ՄԻՋՊԱԼԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

21/05/2025

Մայիսի 20-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Թուրներին և «Կանադա-եվրասիական առևտրատնտեսական պալատ» կազմակերպության  նախագահ Վարդգես Ավագյանին։ «Ես ողջունում եմ երկու պալատների միջև գիտական, տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ որոշումը և պատրաստակամություն հայտնում մշտապես աջակցելու բազմակողմ կապերի զարգացմանը,- ողջունելով հյուրերին՝ նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։-

Մեր նախորդ հանդիպմանը քննարկել էինք դարին համահունչ գիտատեխնիկական և գործարար խնդիրների վերաբերյալ ծրագրեր։ Քիչ ծամանակ է անցել, բայց մենք արդեն վավերացնում ենք համագործակցության հուշագիր, որում նախանշել ենք  առաջնահերթ նպատակները։ Ինչպես ասում են՝ իրատեսական ծրագրերը ուշ կամ շուտ չեն լինում, դրանք լինում են ժամանակին»։

Դեսպան Անդրեյ Թուրները նշեց, որ այս համագործակցությունը կխթանի երկու կողմերի միջև փոխշահավետ կապերի ամրապնդումը և հատկապես նորարարության զարգացումը։

Հուշագիրը վավերացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և «Կանադա-եվրասիական առևտրատնտեսական պալատ»-ի նախագահ Վարդգես Ավագյանը։

Հուշագրի շրջանակում գիտական, տնտեսական հարաբերությունների և տեխնիկական համագործակցության ոլորտները կսահմանվեն՝ ելնելով գիտության, տնտեսական հարաբերությունների, տեխնոլոգիաների և նորարարության երկու կողմերի փոխադարձ հետաքրքրությունների շրջանակից և գիտական արդյունքների ներդրման անհրաժեշտությունից։ Համատեղ կկատարվեն հետազոտություններ, կմշակվեն և կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ։ Նախատեսվում է կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումների և գործնական վերապատրաստման միջոցով մասնագետների որակավորման բարձրացում։ Հուշագիրը գործելու է 5 տարվա ժամկետով, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։