ՀՀ ԱԱՊ փոխնախագահը ղազախական լրատվամիջոցներին. «Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ»

14/10/2026

COP17-ի տնտեսական հնարավորությունները, հայ-ղազախական գործարար կապերի ընդլայնումը, առևտրային համագործակցության նոր ձևաչափերն ու այլընտրանքային լոգիստիկ ուղիների զարգացումը կարող են նոր խթան հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերություններին։  

Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, լոգիստիկ մարտահրավերներն ու երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման հնարավորությունները եղել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի՝ ղազախական լրատվամիջոցներին տված հարցազրույցի հիմնական թեմաները։

COP17-ը Հայաստանի համար տնտեսական նոր հնարավորությունների հարթակ է

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում COP17 միջազգային համաժողովի անցկացումը, և ի՞նչ հնարավորություններ այն կարող է ստեղծել Հայաստանի տնտեսության համար։

Պատասխան․ COP17-ի անցկացումը Հայաստանում կարևոր հնարավորություն է ոչ միայն երկրի միջազգային հեղինակության բարձրացման, այլև տնտեսական նոր կապերի ձևավորման տեսանկյունից։

Նման խոշոր միջազգային միջոցառումները հնարավորություն են տալիս Հայաստանը ներկայացնելու որպես ներդրումների, գործարար համագործակցության և միջազգային երկխոսության համար բաց երկիր։ Դրանք կարող են նպաստել միջազգային պատվիրակությունների և գործարար շրջանակների ներգրավմանը:

COP17-ը նաև հնարավորություն է հայկական բիզնեսի համար՝ միջազգային հարթակում ներկայացնելու իր ներուժը կայուն զարգացման, բնապահպանական նախաձեռնությունների և կանաչ տնտեսության ուղղություններով։

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար հարաբերությունների ներկայիս վիճակը։

Պատասխան․ Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման զգալի ներուժ, որը դեռևս ամբողջությամբ իրացված չէ։

Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունները և միջազգային շուկաներում տեղի ունեցող վերափոխումները նոր մարտահրավերներ են ստեղծում բիզնեսի համար։ Սակայն դժվար ժամանակները կարող են նաև նոր հնարավորություններ բացել, ձևավորել ավելի ճկուն գործարար մտածողություն և հիմք դառնալ նոր նախաձեռնությունների ու բիզնեսների ստեղծման համար։

Այս համատեքստում կարևոր իրադարձություն էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024 թվականի ապրիլի 14–15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Այցի շրջանակում ստորագրվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր, որոնք լրացուցիչ հիմք ստեղծեցին տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։

Այժմ կարևոր է այդ պայմանավորվածություններին հաղորդել գործնական շարունակություն՝ զարգացնելով ընկերությունների միջև համագործակցությունը, խթանելով փոխադարձ մատակարարումները և ընդլայնելով երկու երկրների գործարար շրջանակների անմիջական շփումները։

Հայկական ապրանքների ներկայացվածությունը Ղազախստանում

Հարց․ Ի՞նչ հնարավորություններ կան հայկական արտադրանքի՝ ղազախական շուկայում ներկայությունն ընդլայնելու համար։

Պատասխան․ Ղազախստանում հայկական ապրանքների ներկայացվածության ընդլայնման համար արդեն իսկ առկա են որոշակի հնարավորություններ։ Ղազախստանում գործում են երեք հայկական առևտրային տուն, ինչպես նաև Խորգոսի տարածքում գործող Duty Free հարթակ, որը հնարավորություն է տալիս ներկայացնելու հայկական արտադրանքը։

Նման կառույցները կարևոր նշանակություն ունեն հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացման, տեղական շուկայի հետ կապերի հաստատման և նոր առևտրային գործընկերների ներգրավման համար։

Պետական գերատեսչությունների հետ արդեն իսկ քննարկվել են նաև Հայաստանում ղազախական առևտրային տան ստեղծման հնարավորությունները։ Նման նախաձեռնությունը կարող է նպաստել ղազախական ապրանքների ներկայացվածության ընդլայնմանը հայկական շուկայում, ինչպես նաև երկու երկրների արտադրողների, ներմուծողների և դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդմանը։

Ակնկալվում է,որ այս նախաձեռնությունը կարող է գործնական փուլ մտնել մինչև 2026 թվականի ավարտը կամ 2027 թվականի սկզբին։

Լոգիստիկ մարտահրավերներն ու այլընտրանքային երթուղիների զարգացումը

Հարց․ Որո՞նք են հայ-ղազախական առևտրի զարգացման հիմնական խոչընդոտները, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանց հաղթահարման համար։

Պատասխան․ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրի զարգացման հիմնական մարտահրավերներից մեկը լոգիստիկան է։ Տրանսպորտային բարձր ծախսերը, տարանցման բարդությունները և առաքման ժամկետները անմիջականորեն ազդում են ապրանքների ինքնարժեքի և մրցունակության վրա։

Վերին Լարսի երթուղին շարունակում է կարևոր նշանակություն ունենալ տարածաշրջանային բեռնափոխադրումների համար, սակայն անհրաժեշտ է զարգացնել նաև այլընտրանքային լոգիստիկ ուղղությունները՝ գործարարների համար ստեղծելու այլընտրանքային շահավետ փոխադրման հնարավորություններ։

Այս համատեքստում կարևոր են Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Իրանի գործընկերների ու համապատասխան կառույցների հետ քննարկումները՝ այդ երկրների տարածքով անցնող տրանսպորտային երթուղիների և դրանց հետ համակցված երկաթուղային ու ծովային փոխադրումների հնարավորությունների վերաբերյալ։ Այս ուղղությամբ աշխատանքները պետք է միտված լինեն փոխադրման ծախսերի նվազեցմանը, առաքման ժամկետների կրճատմանը և մատակարարումների առավել արդյունավետ կազմակերպմանը։

Մեր նպատակն է գտնել այնպիսի այլընտրանքային լուծումներ, որոնք կլինեն տնտեսապես ավելի մատչելի և գործնականում կիրառելի հայ ու ղազախ գործարարների համար։ Համոզված եմ, որ լոգիստիկ հնարավորությունների ընդլայնումը կարող է նոր խթան հաղորդել երկկողմ առևտրին և նպաստել Հայաստանի ու Ղազախստանի միջև առկա, բայց դեռևս ամբողջությամբ չիրացված տնտեսական ներուժի իրացմանը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել գործարար համագործակցության ընդլայնմանը

Հարց․ Ի՞նչ դեր կարող է ունենալ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հայ և ղազախ գործարարների միջև համագործակցության զարգացման գործում։

Պատասխան․ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է ակտիվորեն աջակցել Հայաստանի և Ղազախստանի գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանը։

Պալատը պատրաստ է աջակցել հայկական արտադրողների՝ ղազախական շուկա մուտք գործելու գործընթացին, նպաստել գործընկերների որոնմանը, կազմակերպել B2B հանդիպումներ և գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։

Նույն կերպ պատրաստ ենք աջակցել Ղազախստանի ընկերություններին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, տեղական գործընկերների որոնմամբ և Հայաստանում իրենց գործունեության ընդլայնմամբ։

Համոզված եմ, որ մասնավոր հատվածների համագործակցության, գործարար կապերի հետևողական զարգացման և լոգիստիկ խնդիրների լուծման շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների առկա ներուժը։

Մեր նպատակն է ստեղծել իրական հնարավորություններ երկու երկրների բիզնեսի համար, որպեսզի համագործակցությունն արտահայտվի ոչ միայն հանդիպումներով և պայմանավորվածություններով, այլև նոր պայմանագրերով, փոխադարձ մատակարարումներով, ներդրումներով և երկարաժամկետ գործընկերությամբ։