Համաքայլ դեպի COP 17

03/03/2026

Երկրագնդի կենսոլորտը համայն աշխարհինն է, հետևաբար տարածքային լոկալ ցանկացած խնդիրը համաշխարհային մտահոգության առաջնային հոգսը պետք է լինի։ Ուստի վնասակար արտանետումների և շրջակա միջավայրի աղտոտման  դեմ պայքարը միասնական պետք է լինի, քանի որ  բնապահպանական խնդիրները հավասարապես բոլորին են վերաբերում։ Այդ մտահոգությամբ ստեղծվել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, բայց դրանք գործում են ոչ միասնաբար և փոխկապակցված, հետևաբար վիճակն աղետալի է դառնում ամբողջ աշխարհում։ Տեղային լոկալ քայլերը ամբողջական լուծում չեն դառնում։ Այդ մտահոգությամբ ՄԱԿ-ի շրջանակներում ձևավորվել են համապատասխան միջպետական գործընթացներ՝ բազմակողմանի պայմանագրերի՝ կոնվենցիաների ձևաչափով։ Սակայն դրանք գործում են ոչ միասնաբար, ինչը չի նպաստում գլոբալ նշանակության խնդիրների լիարժեք լուծմանը և առաջացնում տարբեր ուղղություններով գործընթացների միջև ՍԻՆԵՐԳԻԱՅԻ անհրաժեշտություն։ Այդ հարցում Հայաստանյան հանրային և գործարար հատվածների դիրքորոշումները հստակեցնելու, անելիքները համակարգելու նպատակով Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ փետրվարի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հրավիրած համաժողովին հանդես եկան նախաձեռնությամբ, ինչին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպությունների փորձագետներ ու մասնագետներ։

Հայաստանի և միջազգային  իրավիճակը ներկայացրեցին «Խազեր» հասարակական կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը և Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ  Մասիս Սարգսյանը։ Նրանք ներկայացրեցին ՄԱԿ-ի շրջանակներում Ռիո-կոնվենցիաների («Կլիմայի փոփոխության մասին», «Կենսաբազմազանության մասին», «Անապատացման դեմ պայքարի մասին») շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատների անելիքները՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում առևտրաարդյունաբերական պալատները (այդ թվում՝ հայաստանյանը), ունեն ամենամեծ ցանցը, հնարավորություններն ու իրավասությունը միջազգային այդ ծրագրերին անմիջականորեն մասնակցելու  և տեղական ու միջազգային գործարար համայնքի ներգրավման և համակարգման հարցում։

Քննարկվեցին վերը նշված կոնվենցիաների միջև սիներգիայի ձևավորման մոտեցումները, առևտրաարդյունաբերական պալատների և հանրային կառույցների միջև գործընկերության միջոցով դրան հասնելու ճանապարհները։ Համապատասխան հաղորդություններով և ելույթներով հանդես եկան կոնվենցիաների մասնագետ-փորձագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Կլիմայական գործողությունների միջազգային ցանցի» (CAN International) տարածաշրջանային (CAN EECCA ներկայացուցիչը։ Որպես առաջնահերթ անելիքներ՝ նշվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատների տեղական և միջազգային գործընկերների ներգրավումը, օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ սիներգիայի ներդրման գործընթացում նախագծային գործունեության համակարգումը և սերտիֆիկացման (գնահատում-հայտարարում-հավաստագրում) ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։

Քանի որ խնդրին վերաբերող կոնվենցիաների շահառուները մարդիկ են, որոնք և միաժամանակ հարկատուներ են, որոնց ուսերին է վերջնական ֆինանսավորման բեռը, ապա մշակվելիք նոր դոկտրինի հիմքում պետք է դրվի նաև համընդհանուր ֆինանսավորման և համաֆինանսավորման մեխանիզմը, իսկ արդարությունը ապահովված կլինի «աղտոտողը վճարում է» սկզբունքի կենսագործմամբ:

Ակտիվ քննարկումից հետո ընդունվեց համապատասխան բանաձև, որում արձանագրվեց՝ գլոբալ բնապահպանական նպատակների ու դրույթների իրականացումը անարդյունավետ է, քանի որ խնդիրները դիտարկվում են առանձին-առանձին, այն դեպքում, երբ դրանք կրում են փոխկապակցված բնույթ։ Անհրաժեշտ է մշակել առանձին դոկտրին՝ միասնական հարթակի ձևավորման նպատակով։ Նպատակահարմար է մինչև 2026 թվականի հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին 17-րդ համաժողովը հստակեցնել և կոնկրետացնել Սիներգիայի անելիքներն ու հեռանկարները և դրանցում ՀՀ առևտրաարդնունաբերական պալատների դերն ու նշանակությունը։