Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ընդլայնում է իր միջազգային ներկայությունը

10/10/2025

Հայաստանի Հանրապետության  առևտրաարդյունաբերական պալատի ամենակարևոր գործառույթներից է արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը և արտահանման ու նորանոր շուկաների ծավալումը: Դրան մեծապես զորակցում են արտերկրում գործող ՀՀ ԱԱՊ 24 ներկայացուցչությունները, որոնք հրաշալի տնտեսական կամուրջ են Հայաստանի և արտաքին աշխարհի միջև: Դրանց թիվը ավելացավ մեկով: 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատն այժմ արդեն ունի պաշտոնական ներկայացուցիչ նաև Հյուսիսային Մակեդոնիայում։ Պալատի ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Յորդան Գորչևը՝ մասնավոր Միջազգային Սլավոնական համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը, որի կազմում գործում են տնտեսագիտության և ձեռնարկատիրության ուղղությամբ մի շարք ֆակուլտետներ։ Յորդան Գորչևը նաև սեփականատերն է վարկանիշային հայտնի հյուրանոցի, որը վայելում է զբոսաշրջիկների մեծ պահանջարկը Եվրոպայի տարբեր երկրներում։ Անշուշտ այդ հանգամանքը նաև շահեկան նախադրյալ է տուրիզմի զարգացման ոլորտում:

ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, Հայաստանի գործարար կանանց աջակցության հիմնադրամի նախագահ Լիլյա Գևորգյանը այցելել է Սոֆիա, որտեղ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ ԱԱՊ ներկայացուցչի՝ Յորդան Գորչևի հետ։ Հանդիպման ընթացքում նրան պաշտոնապես հանձնվել են ներկայացուցչության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք հաստատվեցին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահության կողմից։

Կողմերը քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ արտահանման, ներմուծման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Յորդան Գորչևը հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու գործարար կապերի զարգացմանը ոչ միայն Մակեդոնիայի, այլև Բուլղարիայի և Սերբիայի բիզնես շրջանակների միջև։

Հանդիպման շրջանակներում կայացել է նաև տեսազանգ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ձեռնարկատիրության ոլորտում հետագա համագործակցության ձևաչափը։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Յորդան Գորչևի առաջին այցի վերաբերյալ Հայաստան՝ երկրի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։

Այս համագործակցությունը ևս կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջազգային հարաբերությունների ամրապնդման և հայ գործարարների համար նոր գործընկերային հարթակների ձևավորման ճանապարհին։