Ծագման երկրի հավաստագրի պահանջներ՝ ՌԴ էլեկտրոնային առևտրի հարթակներում վաճառքի համար

14/05/2026

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ էլեկտրոնային արևտրի հարթակների, մասնավորապես՝ WILDBERRIES – ի և OZON-ի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ- ում) արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ է ծագման հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ ԱԱՊ-ի կողմից։
‎
Ծագման հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել մի շարք փաստաթղթեր, որոնք հանդիսանում են պարտադիր պայման ըստ 2009 թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրի։
‎
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԱՊ կողմից ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու համար պահանջնվող փաստաթղթերի ցանկը (համաձայն՝ ՀՀ կառավարության 30 դեկտեմբերի 2010թ․ թիվ 1772-Ն որոշման).
‎
ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ (ՍԵՐՏԻՖԻԿԱՏ) ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.
‎
ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 (ծագման երկրի հավաստագրի տրամադրման մասին) եւ N 1.1 (ծագման երկրի փորձաքննության կատարման) ձեւերի (տեղադրված է կայքէջում),
‎
բ. հումքի ձեռքբերմանը եւ ծագման երկրին վերաբերող փաստաթղթեր,
‎
(Այդպիսիք են` հարկային հաշիվ, հաշիվ ֆակտուրա, գնման ակտ, ներմուծված լինելու դեպքում նաեւ մաքսային հայտարարագիր) ինչպես նաեւ՝ փաստաթղթեր, որոնք հավաստում են արտահանվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվելու մասին (Օրինակ` գյուղմթերքի դեպքում - տեղեկանք համայնքի ղեկավարից, հանքանյութի դեպքում - արդյունահանման լիցենզիա, թույլտվություն)
‎
գ. տեխնոլոգիական քարտեր կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,
‎
(Օրինակ` տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կատարված տեխնոլոգիական պրոցեսների համառոտ նկարագիր` նշելով օգտագործած հումքերը եւ փուլերով կատարած տեխնոլոգիական պրոցեսները, որոնց կատարման արդյունքում ստացվել է վերջնական արտադրանքը)
‎
դ. ապրանքների առաքման ձեւակերպման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի կամ դրան համարժեք` արտաքին տնտեսական գործունեության մեջ օգտագործվող այլ փաստաթղթերի պատճենները (Սույն ենթակետով պահանջված արտահանման փաստաթղթերից են` ապրանքի արտահանման պայմանագիրը ստացող երկրի հետ, ապրանքի հաշիվ ապրանքագիրը /ինվոյս/,տեղերի քանակը եւ քաշը պարունակող փաստաթուղթը/փաթեթավորման թերթիկ/) (սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ֆիզիկական անձինք ներկայացնում են ըստ իրենց ցանկության)
‎
ե. հաշվապահական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը (Օրինակ` կախված օգտագործված հումքերի եւ արտահանվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերից, համաձայն ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների, հնարավոր է պահանջվի որոշել ծագման երկիրը ավելացված արժեքի եղանակով, նման դեպքերում պետք է ներկայացվի արտահանվող ապրանքի գնագոյացումը/կալկուլյացիա/)
‎
զ. վճարման անդորրագիր (փորձաքննություն պահանջող ապրանքների համար սերտիֆիկատի տրամադրման վճարի չափը կազմում է 30 000 ՀՀ դրամ, իսկ փորձաքննություն չպահանջող ապրաքների համար՝ 10 000 ՀՀ դրամ)
‎
📞 Լրացուցիչ հարցերի առկայության դեպքում խնդրում ենք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (+37460) 270 333