Օրախնդիր է կանանց ակտիվությունը

02/06/2025

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո 20 տարի առաջ ստեղծվեց «Գործարար կանանց աջակցման» հիմնադրամը՝ Պալատի նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանի նախագահությամբ։ Բնականաբար՝ հիմնադրամի առաքելությունը կանանց դերի առավել ակտիվացումն էր տնտեսական ոլորտում։
Կազմակերպության անդամներն էին բիզնեսի ոլորտում Հայաստանի գործարար այն կանայք, ովքեր հիմնականում կայացման փուլում էին և անհրաժեշտ զորակցության կարիք ունեին հատկապես բիզնեսի նոր օրենքների, վարքականոնների ուսուցման, համաշխարհային բիզնեսի փորձի իմացության, արտաքին շուկաների հետ փոխգործակցության և այլ պարագաներում։ Հիմնադրամը տասնյակ երկրների գործարարների հետ փոխայցելություններով, բիզնես ֆորումներով, ցուցահանդեսներով կարողացավ ստեղծել արտաքին կապերի ճկուն ու կենսունակ ցանց, որի շնորհիվ հիմնադրամի պատվիրակությունների կազմում ներգրավվեցին գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, արաբական երկրներից, Իրանից, Եվրոպայից, իսկ հանդիպումների աշխարհագրությունը Արևելքից ծավալվեց մինչև Ամերիկա։
Եվ ահա՝ մայիսի 31-ին հիմնադրամի հերթական նիստը կայացավ Արզնիում՝ «Գետափ» ընկերության հանգստի գոտու հյուրընկալ սրահում։ «Նիստի օրակարգում կարևորում ենք հատկապես առաջիկա ծրագրերի իրականացումը և գործարար-քոլեջ կապերի ակտիվացումը, ստեղծել մենթորների (առաջնորդ, դաստիարակ) խումբ, հանդիպումներ հարկային մարմինների և պետական կառույցների ներկայացուցիչների հետ, արտահանումների շրջանակների աշխարհագրությունը ծավալելու նպատակով ակտիվ համագործակցությունը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտերկրում գործող 25 ներկայացուցչությունների հետ և օնլայն հարթակի ստեղծումը»,- նշեց նիստը վարող Անժելա Բարսեղյանը։
Հիմնադրամի և մասնավորապես նրա նախագահի դերը կարևորեց և գնահատեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ Լիլյա Գևորգյանին հանձնելով Պալատի բարձրագույն պարգևը․ «ՀՀ ԱԱՊ «Մերկուրի» մրցանակով պարգևատրվում է «Գործարար կանանց աջակցման» հիմնադրամի նախագահ, Պալատի նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը հանրապետության տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացման, նրանց ուժերի համախմբման, անուրանալի վաստակի և բարեխիղճ գործունեության համար։ Նա կին լիդերի բոլոր հատկանիշներն ունի»։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից հետո պարոն Սարգսյանը հավաստիացրեց, որ Պալատը մշտապես մնալու է Հիմնադրամի բարեկամն ու զորակցողը։