Ամանորյա շնորհավորանք Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատից կին ձեռներեցներին

24/12/2024

2024 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպել էր Ամանորյա նախատոնական երեկո նվիրված Հայաստանի գործարար կանանց։ Միջոցառման նախաձեռնողը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանն էր։ 
 
Տոնական հանդիպմանը ներկա էին կին ձեռներեցներ տարբեր ոլորտներից՝ բժշկություն, կրթություն, արտահանում և ներմուծում, կաթնամթերքի, քիմիական արտադրություն, զբոսաշրջություն, միջոցառումների կազմակերպում, իրավաբանական ու մարքեթինգային ծառայությունների մատուցում և այլն։ Միջոցառման մասնակից ընկերությունների ղեկավարները տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցում են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Գործարար կանանց աջակցման հիմնադրամի հետ։
 
Երեկոյի ընթացքում մասնակիցները տեղեկացան Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի 2025 թվականին նախատեսված նոր նախագծերին և նախաձեռնություններին։
 
Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով իր խորին շնորհակալությունը հայտնեց կին ձեռներեցներին՝ երկրի տնտեսական զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Նա իր խոսքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթեց բարգավաճում բիզնեսում, մասնագիտական ​​հաջողություններ և բարեկեցություն ընտանիքում։