ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրը Հայաստանում Զիմբաբվեի արտակարգ և լիազոր դեսպան Ալբերտ Զիմբինդին էր, ում նախորդ այցը ընդամենը մեկ ամիս առաջ էր։ Ինչո՞վ էր պայմանավորված երկրորդ այցի շարժառիթը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ այցին շատ գործնական առաջարկություններ եղան, դեսպանությունը դրանք քննարկեց Զիմբաբվեի գործարար շրջանակներում, ստացավ կոնկրետ առաջարկներ և շտապեց երկրորդ հանդիպման։ «Հայաստանի գործարարների համար Աֆրիկյան մայրցամաքը, այդ թվում Զիմբաբվեն, հետաքրքրությունների հայտնի ու նաև դեռ անհայտ շրջանակ ունի․ անշուշտ Հայաստանն էլ ձեզ համար,-նշել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։-Հայաստանի և Զիմբաբվեի միջև ապրանքաշրջանառությունը շատ սահմանափակ է և չօգտագործված ներուժ ու միջոցներ կան, ինչը համատեղ ուժերով հարկավոր է բիզնեսում ներդնել։ Ոլորտները հենց գործարարները կհստակեցնեն, իսկ երկուստեք պալատները պետք է անմիջական հաղորդակցության պայմաններ ստեղծեն՝ համատեղ գործարար ֆորումներ, ցուցահաանդեսներ և բազմաբնույթ հանդիպումներ կազմակերպեն։ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստ է զորակցելու նման ծրագրերի իրականացմանը»։
Եվ ահա պարոն Զիմբինդին նախ նշեց, որ Զիմբաբվեի գործարարներից շատերին հետաքրքրում է Հայաստանում տարածքներ գնել պահեստային տնտեսություններ և առևտրային հարթակ ստեղծելու, ուր մշտապես կներկայացնեն իրենց արտադրանքները։
Պարոն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց զիմբաբվեի գործարարների առաջարկներին համապատասխան տարածքներ գտնելու և մնացյալ հարցերում ըստ ամենայնի զորակցելու:
Նա նաև հավելեց, որ Պալատը անդամակցում է միջազգային բազմաթիվ կառույցների, ունի երկու տասնյակից ավելի ներկայացուցչություններ աշխարհի զարգացած երկրներում, արտահանման ոլորտում կան արտոնություններ, ինչին համատեղ ծրագրերով կարող են մասնակցել նաև Զիմբաբվեի գործարարները՝ հատկապես երրորդ երկրների շուկաներ դուրս գալու։
Պատվիրակության ղեկավարը մասնավորեց առանձին ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել Զիմբաբվեի գործարարներին, որոնց համար Հայաստանը դեռևս գրեթե չճանաչված երկիր է։ «Հարկավոր է նախ ակտիվացնել տեղեկատվական փոխճանաչողությունը։ Օրինակ՝ մենք ունենք ադամանդի և ոսկու հարուստ պաշարներ, իսկ դուք՝ բարձրակարգ և փորձառու վարպետներ։ Մնում է համատեղել միջոցներն ու ծրագրերը։ Որպես առաջին քայլ հարկավոր է գործարար համաժողով կազմակերպել, փոխգործակցության հուշագիր վավերացնել՝ ամրագրելով առաջնահերթությունները»,- կարևորեց Ալբերտ Չիմբինդին։ Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ այդ ամենին մեծապես նպաստելու է հյուպատոսություն ստեղծելու գործը:
Հանդիպումն անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում, հետևողական մեկնարկը խոստումնալից է։