Հայաստան–Քուվեյթ գործարար համաժողով

02/02/2026

Հունվարի 26-ին Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որին մասնակցել են երկու երկրների Առևտրի և արդյունաբերության պալատների ներկայացուցիչներ, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Համաժողովը կարևոր քայլ է հանդիսացել Հայաստան–Քուվեյթ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ստեղծելով նոր գործընկերությունների և երկարաժամկետ համագործակցության համար։ Միջոցառումը մեկ հարթակում է համախմբել պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ հնարավորություն տալով ներկայացնել համագործակցության առաջնահերթ ուղղությունները և փոխանակվել փորձով։

Միջոցառմանը ներկայացված էին բիզնես համայնքների ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախագծերը։ Երեւանյան նիստի նախապատրաստական փուլերի վերաբերյալ հարցերը նույնպես եղել են քննարկման առանցքում՝ այդ թվում՝ տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների շուրջ։

Համաժողովին մասնակցել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման և ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը։

Համաժողովը ձևավորել է ամուր հարթակ՝ երկկողմ առևտրատնտեսական դինամիկան ընդլայնելու, ներդրումային հոսքերը խթանելու և նոր համատեղ նախագծեր սկսելու համար։