Կայացավ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահության խորհրդի նիստը

29/04/2025

Կայացավ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահության խորհրդի նիստը։ Բացման խոսքով հանդես եկավ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով կարևորեց պալատի ակտիվ ներգրավվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում՝ ընդգծելով մասնավոր հատվածի հետ համագործակցության նշանակությունը։

Նիստի ընթացքում ներկայացվեցին նախորդ երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև առաջարկվեցին առաջիկա երեք ամիսների համար նախատեսվող միջոցառումների ծրագրերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային պալատների ակտիվության բարձրացմանը և համայնքներում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

Նիստին իրենց ելույթներով հանդես եկան Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Հովակիմյանը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանը և Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը և Արմավիրի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Սարգսյանը։ Նրանք ներկայացրին իրենց կողմից ղեկավարվող մարզերում իրականացվող ծրագրերը, առկա մարտահրավերները և առաջիկա համագործակցության հնարավորությունները :

Նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց և հանձնեց Կարեն Գոմցյանի  «Ոսկե մեդալ» շքանշանը ՝ ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում ցուցաբերած առանձնահատուկ ջանքերի համար։ 

Քննարկվեց նաև սույն թվականի հունիս ամսին նախատեսվող գործարար այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կանցկացվեն մի շարք հանդիպումներ ամերիկյան գործընկեր կազմակերպությունների հետ։ Այցի նպատակն է խթանել հայ-ամերիկյան տնտեսական կապերը, ներկայացնել հայկական բիզնես միջավայրը, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցության հարթակներ՝ ուղղված արտահանման ընդլայնմանը և ներդրումային հոսքերի ներգրավմանը։

Նիստի ավարտին քննարկվեցին կազմակերպչական մի շարք հարցեր, և նախագահության անդամները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու գործարար համագումարների ակտիվացմանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջազգային ներկայացուցիչների թեկնածությունները Հյուսիսային Մակեդոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում (Սանկտ Պետերբուրգ) և Քենիայի Հանրապետությունում։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին թեկնածուների մասնագիտական փորձը, գործունեության ռազմավարական ուղղությունները և գործակցության հնարավորությունները տվյալ երկրներում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնմանը և հայկական բիզնեսի արտահանման ներուժի զարգացմանը։ 

Նիստին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գլխավոր պատվավոր հյուպատոս Իգոր Տիտովը։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Պարոն Տիտովը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ նշելով, որ Պալատի հարթակը կարող է արդյունավետ հարթակ դառնալ երկկողմ գործարար կապերի ընդլայնման համար։ Մասնակիցները անդրադարձան նաև համատեղ արդյունաբերական և ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին։