Նոր նշանակումներ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտերկրի ներկայացուցչություններում

13/05/2025

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության օրերս կայացած նիստը հաստատեց և համապատասխան հավաստագրեր տրամադրեց Քենիայում, Հյուսիսային Մակեդոնիայում,  Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԱՊ նորանշանակ ներկայացուցիչներին: Այս կառույցը մերօրյա բիզնեսում շատ կարևոր օղակ է արտերկրի հետ տնտեսական կապերը զարգացնելու և արտահանման աշխարհագրությունը ծավալելու գործում: Քենիայում գործելու է Տիգրան Արզումանյանը, Հյուսիսային Մակեդոնիայում՝ Ջորդան Գյորչևը, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Արթուր Դանիելյանը: Երեքն էլ բիզնեսի ոլորտում փորձառություն ունեցող գործարարներ են: ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նրանց հետ զրույցում և նիստի ժամանակ ներկայացրել է Պալատի հնարավորություններն ու ռազմավարությունը և հայ գործարարներին այդ երկրներում առավել արդյունավետ գործելու, նոր կապեր ստեղծելու և համատեղ ծրագրեր իրականացնելու փոխշահավետ կարևորությունը: «Մեր Պալատի կողմից դուք լիազորված եք ցանկացած բիզնես կառույցի հետ բանակցելու, քննարկելու նախագծեր, առաջարկելու գործակցության փոխշահավետ տարբերակներ և ձեռնարկելու կոնկրետ միջոցառումներ:- Պարզաբանել է Մարտին Սարգսյանը և հավաստիացրել,- Մեր Պալատը միջազգային բազմաթիվ գործարար կառույցների  է անդամակցում և անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև դիմել նրանց աջակցությանը»:        Մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան, որը Եվրոպայի կենտրոնում է գտնվում, սահմանակից է հինգ երկրների և ունի իրատեսական հնարավորություններ հայ գործարարների մասնակցությամբ  միջազգային հանդիպումներ, բիզնես ֆորումներ, ցուցահանդես-տոնավաճառներ կազմակերպելու և նան նրանց արտադրանքը Հայաստանում ներկայացնելու առումով: Նախագահության անդամները ևս համոզմունք արտահայտեցին, որ ՀՀ ԱԱՊ-ի արտերկրյա ներկայացուցիչներ, արտահանմանը նպատակամիտված աշխատանքի և դիվանագիտական կառույցների հետ համատեղ գործակցելով, հայաստանյան շատ արտադրատեսակներ դրսի շուկայում կճանաչվեն և պահանջարկ կունենան: Արտահանումն է որոշում երկրի տնտեսական դիմանկարը:

Ռուսաստանի հյուսիսային նահանգների հետ գործակցության լայն հեռանկարներ կան մասնավորապես նախկին գործարար կապերը վերականգնելու և զարգացնելու առումով: Հատկապես ռուսաստանյան շուկաներում հայաստանյան գործարարները աշխատանքի հարուստ փորձ ունեն և կոնկրետ անմիջական շփումների ու հաղորդակցության  ժամանակ լեզվական խնդիրներ չկան: Հարկավոր է առաջին հերթին վերականգնել ավանդական կապերը:

Նշվեց, որ Քենիայի ներկայացուցիչն արդեն ստեղծել է գրասենյակային հարմարավետ պայմաններ, լուծել մասնագետների ընտրության հարցը և ծրագրեր է նախապատրաստում: Անշուշտ հատկապես փոխադարձ տուրիզմը զարգացնելու հնարավորությունները ինքնին առկա են:

Պարոն Մարտին Սարգսյանը, որպես մեկնարկային քայլ, կարևորեց ինֆորմացիոն բավարար բազայի ստեղծումը,  հանդիպումների միջոցով փոխվստահության ամրապնդումը, շուկաների ճանաչողությունը և համագործակցության ոլորտների առաջնահերթությունը: Նա մասնավորեց. «Բիզնեսի ոսկե կանոններից մեկը ճիշտ նախապատրաստման և հիմնավորված իրատեսական մեկնարկն է, գործարքի շարունակականության գրավականը: Ժողովուրդն ասում է՝ տասը չափիր, նոր մեկը ձևիր: Շատ բիզնեսներ կեսից ընդհատվում են ավելորդ շտապողականության պատճառով: Ճշմարիտ բիզնեսը հիմնվում է սեփական հնարավորություններն ու ցանկությունները համադրելով»: Պարոն Սարգսյանը հավաստեց, որ Պալատը պատրաստ է հնարավորինս զորակցելու համագործակցության ցանկացած ծրագրի իրականացմանը, ինչը մեր տնտեսական վերընթացի կարևոր գումարելիներից է: