Վստահելի գործընկեր

Ներկայիս արտաքին տնտեսական գործունեության բնագավառում մեծ կարևորություն ունի սուբյեկտների միմյանց նկատմամբ վստահելիության խնդիրը։ Հայաստանում գործող տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում ստանալ «Վստահելի գործընկեր» կարգավիճակը։ Հայաստանում նման կարգավիճակ շնորհող, ինչպես նաև անկողմնակալ մարմին է հանդիսանում առևտրաարդյունաբերական պալատը, որը վերլուծելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ տրամադրում է տեղեկատվություն տվյալ կազմակերպության վստահելիության վերաբերյալ։ Համաձայն «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և մարզային ԱԱՊ-ները իրականացնում են Վստահելի գործընկերների գրանցամատյանի վարման գործընթացը: Վստահելի գործընկերների գրանցամատյանում ներառվում են հայաստանյան շուկայում երեք տարվանից ոչ պակաս գործող և ՀՀ օրենսդրության համապատասխան իրենց գործունեությունը իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնք պատրաստ են իրենց ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացնել բաց տեղեկատվություն:

Վստահելի  գործընկերների գրանցամատյանում ընդգրկվելու կարգը  

Գրանցամատյանում ընդգրկվել ցանկացող տնտեսվարող սուբյեկտները, որոնց առանձնացված ստորաբաժանումները, ներկայացուցչությունները, մասնաճյուղերը և տարածքային կազմակերպությունները գտնվում են ՀՀ մի քանի մարզերում, ներկայացնում են հաստատված ձևի Հայտը Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ:Մնացած ձեռնարկությունները և անհատ ձեռնարկատերերը հայտերը ներկայացնում են  մարզային ԱԱՊ-ներ:
Հայտերի ընդունումն իրականացվում է ՀՀ կամ մարզային առևտրաարդյունաբերական պալատներում:

Դիմումին կից ներկայացվում են`

  • Գրանցամատյանում ընդգրկման համար ներկայացված վճարային ստացականը
  • Կանոնադրության պատճեն
  • Հիմնադրման մասնակիցների ընդհանուր ժողովի որոշման պատճեն կամ ստեղծման մասին որոշումը` վավերացված կազմակերպության կնիքով
  • Պետական  ռեգիստրի վկայականի պատճեն
  • Անձնագրի պատճեն և տեղեկանք բնակության վայրից
  • Գործունեության տեսակների համար արտոնագրերի պատճեներ
  • Նախորդող չորս եռամսյակի համար հաշվապահական հաշվետվություն` Ձև N1, N2, N3, N4, N5  (ըստ ընտրության),  հաշվեկշիռ` կից  նյութերի հետ միասին (հարկային մարմնի կողմից  վավերացված)
  • Բանկային հաշիվների բացման մասին տեղեկանք ` ֆիրմային բլանկերի վրա
  • Աուդիտորական եզրակացություն, եթե կատարվել է աուդիտորական ստուգում
  • Տնտեսվարող սուբյեկտի մասին լրացված հայտ (լրացվում է էլեկտրոնային տարբերակով)

 

Լրացում` պատճենները պետք է լրացված լինեն ղեկավար մարմնի կողմից կամ վավերացված լինեն կնիքով:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը 30 աշխատանքային օրվա ընթացքում քննում է ներկայացված փաստաթղթերը և ներկայացված պահանջներին դրանց համապատասխանության դեպքում տնտեսվարող սուբյեկտին ընդգրկում է Գրանցամատյանում:ՀՀ ԱԱՊ-ն սուբյեկտին է հանձնում հաստատված կարգի Վկայականը:Վստահելի գործընկերների գրանցամատյանում ներառված տնտեսվարող սուբյեկտը վեց ամիսը մեկ անգամ (ցանկության դեպքում նաև եռամսյակը մեկ) համապատասխան ԱԱՊ է ներկայացնում Գրանցամատյանում ընդգրկվելիս ներկայացվող փաստաթղթերում և նյութերում առկա փոփոխությունները (հիմնականում` միջանկյալ և տարեկան հաշվապահական հաշվեկշիռների վերաբերյալ): Տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ պահանջի չկատարման դեպքում նրան է ուղարկվում գրավոր ծանուցում: Եթե մեկ ամսվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը չի ներկայացնում վերոնշյալ տեղեկատվությունը, ապա հեռացվում է Վստահելի գործընկերների գրանցամատյանից: