայց անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:

02/10/2024

Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցության շրջանակներում Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ:

Պատվիրակության ղեկավար, Թեհրանի ԱԱՊ նախագահ Մահմուդ Նաջաֆին, ներկայացնելով իրենց Պալատի կարևորությունը Իրանի տնտեսական առաջընթացի գործում, մասնավորեց մի շատ կարևոր հեռանկարային խնդիր՝ Հայաստանի սահմանամերձ հատվածում արդյունաբերական քաղաք հիմնելու մտադրությունը:

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը գոհունակությամբ արձագանքեց այդ երկուստեք կարևոր ձեռնարկման մասին և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցելու իրանական կողմին:

Պարոն Նաջաֆին համոզմունք հայտնեց, որ Իրանը Հայաստանի տարանցիկ հնարավորություններն ու արտոնություններն օգտագործելով՝ կարող է ԵԱՏՄ անդամ երկրների պահանջները ամբողջությամբ բավարարել բազմաթիվ ոլորտներում: Թեհրանի Պալատի նախագահը նշեց, որ ժամանակն է Հայաստանում հիմնելու Իրանական ներկայացուցչություն և նույնը Հայաստանի համար Իրանում: Պարոն Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու կարևոր այդ կառույցի ստեղծման գործին:

«Հայէքսպերտիզա» կազմակերպության համասեփականատեր Էդուարդ Նանյանը կարևորեց մաքսազերծման արտոնությունների տրամադրման և գործառնական պարզեցումների  դերը արտահանումը առավել խթանելու նպատակով:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կոնկրետացրեց փոխգործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները:

Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլյա Գևորգյանը նշեց, որ Իրանում բազմաթիվ այցեր են կազմակերպել, ցուցահանդեսների մասնակցել և պատրաստ են Իրանում ծրագրեր իրականացնել տուրիզմի և բժշկության ոլորտներում:

Իրանական պատվիրակության ղեկավար Մահմուդ Նաջաֆին և ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

02/10/2024

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ճապոնական ընկերակցության (Japan Association for Trade with Russia and NIS, ROTOBO) տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի (Miki Wajima) և Մոսկվայի գրասենյակի ղեկավար Նաոյա Հասեյի (Naoya Hase) հետ։

Ռուսաստանի և նորանկախ պետությունների տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիման նախ ներկայացրեց ընկերակցության գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի միջնորդությամբ Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանցի (Network for Investment Environment Improvement) ստեղծման նախապատրաստական աշխատանքները: Վերջինս կծառայի երկու երկրների միջև գործարար միջավայրի բարելավմանը:

ROTOBO ընկերակցությունը ճապոնական խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեության  նպատակն է ընդլայնել առևտրային և ներդրումային հարաբերությունները Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության նորանկախ երկրների հետ:

Համագործակցության շրջանակներում գործընկեր երկրներում հիմնվում են քարտուղարություններ:Բացի քարտուղարությունից, ճապոնական կողմի կազմում են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, գործընկեր երկրներում Ճապոնիայի դեսպանությունները, Ճապոնիայի արտաքին առևտրի զարգացման կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովներ և այլն։

Երկրների միջև համագործակցության շրջանակը ներառում է՝ բիզնեսի առաջխաղացման ուժեղացում տարբեր գործունեությունների միջոցով, ինչպիսիք են բիզնես միջոցառումների կազմակերպումը, ներառյալ ֆորումները և սեմինարները, ցուցահանդեսներին մասնակցելը, բիզնես առաքելությունների պատվիրակումը կամ հյուրընկալումը և այլն:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեց համագործակցության առկա հնարավորությունների ճիշտ գնահատումը և կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը, ոչ միայն առցանց, այլև անմիջական շփումների միջոցով։

Համագործակցության շրջանակներում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԱՊ-ի և ROTOBO ընկերակցության միջև:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է ROTOBO քարտուղարությունը Հայաստանում: Համագործակցության ծրագրի հարցերով պատասխանատու՝ Իրմա Դպիրյան, [email protected], [email protected]:

 

16/09/2024

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» կազմակերպության համատեղ ցուցահանդեսները հայաստանյան և արտերկրի գործարարների համար ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կամուրջ են, համագործակցության հարթակ»-Մարտին Սարգսյան, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ։

Այս ծրագրային հիմնադրույթի տրամաբանության շրջանակներում էլ սեպտեմբերի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխատանքը սկսեց «FURNITURE EXPO 2024» ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 60 կազմակերպություն։ Ներկայացված են ոչ միայն կահույք արտադրող և ներմուծող կազմակերպությունները, այլ նաև հարակից բոլոր ոլորտները՝ սկսած ինտերերի պարագաներից մինչև կահույքագործության նյութեր։

Ցուցահանդեսի շրջանակում կկայանան B2B հանդիպումներ, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր։

Ցուցահանդեսի եզրափակիչ օրը՝ սեպտեմբերի 16-ին, կլինի ցուցահանդեսային տեսականու խաղարկություն։

02/09/2024

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ողջ կոլեկտիվը և նախագահությունը խորապես վշտացած են Լոռու առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ, ՀՀ ԱԱՊ նախագահության երկարամյա անդամ Սամվել Նաջարյանի մահվան կապակցությամբ և ցավակցում են Նաջարյանների ընտանիքին ու մերձավորներին:

Սամվել Նաջարյանը տասնամյակներ շարունակ եղել է արտադրության հմուտ կազմակերպիչ, ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և նպաստել հանրապետության տնտեսական առաջընթացին: Որպես մարզային Պալատի նախագահ՝ մշտապես նպաստել է Լոռու գործարարների ուժերի ու հնարավորությունների համախմբմանը, զորակցել է երիտասարդ գործարարներին, կազմակերպել ցոուցահանդեսներ և բիզնես ֆորումներ, մարզային գործարարներին աջակցել ստեղծելու արտաքին կապեր և համատեղ ծրագրեր իրականացնել:

Սամվել Նաջարյանը արժանապատիվ քաղաքացի էր, հրաշալի ընկեր ու ընտանիքի օրինակելի հայր, անսպառ հումորով ու յուրահատուկ կոլորիտով անձնավորություն, ում հնարավոր չէ մոռանալ: Բարի հիշատակ հրաշալի հայորդուն:

ՀՀ ԱԱՊ նախագահություն

09/08/2024

Սույն թվականի հուլիսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանում և Վրաստանում ոչ ռեզիդենտ Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության Ժամանակավոր Հավատարմատար Թամեր Ղալիին:  Նախագահը ներկայացրեց հայ գործարարներին հետաքրքրող համագործակցության հնարավոր ծրագրեր, իսկ Տամեր Ղալին նշեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության տնտեսական առաջնահերթությունները: Երկուստեք կարևորեցին փոխայցելությունների, բիզնես ֆորումների և ցուցահանդեսների նշանակությունը:

Քննարկվեցին շարք գործնական հարցեր՝  երկու երկրներում  գործարար կապերի ամրապնդման ու բարելավման խթանման վերաբերյալ: Պալատի նախագահը նշեց, որ Հայաստանը կարող է բիզնես հարթակ դառնալ երրորդ երկրներ դուրս գալու համար: Այդ գործում շատ կարևոր է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի դերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչ տարվա վերջ հրավիրել Հայսատան Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ գործարար պատվիրակությամբ:

02/08/2024

Հուլիսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Տոգոյի ԱԳ նախարարության միջազգային համագործակցության վարչության  պետ Մալեմդա Քամելեին և Գերմանիայում Տոգոյի դեսպանության առաջին խորհրդական Աբդուլ Քահարուին: Հանդիպման ընթացքում քննարկվեցիք երկուստեք շահագրգիռ հարցեր և նախագծեր:

Քանի որ սույն թվականի սեպտեմբերին Հայաստան գործնական այցով ժամանելու է Տոգոյի Հանրապետոււթյան Արտաքին գործերի նախարարը, ուստի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ցանկություն հայտնեց նույն այցի շրջանակներում հրավիրել Հայատան Տոգոյի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին:

Հանդիպման ընթացքում հնարավոր կլինի  իրականացնել առավել շոշափելի և հեռանկարային քննարկումներ, որոնք էլ իրենց հերթին դրական ազդակ կունենան երկու երկրների գործարարների միջև կապերի հաստատման և բարելավման համար:

01/08/2024

Հուլիսի 29-ին առցանց հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Կուբայի Առևտրի պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնայի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք խթան կարող են հանդիսանալ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի բարելավման և ամրապնդման համար:

Համագործակցության առավել հեռանկարային և կարևոր ոլորտներից ընդգծվեցին գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները և արևային էներգիան:

Կուբայի Առևտրի պալատի նախագահը՝ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնան հրավիրեց Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանին՝ իր գլխավորած գործարար պատվիրակությամբ, մասնակցելու «Հավանայի միջազգային տոնավաճառ»-ի 40-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերին:

Երկու երկրների Պալատների նախագահները ընդգծեցին գործարարների միջև ավելի հաճախ և գործնական հանդիպումների կազմակերպման դերն ու կարևորությունը: Քննարկվեց նաև սույն թվականի սեպտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրասիական Տնտեսական Միության Ֆորումի շրջանակներում հանդիպումներ ու քննարկումներ իրականացնել Կուբայից ժամանած պատվիրակության անդամների և գործարարների հետ:

20/05/2024
Ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի ուղղաթիռի կործանման ողբերգական լուրի մասին:
ㅤㅤ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը, Խորհրդի անդամները՝ նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ձեզ, Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:
ㅤㅤㅤ
Այս վշտի ժամին կիսում ենք եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու հայտնում մխիթարություն և համբերություն զոհվածների ընտանիքներին:
 
_____
 
ՀՀ ԱԱՊ նախագահ
Մարտին Սարգսյան
29/04/2024

Ապրիլի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսին։ Հյուրը նախ ներկայացրեց իրենց կառույցի գործառույթները։ Պալատը սերտորեն գործակցում է 170 բիզնես ասոցիացիաների հետ, ընդհանրացնում է գործարարության խնդիրները և ներկայացնում կառավարությանը։ «Կիպրոսում ապրում է ընդամենը 1 միլիոն մարդ, Հայաստանից էլ քիչ, բայց ունենք հայկական ուժեղ համայնք, որը հրաշալի կամուրջ կարող է լինել հայ-կիպրական բիզնեսը ակտիվացնելու գործում։ Կիպրոսում համախառն ներքին արդյունքի գրեթե 80 տոկոսը ապահովում են ծառայությունները, բայց միաժամանակ առանձին արտադրատեսակներ արտահանում ենք աշխարհի շատ երկրներ,-նշեց կիպրոսցի հյուրը։ -Զարգացած է հատկապես տուրիզմը։ Գիտենք, որ Հայաստանում տուրիզմի ոլորտում աչքի է ընկնում մասնավորապես բժշկական տուրիզմը, որի ուղղությամբ սիրով կհամագործակցենք։ Ցանկանում ենք գործակցել նաև ծրագրավորման ոլորտում և պատրաստ ենք գրասենյակներ տրամադրել հայաստանցի մասնագետների համար։ Մտադրություն կա Հայաստանում բացելու Կիպրոսի դեսպանություն»։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը որպես առաջնային քայլ կարևորեց համագործակցության առկա հնարավորությունների ճիշտ գնահատումը և ինֆորմացիայի փոխանակումը հեռահաղորդակցության և հատկապես անմիջական շփումների միջոցով։ «Մենք պատրաստ ենք գործարար պատվիրակությամբ, նախապես կազմած ծրագրերով և արտադրանքների ցուցադրական նմուշներով, այցելել Կիպրոս և կոնկրետ խնդիրներ քննարկել։ Շահեկան կլինի Կիպրոսում ստեղծել արտահանման հայկական կոնսորցիում, որը կնպաստի երկու երկրներին երրորդ երկիր դուրս գալու գործին»,- նշեց պարոն Անդրանիկ Ալեքսանյանը։

Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսին առաջարկեց մասնակցել Կիպրոսում առաջիկա մայիսին կայանալիք աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանող 8000 գործարարների մեծ համաժողովին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

  

12/04/2024

Ապրիլի 11-ին Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Վարդգես Ավագյանը, Կանադայի Եվրասիական առևտրի պալատի Վանկուվերի մասնաճյուղի ղեկավար Տատյանա Դոմիլովսկայան և Հայ-կանադական գործարար խորհրդի մի շարք անդամներ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էին։

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նախ ներկայացրեց Պալատի գործառույթները և մասնավորապես արտաքին կապերը։ Նա  նշեց․  «Երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը դեռևս չի գոհացնում, բայց բարենպաստ պայմաններ կան այն զգալիորեն ավելացնելու։ Հայաստանը կանադական ընկերությունների համար հետաքրքրող շուկա է։ Հատկապես շահագրգռված են համագործակցել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, թանկարժեք քարերի ու մետաղների մշակման ոլորտներում»։

Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Վարդգես Ավագյանը հավաստիացրեց, որ դիվանագիտական կառույցները պատրաստ են զորակցելու համատեղ բիզնես ծրագրեր իրականացնող գործարարներին։

Տատյանա Դոմիլովսկայան տեղեկացրեց, որ Կանադայում առանձնակի ուշադրություն են դարձնում կանանց բիզնեսին և կրթական ծրագրերին,  ակտիվ կապերի մեջ են Եվրոպական երկրների հետ։ Նույն խնդրի առնչությամբ «Հայաստանի գործարար կանանց հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Լիլյա Գևորգյանը հավելեց, որ կրթության, ստոմատոլոգիայի, էսթետիկ բժշկության և տուրիզմի ոլորտներում կան ձեռքբերումներ և բավարար պայմաններ համագործակցելու կանադացի գործարարների հետ։

Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, խոսելով Եվրամիության հետ շուրջ 10 տարվա արդյունավետ համագործակցության վերաբերյալ, մասնավորապես առաջարկեց համատեղ շահագործել Հայաստանի տեքստիլ արդյունաբերության առանձին ֆաբրիկաներ։

Հանդիպման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց զորակցելու կանադացի գործարարներին համատեղ ծրագրեր իրականացնելու գործում՝ միաժամանակ կարևորելով փոխադարձ այցելությունների, գործարար ֆորումների և ցուցահանդեսների դերը։

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Տատյանա Դոմիլովսկայան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

  

09/04/2024
ՀՀ Առևտրաարդյունաբերկան պալատը /այսուհետ ՀՀ ԱԱՊ/ հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց /այսուհետ Կազմակերպություն/ համագործակցելու՝ Ապրանքի երկրի ծագման փորձաքննությունը իրականացնելու նպատակով։
ㅤㅤㅤㅤ
Փորձաքննությունը իրականացվում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի (հոդվածներ 14-20), ՀՀ կառավարության 30 դեկտեմբերի 2010թ․ թիվ 1772-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ-ի կողմից կնքված և վավերացված մի շարք միջազգային պայմանագրերի դրույթների հիման վրա։
ㅤㅤ
Բոլոր այն Կազմակերպությունները, որոնք կարող են մատուցել նշված ծառայությունները, ունեն համապատասխան մասնագետներ, կարող են դիմել ՀՀ ԱԱՊ հետևյալ եղանակներով՝
  •  Էլեկտրոնային հասցե՝ [email protected] 
  •  Գրությամբ՝ ք.Երևան, Խանջյան 11, ԱԱՊ
Նշված մասնագիտական ունակություններով կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր։
28/03/2024
EU4BCC նախագծի շրջանակներում սույն թվականի մարտի 17-ից 22-ը Բրյուսելում կայացավ ուսումնական այց նախատեսված բացառապես Արևելյան գործընկերության (ԱԼԳ) տարածաշրջանի բիզնեսին աջակցող կազմակերպությունների համար:
ㅤㅤㅤ
Միջոցառմանը մասնակցում էին ՓՄՁ-ներ, Բիզնեսին աջակցող կազմակերպություններ, Արևելյան գործընկերության Ազգային առևտրի և արդյունաբերության պալատների (ԱԱՊ) պատվիրակներ, որոնց թվում էր նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։
Eurochambres-ի և Եվրոպական հանձնաժողովի կողմից բիզնես քաղաքականության վերաբերյալ պատկերացումները հիմնական ուշադրության կենտրոնում էին, որոնք ընդգրկում էին ՝
  • Տնտեսական քաղաքականություն
  • ԵՄ միասնական շուկա
  • Բիզնեսի շահերի պաշտպանություն
  • ԵՄ-ում գործող BSO-ների շահերի պաշտպանության դերի վերաբերյալ եվրոպական որոշումների կայացման գործընթացներ։
08/03/2024
Սիրելի կանայք, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահության և խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում, որ գարնանային տրամադրությունը մշտապես ուղեկից լինի ձեզ աշխատանքում և կյանքում, որ հնարավորինս շուտ հրաժեշտ տաք բազմաբնույթ հոգսերին, որ ձեր ամենակարևոր հոգսը ճշմարիտ քաղաքացի դաստիարակելը լինի, որ միշտ ուղեկից ու զորավիգ լինեք տղամարդկանց և ամուր ընտանիքներով, սիրով, ջերմությամբ ու համերաշխությամբ հզորացնեք ու ծաղկեցնեք Հայոց պետությունը:
Թանկագին մայրեր, անհուն երախտագիտություն և խոնարհում ձեզ հայ զինվոր դաստիարակելու և հատկապես արդեն հավերժության մեջ ապրող զինվորի մոր զսպված ցավն ու կարոտը արժանապատվորեն կրելու՝ վասն Հայրենիքի...
ㅤㅤ
Սիրելի կանայք, անկախ ամեն ինչից, այս տոնը նշելը բոլորիս համար նախ ձեր մեծ դերն ու ավանդը մեկ անգամ ևս արժևորելու, գնահատելու և խոստովանելու, որ հատկապես դուք եք հայկական ընտանիքի ավանդական դիմագիծը, արժանապատվությունը և ոգին պահողը, որ տղամարդիկ շատ մեծ պարտքեր ունեն մարելու ձեր լուռ տառապանքի համար:
ㅤㅤ
Կրկին շնորհավորում եմ, մեր սերն ու խոնարհումը ձեզ...
ㅤㅤ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ`
ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ
12/02/2024

Փետրվարի 6-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պաշտոնական այցով հյուրընկալեց  Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հայաստանում դեսպանություն հիմնելու և պարոն Էնդրյու Թըրներին արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու առիթով պատվարժան հյուրին շնորհավորեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով դեսպանության հիմնումը որակեց որպես կարևոր քայլ հայ-կանադական միջպետական հարաբերությունները  զարգացնելու գործում:

«Նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են ներկրումն ու արտահանումը, սակայն դա դեռևս գոհացնող չէ, մանավանդ որ կան համապատասխան ներուժ և չօգտագործված ռեզերվներ»,- նշեց պարոն Մարտին Սարգսյանը: Նա շեշտեց, որ փոխադարձ շփումների միջոցով հարկավոր է նոր բիզնես կապեր ստեղծել, կազմակերպել գործարար հանդիպումներ, ցուցահանդեսներ՝ ներկայացնելու ներդրումային հնարավորությունները: Բանախոսը նշեց, որ փոքր բիզնեսով մեծ ծրագրեր հնարավոր չէ իրականացնել, ուստի ուշադրությունը պետք է բևեռել հատկապես միջին բիզնեսին:  «Մեր Պալատը առևտրային բազմաթիվ  ներկայացուցչություններ ունի արտերկրում, որոնք ներկայացնում են հայաստանյան բիզնեսը, կազմակերպում փոխգործակցության հանդիպումներ: Կարծում եմ դա շահեկան կարող է լինել նաև Կանադայի համար: Պալատը անդամակցում է միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններին, ունի արբիտրաժային դատարան, տալիս է ապրանքի ծագման սերտիֆիկատ և բիզնեսմենին զորակցող այլ միջոցներ»,-հավելեց ՀՀ ԱԱՊ նախագահը:

«Մեր նպատակն է դեսպանության և Ձեր Պալատի համատեղ ուժերով մեկնարկային լուրջ քայլ կատարել բիզնեսի ոլորտում: Մենք պատրաստակամ ենք զորակցելու ցանկացած ծրագրի: Ուրախալի է, որ ապրիլին Հայաստանում կազմակերպվելու է կրթական ոլորտին վերաբերող ցուցահանդես, որը հրաշալի հնարավորություն է փոխադարձ ճանաչողության և վստահության ամրապնդման առումով: Բիզնեսին նպաստող գործոն են նաև Կանադայում հայկական հրաշալի համայնքն ու կայացած հայ գործարարները, որոնք համագործակցության և մերձեցման կամուրջ են:

«Քաղաքակիրթ բիզնեսի զարգացման համար դեռևս քիչ են նյութական միջոցները, ամենակարևորը բիզնեսի ոսկե կանոններին համահունչ աշխատանքները կազմակերպելն է՝ ճշմարիտ տեղեկատվություն, հանդիպումներ, անմիջական ճանաչողություն, սեփական և գործընկերոջ ծրագրերի և հնարավորությունների իրական գնահատում, վստահության ամրապնում և համարձակ մեկնարկ»-եզրափակեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

15/01/2024

Հունվարի 12-ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի առաջին նիստը առկա և հեռավար միասնական ռեժիմով։ Քննարկման խնդրո առարկան արվածի  հանրագումարն էր և ընթացիկ տարվա առաջնահերթ խնդիրների ամրագրումը։ 

Նիստը նախագահող ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, անդրադառնալով 2023-ի  բազմաբնույթ մարտահրավերներին, կարևորեց, որ առաջիկայում Պալատի հիմնական անելիքները վերաբերում են տնտեսական ոլորտում իրավիճակի կայունացմանը, արցախահայության հոգսերին  հնարավորինս զորակցմանը, արտահանմանն ու գործարարության հընթացս խնդիրների աջակցմանը։  

Ի թիվս այլ հարցերի՝ պարոն Սարգսյանը մասնավորապես նշեց․ «Այսօր տնտեսության ու մասնավորապես բիզնեսի զարգացման, արտահանման աշխարհագրությունը ծավալելու, արտերկրում նոր շուկաներ ստեղծելու և երկրի հզորացման ամենակարևոր  գործոնը դարձել է գիտությունը, որն էլ մեր գործարարների համար նոր արահետներ բացելու ամենաճշմարիտ ճանապարհն է։ 

Այսօր գիտությունն է լուծում բոլոր խնդիրները։ Այդ թեմայով մի կարևոր նկատառում՝ շատերը գրում են, որ երկրի հզորացման հիմնական գործոններն են բանակը, կրթությունն ու առողջապահությունը՝ զինվոր, ուսուցիչ, բժիշկ հենասյուները։ Կարծում եմ, որպես երկիրը պահողի, բարիք ստեղծողի և բարեգործություն կատարողի, հանուն հայ գործարարի բարոյական կերպարի ու վարկանիշի պետք է ավելացնել նաև գործարարությունը, բայց ամենասկզբում դնել գիտությունը։ Բնական է՝ առանց գիտության զարգացման այդ ոլորտներից ոչ մեկը չի կարող լիարժեք կայանալ, հետևաբար անհրաժեշտ է գերակայել և պատշաճորեն հանրայնացնել ժամանակին համահունչ գիտության գործոնը։ Չմոռանանք, որ զարգացման Արքիմեդյան հենման կետը գիտությունն է․․․»։

Որպես օրակարգային հիմնական հարց՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հանգամանորեն ներկայացրեց անցած տարվա արվածը՝ միաժամանակ շեշտելով իրավիճակից բխող ընթացիկ տարվա առաջնահերթությունները։

 ՀՀ ԱԱՊ գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը պարզաբանեց «ԱՏԱ Կառնետ» ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը՝ հիմնավորելով ՀՀ ԱԱՊ-ի համար նախընտրելի տարբերակը։

15/12/2023

Դեկտեմբերի 12-ին հեռավար ռեժիմով կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 21-րդ նիստը, որին մասնակցեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և փոխնախագահ Կարեն Իվանովը:

Քանի որ 2022 թվականին ԱՊՀ անդամ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդում նախագահում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, ուստի ընդհանրական ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԱՊ  նախագահ Մարտին Սարգսյանը, ով ներկայացրեց օրակարգային հարցերի վերաբերյալ իր դիտարկումները և առաջարկությունները: Նա մասնավորապես կարևորեց միասնական կայքէջի ստեղծումը, որով հնարավոր կլինի առավել արդյունավետ ու համագործակցված ներկայանալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

Քննարկվեցին հատկապես արտահանման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, բիզնես կապերը խորացնելու, նորարարության աջակցման, կլաստերային ու կոոպերացիոն կապերի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

 

21/11/2023

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, Հայաստանի գործարար կանանց աջակցության հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ձեռներեցների գործնական այց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Քիշ կղզի, 2019 թվականի ծրագրերի շարունակականության և Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի կին ձեռներեցների ասոցիացիայի հետ 2023 թվականի նոյեմբերի 5-9-ը ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Այցը կազմակերպվել է Քիշ կղզի ազատ տնտեսական գոտու գլխավոր տնօրեն պարոն Ռահիմ Սարհանգիի հրավերով։

Այցի ընթացքում տեղի ունեցավ «Kish Invex 2023» 10-րդ ամենամյա բազմապրոֆիլ միջազգային ցուցահանդեսը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ավելի քան տասը ձեռներեցներ Հայաստանից և Ռուսաստանից, ովքեր շահագրգռված էին Քիշ կղզու Ազատ տնտեսական գոտու ծրագրերի շրջանակներում ուղիղ կապեր հաստատելով և համատեղ ձեռնարկություններ բացելով։ Հանդիպումների և բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Իրանում մի շարք ծրագրեր իրականացնել 2024 թվականի ընթացքում:

Այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատին կից Հայաստանի գործարար կանանց աջակցության հիմնադրամի և Քիշի միջազգային համալսարանի (Թեհրանի մասնաճյուղ) միջև Հայաստանում և Իրանում կին ձեռներեցների համար կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

18/09/2023

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայացավ Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով, որի շրջանակներում ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր: Ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ընդգծելով մշտապես բիզնեսի կողքին գտնվելու և աջակցելու մեծ պատրաստակամությունը։

Այնուհետև տեղի ունեցավ ներդրումային B2B նիստը, որի ընթացքում ԱՄԷ ներդրողներին ներկայացվեցին հայկական ընկերությունների ներդրումային նախագծերը։

Նիստին հաջորդեցին արտահանման և առևտրի վերաբերյալ B2B հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ԱՄԷ խոշոր կազմակերպությունները, ինչպես նաև հայ արտահանողներն ու ներմուծողները։

13/09/2023

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների  արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով հյուրընկալվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում:  Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը բարեմաղթեց պաշտոնավարման ընթացքում  արգասաբեր աշխատանք՝ ի շահ  հայ-արաբական բարեկամական ու տնտեսական հարաբերությունների զարգացման:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գնահատվել է 317 միլիոն դոլար: Դրական ցուցանիշ է, որ վերջին տարիներին Հայաստանից ներկրման համեմատությամբ արտահանումն ավելացել է, բայց, ընդհանուր առմամբ, այն ծավալելու հնարավորությունները և ներուժը առկա են:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց համագործակցության բնագավառները՝ համատեղ բիզնես, գյուղատնտեսական ապրանքների մշակում՝ երրորդ երկիր արտահանելու համար, զբոսաշրջություն, բարձր տեխնոլոգիաներ, շինարարական արդյունաբերություն: Անդրադառնալով  Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման արտոնյալ ռեժիմին՝ պարոն Մարտին Սարգսյանը պարզաբանեց, որ ԱՄԷ գործարարները Հայաստանում համատեղ արտադրություններ հիմնելու դեպքում կարող են օգտվել արտահանման արտոնյալ պայմաններից, ինչը երկուստեք շահեկան է: ՀՀ ԱԱՊ նախագահը հույս հայտնեց, որ երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատներում գործարար խորհուրդների ստեղծումը էապես նպաստելու է բիզնես կապերի փոխադարձ աշխուժացմանը և ծավալմանը:

Պարոն Մարտին Սարգսյանը, որպես համագործակցության կարևոր պայման, հատկապես կարևորեց Աբու Դաբիից, Դուբայից և Շարժայից շաբաթական միջինը 14 ավիաչվերթի առկայությունը, ինչն արդեն զբոսաշրջության զգալի աճ է ապահովել:

Պալատին կից «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» -ի նախագահ Լիլյա Գևորգյանը հյուրին տեղեկացրեց, որ իրենց հիմնադրամը հանագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի Գործարար կանանց կոմիտեի հետ, իսկ ամիսներ առաջ տեղի է ունեցել հերթական գործարար հանդիպումը:

Դեսպանը խոստացավ ԱՄԷ-ում կազմակերպել երկու երկրների գործարար կանանց համաժողով՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համատեղ ծրագրերի իրականացման գործում:

04/09/2023

Սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Արզական բնակավայրում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության արտագնա հերթական նիստը՝ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանի նախագահությամբ: Նիստը ընթացավ առկա և օնլայն ռեժիմներով:

«Այսօր բիզնեսի օրախնդիրը արտահանման ծավալների մեծացումն է և արդյունավետության բարձրացմանը միտված  նորանոր կառույցների ստեղծումը»,- հանդիպման գլխավոր թեման և ծրագրի նախագիծը կարևորեց պարոն Մարտին Սարգսյանը:    

Արտահանմանը զորակցոող կառույցի ձևավորման նախագիծը հանգամանորեն ներկայացրեց Պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը՝ հընթացս պատասխանելով մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ մտահոգություններին: Թեմային առնչվող կարևոր դիտարկում արեց պարոն Մարտին Սարգսյանը՝ նշելով, որ արտաքին առևտուրը բնականաբար լիարժեք չի զարգանա, եթե չկանոնակարգվի ապրանքների և ծառայությունների ապահովագրման գործը: Դա համալիր աշխատանքի շղթայի  կարևոր օղակներից մեկ է:

Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հավելեց տարբեր երկրներում առցանց գրասենյակների հիմնումը և փոխկապակցված աշխատանքը: Արտաքին առևտրի ծավալման գործում կարևոր խնդիր համարվեց Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստումը և հաստատումը, ինչը ուղենշային և կանոնակարգող դեր կունենա: Նա առաջարկեց հարցը հանգամանորեն քննարկելու համար Պալատ հրավերել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին: Որպես այդ շղթայի կարևոր օղակ՝ պարոն Ալեքսանյանը նշեց Արաբական Միացյալ Էմիրություն-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատների միջև ազատ մասնակցությամբ գործարար խորհրդի ստեղծումը:

Նիստը նախագահող Մարտին Սարգսյանը Պալատին կից մշտական գործող արբիտրային հաստատության նախագահ Արտաշես Կակոյանի հետ  հեռահար տեսակապի հարցադրումներով ու պարզաբանումներով  ներկայացրեց այդ գործում առավել արդյունավետ և նախընտրելի առանձին տարբերակների մասին՝ մասնավորապես մինչև 5 միլիոն դրամի տնտեսական վեճերը արբիտրաժային վարույթում քննելու առավելությունը՝ արբիտրաժային վճիռները առանց առաջին ատյանների դատարանների հաստատմանը ներկայացնելու: Դա առավել արդյունավետ է հատկապես կարճ ժամանակում վճիռների արագ կայացմանը՝ առանց անցանկալի ձգձգումների: Միաժամանակ հարկավոր է մտահոգվել արբիտրաժային դատավորների պատրաստման և վերապատրաստման խնդիրներով:

ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը կարևորեց նախատեսվող կառույցի անդամակցության կարգը և ֆինանսավորումը: Առաջարկություններ եղան նաև մոնիտորինգի, էլեկտրոնային առանձին կայքէջի ստեղծման և այլ հարցերի վերաբերյալ:

Նիստի ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մասնակիցների հավանությանը արժանացնելու նպատակով արտահանմանը աջակցող կառույցի ստեղծման նախագիը դրեց քվեարկության, ինչը անցավ  միաձայն:

06/06/2023

Սույն թվականի մայիսի 25-ին Թբիլիսի քաղաքի Տեխնոպարկի շենքում կայացավ Հայ-վրացական գործարար կանանց ֆորում: Ֆորումին մասնակցել են 14 ընկերություններ Հայաստանից և ավելի քան 20 ընկերություններ Վրաստանի տարբեր շրջաններից: Հայաստանի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն-հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը:

Երկուստեք ներկայացվեցին կին ձեռներեցների ընկերությունների և ծառայությունների շնորհանդեսներ: Ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև փոքրիկ ցուցահանդես, որտեղ մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնել իրենց արտադրանքն ու ապրանքները:

B2B-ի ընթացքում հայ-վրացական ֆորումի մասնակիցները փոխանակվել են կոնտակտներով, և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս տարվա աշնանը առաջիկա միջոցառումների անցկացման վերաբերյալ:

26/05/2023

Մայիսի 26-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը բազմաթեմա օրակարգով:

Նիստի սկզբում Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արագածոտնի մարզային պալատի նախագահ, բազմավաստակ գիտնական և հրաշալի ընկեր Ռուբիկ Սարգսյանի հիշատակը, ով անուրանալի ավանդ ունի համակարգի կայացման և զարգացման գործում: Այնուհետև պարոն Սարգսյանը ներկայացրեց մի շարք օրախնդիր հարցեր, որոնցից մի քանիսը առաջնահերթ ներառվել են օրակարգում: Նա մասնավորապես կարևորեց մարզային պալատների գործունեության ակտիվացումը և ինտեգրացումը, ինչին վերաբերում են նիստի օրակարգային հարցերը:

Որպես այդպիսի կարևոր գործոն ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը մասնավորեց ապրանքների ժամանակավոր ներմուծման միջազգային Ատա կառնետ համակարգի կիրառումը, որը հնարավորություն կտա ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ զերծ մնալ  մաքային խնդիրներից: Դրա շնորհիվ գործարարը կարող է ցանկացած քանակի ապրանք առանց մաքսային կամայականությունների ժամանակավոր արտահանել իր նախընտրած երկիր այն պայմանով, որ նույնությամբ ետ կվերադարձվի նախկին հասցեին: Խախտումների դեպքում պատասխանատվությունը կրելու է առևտրաարդյունաբերական պալատը: Հետևաբար հարկավոր է ապահովել վստահելի գործընկերության հանգամանքը՝ միաժամանակ համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ: Նշվեց, որ ժամանակավոր արտահանումը վերաբերում է բոլոր երկրներին,  պալատը մանրամասների մասին իրազեկելու է իր բոլոր անդամներին:

Պարոն Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի՝ GSP+ ծրագրի Հայաստան-ԱՄՆ շրջանակներում ամերիկյան կողմը նախատեսել է շուրջ 3500 անուն ապրանքների համար հայաստանյան գործարարներին տալ արտահանման արտոնություն որոշակի պայմաններով: Առաջիկայում կլինեն անհրաժեշտ  հստակեցումներ և մանրամասների ճշգրտում, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում կլինի նաև լիզինգից օգտվելու հնարավորություն:

Պալատի գործադիր տնօրենը ներկայացրեց նաև EACarea.com էլեկտրոնային հարթակից օգտվելու շահեկանությունը, որը նպաստելու է մասնավորապես մարզային պալատների ինտեգրմանը: Այդ խնդրի վերաբերյալ կարևոր մանրամասներ հաղորդեց կայքի հիմնադիր Արտակ Եղիազարյանը: Կայքում ներառված են բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները, գրանցվելու են ապրանքատեսակները, ինչը լիարժեք ցուցադրելու համար կան բոլոր տեխնիկական պայմանները: Դա կարևոր առավելություն ունի՝ բիզնեսմենը պոտենցիալ գործընկերոջ հետ կարող է անմիջականորեն առնչվել և խնդիրները օպերատիվորեն լուծել: Նշվեց նաև կարևոր մի հանգամանք՝ ապրանքի էջին պետք է լինի ՀՀ ԱԱՊ-ի լոգոն, որ գործարարը իմանա տվյալ բիզնեսմենի հուսալի գործընկեր լինելու մասին: ՀՀ ԱԱՊ նախագահը հավելեց, որ այդ հարթակը կարող է ծառայել նաև Սփյուռքի գործարարների համար՝ մեծացնելով բիզնեսի կապերն ու աշխարհագրությունը:

ՀՀ ԱԱՊ գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ամփոփեց Եվրոպական ծրագրերը՝ գոհունակություն հայտնելով հատկապես սննդի և տեքստիլի ոլորտում մոնիտորինգային հաջող գործակցության մասին: Պալատը հաջողությամբ գործակցել է բիզնեսին առնչվող բազմաթիվ ասոցիացիաների հետ:

Նիստի ավարտին ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հատկապես կարևորեց մարզային պալատների գործունեության խթանումը և ներմարզային տնտեսական կապերի ծավալումը:

 

24/02/2023

Փետրվարի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ առևտրարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում քննարկում Իրական շահառուների հայտարարագրման թեմայով։ 2023 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են բացահայտել և հայտարարագրել իրենց իրական շահառուներին։ Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Հայտարարագիրը չներկայացնելու և ոչ պատշաճ ներկայացնելու համար սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։

Հանդիպման նպատակն էր հնարավորություն տալ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին համատեղ քննարկելու իրական շահառուների հայտարարագրմանն առնչվող խնդիրները։

«Գործընթացը նոր է, տարբեր խնդիրներ կան, ու մենք, որպես բիզնես համայնքի շահերը պաշտպանող կառույց, կարևորում ենք այս հանդիպումը հենց բիզնեսի կողմից հայտարարագրման գործընթացին առնչվող խնդիրները քարտեզագրելու և դրանց լուծմանն ուղղված համատեղ տարբերակներ մշակելու տեսանկյունից»,- իր ելույթում նշեց ՀՀ Առևտրարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։

Հանդիպման առաջին հատվածում ԻԱԿ-ի հետազոտող Հարություն Ծատրյանը ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացված «Իրական շահառուների հայտարարագրման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա» թեմայով հետազոտության նախագծի արդյունքները։

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու հայտարարագրման գործընթաց իրականացնող լիազոր մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանին։

Տիկին Իսկանդարյանը ներկայացրեց հայտարարագրման ընթացակարգի փուլերը, հուշեց՝ որտեղ կարելի է գտնել թեմային առնչվող ուղղորդող նյութեր, պատասխանեց ներկաների հարցերին։

Հայտարարագրմանն առնչվող հիմնական հարցերի պատասխանները կարելի է գտնել Պետական ռեգիստրի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Հայտարարագրման կարգին կարելի է ծանոթանալ նաև հատուկ այդ նպատակով պատրաստված տեսանյութ-ուղեցույցների միջոցով։

 

20/02/2023

2023 թվականի փետրվարի 7-9-ը տեղի ունեցավ հայկական պատվիրակության պաշտոնական այցը ԱՄԷ։ Այցի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում էր ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին։ Պատվիրակության ղեկավարն էր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, Հայաստանի գործարար կանանց աջակցության հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը։ Գործնական այցի շրջանակներում պատվիրակության անդամները Դուբայում մասնակցել են Denta-2023 միջազգային ամենամյա ցուցահանդեսին, իսկ Էմիրությունների Առևտրի պալատի ֆեդերացիայում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։ Պատվիրակությունը ներկայացնում էին բժշկական ոլորտի ձեռներեցներ /ստոմատոլոգիա և մասնավոր լաբորատորիաներ/, ինչպես նաև կին ձեռներեցներ, որոնք ղեկավարում են այնպիսի բիզնես ոլորտներ, ինչպիսիք են սննդամթերքի արտադրությունը և արտահանումը, կաշվե իրերի արտադրությունը, դիզայնը, առողջապահական տուրիզմը և իրավաբանական խորհրդատվական ծառայությունները: Հայաստանի ձեռներեցներին հաջողվել է նոր գործարար կապեր հաստատել, բանակցություններ վարել, Դուբայում նոր բիզնես միջոցառումների հրավերներ ստանալ, փորձի փոխանակում կատարել։

13/02/2023

Փետրվարի 10-ին կայացավ ԵԱՏՄ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների Խորհրդատվական խորհրդի արտահերթ հեռավար նիստը: Օրակարգում ԵԱՏՄ շրջանակում արտադրական կոոպերացիաների առաջիկայում ֆինանսավորման աջակցության քննարկման արդյունքների և ԵԱՏՄ պալատների կոոպերացիայի աջակցության ֆինանսավորման Նախագծային գրասենյակի ստեղծման հարցերն էին:

Ողջունելով մասնակիցներին և արժևորելով արտահերթ նիստի կարևորությունը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԵԱՏՄ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը նախագահող Մարտին Սարգսյանը ողջունեց արդյունաբերությունում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման կայուն աղբյուրների առաջարկության և վերամշակման հարցում ռուսական կողմի նախաձեռնությունը: Նա բարձր գնահատեց ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությունը կոոպերացիայի ինտեգրացիոն նախագծերում հիշյալ խնդրին ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական գործակցության մոտեցումների և չափորոշիչների որոշակիացումը:

Պարոն Սարգսյանը միաժամանակ ընդգծեց. «Մենք, ինչպես նախկինում, այսօր էլ անհրաժեշտ ենք համարում բոլոր առևտրաարդյունաբերական պալատների, այդ թվում ԵԱՏՄ առանձին կառույցների ուժերի միավորումը և համագործակցությունը արդյունաբերական կոոպերացիաների պայմանների բարելավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերում ազգային միջոցառումների զորակցության ուղղությամբ»:

Պարոն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ներկայացվող չափորոշիչներով իրականացվելիք ծրագրերում փաստորեն արտոնվելու է միայն խոշոր բիզնեսի մասնակցությունը: Նա լիարժեքորեն հիմնավորեց իր առաջարկությունը. «Միաժամանակ պետք է կարևորեմ մոտեցումների և չափորոշիչների վերաբերյալ մեր առաջարկությունը, մասնավորապես՝ այնքանով որ ՀՀ ԱԱՊ-ի համար նպատակահարմար է լոբինգ անել փոքր և միջին ձեռնարկատիրության հետաքրքրությունները, մեր կարծիքով անհրաժեշտություն կա դետալային մոտեցման և առաջնահերթ ֆինանսավորման պայմանների վերանայումը,առավել ևս միջին արտադրական բիզնեսի, ինչը մեր կողմից առաջարկվել էր Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և ՌԴ ԱԱՊ-ի ֆինանսական համագործակցության նախագծերի ընտրության մի շարք չափորոշիչները փոխարինելու հնարավորությունը»: ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հիմնավորեց իր առաջարկությունը, որ 0,5 միլիարդ - 20 միլիարդ ռուբլու չափորոշիչով մասնակցության շեմը չի նպաստելու հատկապես միջին բիզնեսի զարգացմանը և այն պետք է իջեցնել մինչև 50 միլիոն ռուբլու չափով: Ուրախալի է, որ պարոն Սարգսյանի առաջարկած երեք կետերից երկուսը ընդունվեցին, որոնք պետք է ներկայացվեն Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի լրամշակմանը:

Նիստում չընդունվեց ԵԱՏՄ պալատների կոոպերացիայի աջակցության ֆինանսավորման Նախագծային գրասենյակ հիմնելու հարցը և որոշվեց աշխատել խմբային ձևաչափով, ինչը առավել արդյունավետ է և պարզեցված:

Պարոն Սարգսյանը ԵԱՏՄ անդամ երկրների ԱԱՊ-ներին առաջարկեց առավել արդյունավետ շարունակել տեղեկատվության պարբերական փոխանակումը, ինֆորմացիայի հավաքումն ու վերլուծությունը, ինչը մերձեցնող և առաջավոր փորձի փոխանակման կարևոր գործոն է: Նա հավաստիացրեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստ է մասնակցելու և զորակցելու ցանկացած ծրագրերի, որոնք ծառայելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործարարների մերձեցմանը և բարեկեցության հաստատմանը:

Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել 2023 թվականի հունիսի 7-9-ին:

30/11/2022

Սույն թվականի Նոյեմբերի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց ՀՀ-ում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սառա Ուոլշին (Sarah Walsh): Պարոն Ալեքսանյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն հայտնեց աջակցել Նոր Զելանդական կազմակերպություններին Հայաստանում ցանկացած տեսակի բիզնես գործունեություն ծավալելուն։ Տիկին դեսպանը կարևորելով երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումը նշեց, որ արդեն կա հետաքրքրվածություն որոշ ընկերությւոնների կողմից Հայաստանյան շուկա մուտք գործելու համար։  

Կողմերը մասնավորապես քննարկեցին համագործակցությունը հանքարդյունաբերության, սննդի և խմիչքի, գյուղատնտեսության, ջերմատների, արևային էներգիայի ոլորտներին առնչվող հարցեր։ Պայամանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս աշխատանքային կարգով շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև կնքել համագործակցության հուշագիր։ 

29/11/2022
Հայաստանում Էկվադորի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Ֆերնանդես Հոլգին Ֆլորենսը և Պատվո հյուպատոս Վահե Դարբինյանը նոյեմբերի 28-ին այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։ Նշվեց, որ Էկվադորը 17 մլն բնակչությամբ գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են ադամաթուզը (արտահանման ծավալով առաջինն է աշխարհում), սուրճը, կակաոն, բրինձը, մշակում են նաև հացահատիկային բույսեր, բանջարեղեն, շաքարեղեգ, բամբակենի և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ: Արդյունահանում են հատկապես նավթ, նաև պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ցինկ: Կան նաև սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: «Թեև Էկվադորն ու Հայաստանը արտահանման և ներկրման շատ ապրանքատեսակներ ունեն, բայց այսօր առևտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Խնդիրը հատկապես լոգիստիկ դժվարություններն են, փոխադարձ ճանաչողությունը, տեղեկատվական բազայի ստեղծումը և համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը»,- նշել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ «Հայաստան հիմնականում արտահանում ենք բանան և ծաղիկներ, իսկ էկվադորյան շուկան հայաստանյան բազմաթիվ ապրանքների կարիքն ունի»,- նշել է դեսպան Խուան Ֆերնանդես Հոլգին Ֆլորենսը։
 
Երկուստեք այն մտագությունն արտահայտեցին, որ առևտրաշրջանառությունը ավելացնելու համար հարկավոր է Հայաստանի միջոցով դուրս գալ երրորդ երկրներ և իրականացնել համատեղ ծրագրեր։ Պարոն Ալեքսանյանը, որպես մեկնարկային քայլ, կարևորել է հատկապես երկու պալատների միջև, որպես ծրագրային ուղեցույց, համագործակցության հուշագրի ստորագրումը։
 

 

05/10/2022
Սույն թվականի սեպտեմբերի 28-ին տեսակապով կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Բենինի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Առնոլդ Ակակպոյի հեռավար հանդիպումը:
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում Բենինի Հանրապետության դեսպանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները: Պայմանավորվածության շրջանակում կայացավ Հայաստանի և Բենինի առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հնարավոր ոլորտները և հեռանկարները: Նախագահներ Մարտին Սարգսյանը և Առնոլդ Ակակպոն ստորագրեցին համագործակցության հուշագիր
21/09/2022
Սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը շնորհավորեց դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հետ կապված հարցեր։ Դեսպանի նախաձեռնությամբ առաջիկայում երկու երկրների պալատների միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր։
21/09/2022
Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին։
 
Հանդիպմանը ներկա էր նաև արտահանում Հայաստանից փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Կարեն Մարտիրոսյանը։
 
Կողմերը քննարկեցին նախարարության և պալատի միջև փոխգործակցության ակտիվացման հեռանկարները՝ մասնավորապես տնտեսական դիվանագիտության ինստիտուտի կայացման և զարգացման համատեքստում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում իրականացնել համատեղ միջոցառում ՝ ներգրավելով շահառուների առավել լայն շրջանակ:
18/05/2022

Ապրիլի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Գյումրիում Գյումրու երիտասարդական պալատում կազմակերպել էր կլոր սեղան Շիրակի մարզի երիտասարդ ձեռներեցների համար՝ «Երիտասարդ ձեռներեցների հիմնախնդիրները» թեմայով: Հանդիպման սկզբում Պալատի գործառնությունների տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հանդիպման նպատակն ու օրակարգը՝ ընդգծելով, որ երիտասարդ ձեռներեցները տնտեսական կյանքի հիմնական շարժիչ ուժերից են, և որ երիտասարդ ձեռներեցների խնդիրները մշտապես գտնվում են օրակարգում։ Պալատ. Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Լուիզ Այվազյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը աշխարհում և Հայաստանում։ Պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը ներկայացրեց «Երիտասարդ ձեռներեցությունը Հայաստանում. «Միջազգային փորձը և հեռանկարները» շնորհանդեսը.

Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր բիզնեսին առնչվող խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում էին՝

  • Հայկական շուկայի փոքրությունը
  • Որակյալ մասնագետների բացակայություն (ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական):
  • Անբավարար աջակցություն և անարդյունավետ երկխոսություն տեղական իշխանությունների համար
  • Գիտելիքների և հմտությունների բացակայություն
  • Մատակարարում և լոգիստիկա
  • Տարածքային համաչափ զարգացում և պլանավորում
  • Արժույթի տատանումների հետ կապված ռիսկերը
  • Մի շարք ոլորտներում օրենսդրական բացերով

Հանդիպման ավարտին պարոն Ամիրյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ քննարկման համար և վստահեցրեց, որ պալատը կներկայացնի պետություն-մասնավոր հատված երկխոսության համապատասխան հարթակներում բարձրացված խնդիրները։

10/05/2022

Ապրիլի 7-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Դաննենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա): Նրան ընդունեցին Պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը: Դեսպանը ներկայացրեց Դոմինիկյան Հանրապետության տնտեսական զարգացածության մակարդակը և հնարավոր համագործակցության ոլորտները:

Դոմինիկյան Հանրապետությունը Կարիբյան ավազանի մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներից է՝ շուրջ 10 միլիոն բնակչությամբ: Նախկինում հատկապես զարգացած էր գյուղատնտեսությունը: Ներկայում, ազատ տնտեսական գոտու զարգացմամբ, արդեն գերակայում է արդյունաբերությունը: Երկիրը ունի նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարներ: Ունի 7 միջազգային օդանավակայան և արտահանման ու ներմուծման այլ ենթակառուցվածքներ: Խոսելով Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարի մասին՝ դեսպանը առաջինը կարևորեց ուղիղ ավիաչվերթի  ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ թեև Դոմինիկյան Հանրապետությունը տարածաշրջանում ամենաշատ գինիներ ներմուծող երկիրն է, բայցևայնպես ցանկանում են  ներմուծել հայկական բարձրորակ գինի ու կոնյակ:

Անդրանիկ Ալեքսանյանը, որպես գործակցության առաջին կարևոր քայլ, նշեց երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև հուշագրի ստորագրումը՝ արձանագրելով  առաջնահերթությունները: Իսկ որպես երկրորդ կարևոր քայլ՝ Վլադիմիր Ամիրյանը հավելելեց Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության հյուպատոս ունենալու գործոնը:

Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում լուծվելու են հիշյալ խնդիրները հենց հաջորդ հանդիպման ժամանակ:

10/05/2022

Սույն թվականի Մարտի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում «Արտահանման հնարավորությունները արդի պայմաններում»  խորագրով։ ՀՀ պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ հորդորելով կառուցողական քննարկում ծավալել արտահանման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները հստակեցնելու նպատակով: Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը բացման խոսքում ներկայացրեց օրակարգը և նշեց,  որ հանդիպման նպատակն է քննարկման արդյունքում ձևավորել հստակ առաջարկություններ, որոնք երկարաժամկետ կտրվածքով կնպաստեն արտահանման աճին։ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Կարեն Մարտիրոսյանը իր խոսքում ևս փաստեց, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք նմանատիպ քննարկումների արդյունքում պետք է դուրս բերվեն և համապատասխան լուծումներ ստանան։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող՝ Էդգար Մեհրաբյանը ներկայացրեց ՀՀ արտահանման կառուցվածքի և արտահանման հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցում էին շուրջ 25 արտահանողներ և ոլորտային փորձագետներ, ովքեր իրենց մտահոգությունները հայտնեցին արտահանման ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման իրենց առաջարկների մասին։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց լոգիստիկ խնդիրների, արտահանման մասնագիտական կառույցի, սերտիֆիկացման, տնտեսական դիվանագիտության, նպատակային շուկաների ճիշտ թիրախավորման, ռազմավարական առաջնահերթությունների սահմանման, հայկական արտադրանքի ճիշտ ներկայացման և բրենդինգի հարցերին։ Փորձագիտական ու գործարար հանրույթի հետ հետագա քննարկումների արդյունքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կձևավորի համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ պետական և մասնավոր հատվածին ներկայացնելու համար։

Նման ձևաչաով հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ներառելով նաև ՀՀ մարզերը։