Յուրաքանչյուր բիզնես թեև մեկ միավոր է, բայց հազար ու մի թելերով կապված է ընդհանուրի հետ։ Զարգացում և ընդլայնում հնարավոր չէ միայն սեփական ուժերով սեփական տիրույթում գործելով։ Նման պարագայում հաջողության գումարելիներից մեկը բազմակողմ համաձայնագրերն են՝ որպես համագործակցության և բիզնես միջավայրի ձևավորման գործոն:
Այդ տրամաբանությամբ և մտահոգությամբ էլ օրերս ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի Փոքր հիդրոէլեկտրակայանների միությունը և «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ ԱԱՊ-ում ստորագրեցին եռակողմ համաձայնագիր, ինչը այդ ոլորտների համար փոխգործակցության հաջողության գումարելիներից է։
Համաձայնագրի նպատակն է զարգացնել կողմերի միջև երկարաժամկետ համագործակցությունը բնական ռեսուրսների խոհեմ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության, և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Կողմերը միավորում են իրենց ջանքերը հիդրոէներգետիկայի զարգացման հավասարակշռված և էկոլոգիապես պատասխանատու մոտեցման ձևաորման համար՝ հաշվի առնելով սոցիալական, տնտեսական և բնապահպանական գործոնները։ «Հանուն ապագա սերունդների» նշանաբանը հենց այդ առաքելության նպատակն է։ Համաձայնագրում կարևորվում է ՀՀ ԱԱՊ-ի դերն ու կարևորությունը՝ «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը նպաստում է ջրերի կառավարման ոլորտում խոշոր գործընկերների ներգրավմանը համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար»։Կարևորելով այդ համաձայնագրի նշանակությունը՝ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը մասնավորապես նշեց․ «Եռակողմ համաձայնագրի փոխգործակցության ամենակարևոր բաղադրիչը փոխօգնությունն է, ներքին կոոպերացիան, համատեղ ուժերով ընդհանրական խնդիրների արագ և արդյունավետ լուծումը, ինչը նպաստելու է բիզնես միջավայրի ձևավորմանը, հանրապետության Փոքր ՀԷԿ-երի կողմից Պալատը նոր անդամներով համալրմանը։
Հանրապետության Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը տեղեկացրեց, որ Միությունը նպաստելու է հիդրոէներգետիկ օբյեկտների շահագործման ընթացքում էկոլոգիապես պատասխանատու պրակտիկաների ներդրմանը, գետերի էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնմանը, շահագործման կանոնների խախտումների բացահայտմանը։
Համաձայնագրի երրորդ կողմը՝ «Խազեր» ՀԿ-ն մշակելու է և առաջ մղելու բնական ռեսուրսների, այդ թվում՝ ջրային կառավարման, համապարփակ մոտեցում՝ հիմնված Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիայի վրա։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին թեմային վերաբերող բազմաթիվ հարցեր: