Հայ-ինդոնեզական տնտեսական կապեր

24/09/2025

Սեպտեմբերի 23-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին, նախարար խորհրդականներ Ֆաիսալ Մ. Պերդանապուտրային և Տորանգ Պակպահանին, երկրորդ քարտուղար Բագաս Վիսանգ Նարարարյային և Հայաստանում Ինդոնեզիայի պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանին:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, խոսելով երկու երկրների առևտրաշրջանառության մասին, նշեց, որ Ինդոնեզիան ունի 300 միլիոն բնակիչ, իսկ Հայաստանը՝ երեք, ուստի այդ նկատառումով էլ փոխադարձ բիզնեսի զարգացման ելակետ պետք է լինեն երկու երկրներում  ստեղծվելիք առևտրային հարթակները՝ երրորդ երկրներ դուրս գալու համար: «Փորձված և արդյունավետ տարբերակ է առևտրային տների ստեղծումը, որոնք կարևոր օղակ կլինեն երկկողմ գործարարների ծանոթության, վստահության ամրապնդման և անհրաժեշտ ինֆորմացիայի համար: Դրանք նախապայման կստեղծեն  ցուցահանդեսների և բիզնես ֆորումների նպատակային կազմակերպմանը: Քանի որ Ինդոնեզիան հանդիսանում է ոսկու և ադամանդի խոշորագույն արտահանողներից մեկը, իսկ Հայաստանը՝ այդ հումքի վերամշակման և մշակման ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունեցող երկիր, առաջարկվում է խթանել համագործակցությունը երկու երկրների համապատասխան ոլորտների գործարար շրջանակների միջև։ Այս համագործակցությունը կարող է ստեղծել փոխշահավետ հարթակ՝ հանքարդյունաբերական հումքի մատակարարման և դրա որակյալ մշակման համար՝ հիմք դնելով նոր տնտեսական նախաձեռնությունների, ներդրումների և համատեղ արտադրական նախագծերի զարգացմանը։ Այս ձևով հնարավոր կլինի համատեղ ուժերով առավել արդյունավետ օգտագործել երկու երկրների ունեցած ռեսուրսներն ու փորձը՝ նպաստելով ինչպես տնտեսական աճին, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Մեկնարկային քայլ կլինի համագործակցության հուշագրի ստորագումը՝ նախանշելով առաջնահերթությունները: Մենք պատրաստ ենք զորակցելու»,- հավելեց պարոն Մարտին Սարգսյանը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին հավաստիացրեց, որ հայկական կողմի այս մտադրությունները կփոխանցի Ինդոնեզիայի Առևտրային պալատի ղեկավարությանը և կաջակցի համատեղ ծրագրեր իրականացնելու գործում: Երկուստեք նշվեց, որ այսօր առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն,  բայց վերջին մի քանի տարիների ծավալների ավելացման դինամիկան լավատեսորեն է տրամադրում:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ինդոնեզացի դիվանագետներին տեղեկացրին, թե  որ ոլորտներում է նպատակահարմար և փոխշահավետ  համագործակցությունը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը նշեց, որ Ինդոնեզացի գործարարները Երևանում արդեն բացել են ռեստորան՝ ազգային խոհանոցով, ցանկալի է, որ նույնպիսի  ծրագրով  նաև հայ գործարարները Ինդոնեզիայում ներկայացնեն  հայկական խոհանոցը, ինչը ժամանակակից բիզնեսի լավագույն միջոցներից է: Նա նաև հավելեց, որ հոկտեմբերին Ինդոնեզիայում բացվելու է հոբելյանական մեծ ցուցահանդես, որին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար պատվիրակության  համար մասնակցության պաշտոնական հրավեր ներկայացրեց: