Հայաստանի մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաների և առևտրային ընկերությունների մասնակցությունը AEEDC 2025 միջազգային դենտալ ցուցահանդեսին Դուբայում
2025թ. փետրվարի 4-6-ը Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և «Պրեմիում Ստոմ» մասնավոր կլինիկաների ցանցի նախաձեռնությամբ 16 հոգանոց պատվիրակությունը մասնակցեց Դուբայում անցկացված AEEDC 2025 միջազգային ցուցահանդեսին։
Հայաստանի ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանը, մասնակցելով ցուցահանդեսի աշխատանքներին, որը համախմբել էր 140 երկրների և ավելի քան 6000 համաշխարհային բրենդների, անցկացրեց բանակցություններ ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ստոմատոլոգիական միջազգային ցուցահանդեսների կազմակերպիչների հետ։ ԱԱՊ-ն այս միջազգային ծրագիրը իրականացնում է ամեն տարի՝ սկսած 2018 թվականից։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաների ղեկավարները բանակցություններ վարեցին համաշխարհային բրենդների մատակարարման վերաբերյալ՝ քննարկելով նաև որոշակի արտադրանքի բացառիկ դիստրիբյուտորության հնարավորությունները։
AEEDC 2025-ը կարևոր հարթակ է նոր տեխնոլոգիաների, նորարարական լուծումների և միջազգային համագործակցության ընդլայնման համար, ինչը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի ստոմատոլոգիական ոլորտի զարգացման համար։