Հայ-կանադական գործարար հանդիպում

12/04/2024

Ապրիլի 11-ին Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Վարդգես Ավագյանը, Կանադայի Եվրասիական առևտրի պալատի Վանկուվերի մասնաճյուղի ղեկավար Տատյանա Դոմիլովսկայան և Հայ-կանադական գործարար խորհրդի մի շարք անդամներ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էին։

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նախ ներկայացրեց Պալատի գործառույթները և մասնավորապես արտաքին կապերը։ Նա  նշեց․  «Երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը դեռևս չի գոհացնում, բայց բարենպաստ պայմաններ կան այն զգալիորեն ավելացնելու։ Հայաստանը կանադական ընկերությունների համար հետաքրքրող շուկա է։ Հատկապես շահագրգռված են համագործակցել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, թանկարժեք քարերի ու մետաղների մշակման ոլորտներում»։

Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Վարդգես Ավագյանը հավաստիացրեց, որ դիվանագիտական կառույցները պատրաստ են զորակցելու համատեղ բիզնես ծրագրեր իրականացնող գործարարներին։

Տատյանա Դոմիլովսկայան տեղեկացրեց, որ Կանադայում առանձնակի ուշադրություն են դարձնում կանանց բիզնեսին և կրթական ծրագրերին,  ակտիվ կապերի մեջ են Եվրոպական երկրների հետ։ Նույն խնդրի առնչությամբ «Հայաստանի գործարար կանանց հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Լիլյա Գևորգյանը հավելեց, որ կրթության, ստոմատոլոգիայի, էսթետիկ բժշկության և տուրիզմի ոլորտներում կան ձեռքբերումներ և բավարար պայմաններ համագործակցելու կանադացի գործարարների հետ։

Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, խոսելով Եվրամիության հետ շուրջ 10 տարվա արդյունավետ համագործակցության վերաբերյալ, մասնավորապես առաջարկեց համատեղ շահագործել Հայաստանի տեքստիլ արդյունաբերության առանձին ֆաբրիկաներ։

Հանդիպման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց զորակցելու կանադացի գործարարներին համատեղ ծրագրեր իրականացնելու գործում՝ միաժամանակ կարևորելով փոխադարձ այցելությունների, գործարար ֆորումների և ցուցահանդեսների դերը։

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Տատյանա Դոմիլովսկայան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։