Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Եթե աշխարհի կառավարման բանալին հիմնականում տղամարդկանց ձեռքում է, ապա երջանկության բանալին կանանց ափերի մեջ է: Կինն է գեղեցկացնում կյանքը, սեր ու ոգեղեն ուժ տալիս տղամարդուն, նրանց մղում հերոսական արարքների, շենացնում հայրենիքը, իր օջախը: Մայրությունը արարման խորհուրդն ունի, որով իմաստնանում և հավերժանում է կյանքը...
Հազարամյակներ շարունակ պոետների, նկարիչների և քանդակագործների մուսան կինն է, արվեստի թագուհին... Եթե տասնամյակներ առաջ կինը հատկապես կրթության ու առողջապահության ոլորտում էր լիդեր, ապա այսօր այլևս չկա այդ կարծրատիպը: Կինն արդեն բիզնեսում էլ արժանապատիվ դերում է, ստեղծում է աշխատատեղ և բարիք, սովորեցնում է մայրության բարի օրենքներով ապրել: Եթե հայրենիքի պաշտպանության ժամանակ կինը զինվորին սպասող կարոտյալ և տագնապող մայր էր, ապա այսօր արդեն բանակում կինն էլ իր կենսագրությունն է կերտում՝ Մայր Հայրենիք...
Մայրը սիրո, խաղաղության, բարության և արժանապատվության աչքերով է նայում աշխարհին և կամենում, որ մայրական սրտով ու կամեցողությամբ գրվեն աշխարհի բոլոր սահմանադրություններն ու օրենքները, որ միշտ արդարություն և խաղաղություն լինի Երկիր մոլորակում:
Երանի շուտ գա այն օրը, երբ Հայաստանում էլ մայրը առավոտյան իր ընտանիքի անդամներին ուրախությամբ ուղարկի արժանապատիվ աշխատանքի, ժպիտով դիմավորի բանակից վերադարձող զինվորին, ապրի այնպես, ինչին արժանի է նա:
Սիրելի կանայք, շնորհավորական խոսքս ընդունեք իբրև եղբայրական աղոթք Ձեզ համար...
ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ