Հայ-արգենտինյան գործարար կապեր

02/10/2025

2025 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին, Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, ինչպես նաև արգենտինացի գործարարներից կազմված պատվիրակությանը։

Պատվիրակության ղեկավար, Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, «Էդելֆլեքս» ընկերության նախագահ Միքայել Հարությունյանը ներկայացրեց այցի նպատակը և հետաքրքրությունների շրջանակը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ողջունելով ներկայացուցչական պատվիրակության անդամներին, ներկայացրեց Պալատի գործառույթները, համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորեց կարևոր նախապայմանը. «Հայաստանը և Արգենտինան ունեն սեփական շուկայական  հնարավորությունների անհավասարաչափ ծավալներ, ուստի գործակցության ելակետ պետք է ունենալ համատեղ բիզնեսների ստեղծումը մեր հանրապետությունում՝ օգտագործելով Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արտահանման արտոնությունները»: Պարոն Ալեքսանյանը հավելեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը աշխարհի 24 երկրում ունի իր ներկայացուցչությունները, որոնք  ներկայացնում են Հայաստանի տնտեսական շահերը, նախաձեռնում բազմաբնույթ հանդիպումներ:

Արգենտինյան կողմը առաջարկեց հանդիպումները դարձնել պարբերական, նախապատրաստել փոխգործակցության հուշագրի կնքումը՝ նախանշելով ոլորտները և առաջնահերթությունները: ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Ռոււբեն Շահմուրադյանը կոնկրետ առաջարկություն արեց. «Մեր ընկերությունը պատրաստ է համագործակցել շինարարության, տուրիզմի, ցուցահանդեսային բիզնեսի և այլ ոլորտներում: Ունենք բարձրակարգ կահավորմամբ տարածքներ և պատրաստ ենք տրամադրել առևտրային կենտրոն ստեղծելու համար»: Եղան նաև այլ գործարար առաջարկություններ:

Հանդիպման ավարտին պարոն Անդրանիկ Ալեքսանյանը հավաստիացրեց, որ արգենտինացի գործարարների առաջարկությունները փոխանցելու է Պալատի անդամ գործարարներին՝ համատեղ ծրագրեր ստեղծելու ակնկալությամբ: