ՀՀ ԱԱՊ նախագահության հերթական նիստը

26/05/2023

Մայիսի 26-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը բազմաթեմա օրակարգով:

Նիստի սկզբում Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արագածոտնի մարզային պալատի նախագահ, բազմավաստակ գիտնական և հրաշալի ընկեր Ռուբիկ Սարգսյանի հիշատակը, ով անուրանալի ավանդ ունի համակարգի կայացման և զարգացման գործում: Այնուհետև պարոն Սարգսյանը ներկայացրեց մի շարք օրախնդիր հարցեր, որոնցից մի քանիսը առաջնահերթ ներառվել են օրակարգում: Նա մասնավորապես կարևորեց մարզային պալատների գործունեության ակտիվացումը և ինտեգրացումը, ինչին վերաբերում են նիստի օրակարգային հարցերը:

Որպես այդպիսի կարևոր գործոն ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը մասնավորեց ապրանքների ժամանակավոր ներմուծման միջազգային Ատա կառնետ համակարգի կիրառումը, որը հնարավորություն կտա ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ զերծ մնալ  մաքային խնդիրներից: Դրա շնորհիվ գործարարը կարող է ցանկացած քանակի ապրանք առանց մաքսային կամայականությունների ժամանակավոր արտահանել իր նախընտրած երկիր այն պայմանով, որ նույնությամբ ետ կվերադարձվի նախկին հասցեին: Խախտումների դեպքում պատասխանատվությունը կրելու է առևտրաարդյունաբերական պալատը: Հետևաբար հարկավոր է ապահովել վստահելի գործընկերության հանգամանքը՝ միաժամանակ համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ: Նշվեց, որ ժամանակավոր արտահանումը վերաբերում է բոլոր երկրներին,  պալատը մանրամասների մասին իրազեկելու է իր բոլոր անդամներին:

Պարոն Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի՝ GSP+ ծրագրի Հայաստան-ԱՄՆ շրջանակներում ամերիկյան կողմը նախատեսել է շուրջ 3500 անուն ապրանքների համար հայաստանյան գործարարներին տալ արտահանման արտոնություն որոշակի պայմաններով: Առաջիկայում կլինեն անհրաժեշտ  հստակեցումներ և մանրամասների ճշգրտում, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում կլինի նաև լիզինգից օգտվելու հնարավորություն:

Պալատի գործադիր տնօրենը ներկայացրեց նաև EACarea.com էլեկտրոնային հարթակից օգտվելու շահեկանությունը, որը նպաստելու է մասնավորապես մարզային պալատների ինտեգրմանը: Այդ խնդրի վերաբերյալ կարևոր մանրամասներ հաղորդեց կայքի հիմնադիր Արտակ Եղիազարյանը: Կայքում ներառված են բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները, գրանցվելու են ապրանքատեսակները, ինչը լիարժեք ցուցադրելու համար կան բոլոր տեխնիկական պայմանները: Դա կարևոր առավելություն ունի՝ բիզնեսմենը պոտենցիալ գործընկերոջ հետ կարող է անմիջականորեն առնչվել և խնդիրները օպերատիվորեն լուծել: Նշվեց նաև կարևոր մի հանգամանք՝ ապրանքի էջին պետք է լինի ՀՀ ԱԱՊ-ի լոգոն, որ գործարարը իմանա տվյալ բիզնեսմենի հուսալի գործընկեր լինելու մասին: ՀՀ ԱԱՊ նախագահը հավելեց, որ այդ հարթակը կարող է ծառայել նաև Սփյուռքի գործարարների համար՝ մեծացնելով բիզնեսի կապերն ու աշխարհագրությունը:

ՀՀ ԱԱՊ գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ամփոփեց Եվրոպական ծրագրերը՝ գոհունակություն հայտնելով հատկապես սննդի և տեքստիլի ոլորտում մոնիտորինգային հաջող գործակցության մասին: Պալատը հաջողությամբ գործակցել է բիզնեսին առնչվող բազմաթիվ ասոցիացիաների հետ:

Նիստի ավարտին ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հատկապես կարևորեց մարզային պալատների գործունեության խթանումը և ներմարզային տնտեսական կապերի ծավալումը: