Հայաստան-Զիմբաբվե տնտեսական կապեր

20/02/2026

«Հայաստանի գործարարների համար Աֆրիկյան մայրցամաքը, այդ թվում  Զիմբաբվեն, հետաքրքրությունների հայտնի ու նաև դեռ անհայտ  շրջանակ ունի․ անշուշտ Հայաստանն էլ ձեզ համար»,- փետրվարի 19-ին Զիմբաբվեի Հանրապետության պատվիրակության հետ հանդիպումը այսպես սկսեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Բազմաբնույթ պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի և միջազգային առևտրի հարցերով նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Զիմբաբվեի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբան։ Պարոն դեսպանը, ի լրումն Մարտին Սարգսյանի նկատառմանը,  հավելեց, որ այդ գործում նշանակալի  դեր ունեն նաև դիվանագետները։ Եվ հենց այդ ակնկալիքով էլ այցելել է ՀՀ առևտրարադյունաբերական պալատ, որը Հայաստանում գործարարության զարգացման   կարևորագույն կառույց է հատկապես  նոր հնարավորություններ և  շուկաներ գտնելու առումով։

Պարոն Սարգսյանը նշեց․ «Հայաստանի և Զիմբաբվեի միջև ապրանքաշրջանառությունը շատ սահմանափակ է և չօգտագործված ներուժ ու  միջոցներ կան, ինչը համատեղ ուժերով հարկավոր է բիզնեսում ներդնել։ Ոլորտները հենց գործարարները  կհստակեցնեն, իսկ  երկուստեք պալատները պետք է անմիջական հաղորդակցության  պայմաններ ստեղծեն՝ համատեղ գործարար ֆորումներ, ցուցահաանդեսներ և բազմաբնույթ հանդիպումներ կազմակերպեն։ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստ է զորակցելու նման ծրագրերի իրականացմանը»։

Պատվիրակության ղեկավարը մասնավորեց առանձին ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել Զիմբաբվեի գործարարներին, որոնց համար Հայաստանը դեռևս գրեթե չճանաչված երկիր է։ «Հարկավոր է նախ ակտիվացնել տեղեկատվական փոխճանաչողությունը։ Օրինակ՝ մենք ունենք ադամանդի հարուստ պաշարներ, իսկ դուք՝ բարձրակարգ ադամանդագործներ։  Մնում է համատեղել միջոցներն ու ծրագրերը։ Որպես առաջին քայլ հարկավոր է գործարար համաժողով կազմակերպել, փոխգործակցության հուշագիր վավերացնել՝ ամրագրելով առաջնահերթությունները»,- կարևորեց Ալբերտ Չիմբինդին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը տեղեկացրեց, որ Պալատը անդամակցում է միջազգային բազմաթիվ կառույցների, ունի երկու տասնյակից ավել ներկայացուցչություններ աշխարհի զարգացած երկրներում,  արտահանման ոլորտում կան արտոնություններ՝ դեպի եվրասիական երկրներ, ինչին համատեղ ծրագրերով կարող են մասնակցել նաև Զիմբաբվեի գործարարները՝ հատկապես երրորդ երկրների շուկաներ դուրս գալու։ Առայժմ մենք գրեթե մեկնարկային փուլում ենք։