Հուլիսի 29-ին առցանց հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Կուբայի Առևտրի պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնայի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք խթան կարող են հանդիսանալ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի բարելավման և ամրապնդման համար:
Համագործակցության առավել հեռանկարային և կարևոր ոլորտներից ընդգծվեցին գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները և արևային էներգիան:
Կուբայի Առևտրի պալատի նախագահը՝ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնան հրավիրեց Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանին՝ իր գլխավորած գործարար պատվիրակությամբ, մասնակցելու «Հավանայի միջազգային տոնավաճառ»-ի 40-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերին:
Երկու երկրների Պալատների նախագահները ընդգծեցին գործարարների միջև ավելի հաճախ և գործնական հանդիպումների կազմակերպման դերն ու կարևորությունը: Քննարկվեց նաև սույն թվականի սեպտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրասիական Տնտեսական Միության Ֆորումի շրջանակներում հանդիպումներ ու քննարկումներ իրականացնել Կուբայից ժամանած պատվիրակության անդամների և գործարարների հետ: