Քննարկում իրական շահառուների հայտարարագրման վերաբերյալ

24/02/2023

Փետրվարի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ առևտրարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում քննարկում Իրական շահառուների հայտարարագրման թեմայով։ 2023 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են բացահայտել և հայտարարագրել իրենց իրական շահառուներին։ Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Հայտարարագիրը չներկայացնելու և ոչ պատշաճ ներկայացնելու համար սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։

Հանդիպման նպատակն էր հնարավորություն տալ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին համատեղ քննարկելու իրական շահառուների հայտարարագրմանն առնչվող խնդիրները։

«Գործընթացը նոր է, տարբեր խնդիրներ կան, ու մենք, որպես բիզնես համայնքի շահերը պաշտպանող կառույց, կարևորում ենք այս հանդիպումը հենց բիզնեսի կողմից հայտարարագրման գործընթացին առնչվող խնդիրները քարտեզագրելու և դրանց լուծմանն ուղղված համատեղ տարբերակներ մշակելու տեսանկյունից»,- իր ելույթում նշեց ՀՀ Առևտրարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։

Հանդիպման առաջին հատվածում ԻԱԿ-ի հետազոտող Հարություն Ծատրյանը ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացված «Իրական շահառուների հայտարարագրման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա» թեմայով հետազոտության նախագծի արդյունքները։

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու հայտարարագրման գործընթաց իրականացնող լիազոր մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանին։

Տիկին Իսկանդարյանը ներկայացրեց հայտարարագրման ընթացակարգի փուլերը, հուշեց՝ որտեղ կարելի է գտնել թեմային առնչվող ուղղորդող նյութեր, պատասխանեց ներկաների հարցերին։

Հայտարարագրմանն առնչվող հիմնական հարցերի պատասխանները կարելի է գտնել Պետական ռեգիստրի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Հայտարարագրման կարգին կարելի է ծանոթանալ նաև հատուկ այդ նպատակով պատրաստված տեսանյութ-ուղեցույցների միջոցով։