2025 թվականի մայիսի 6-ին Երևանում կայացած հայ-վրացական գործարար համաժողովը, որն իրականացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ առևտրաարդյունաբերական Պալատի համատեղ ջանքերով, ծառայեց որպես արդյունավետ հարթակ՝ երկու երկրների գործարար համայնքների միջև ուղղակի երկխոսության և գործնական կապերի խորացման համար։ Ողջունի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Միջոցառման մոդերատորը ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Կարեն Իվանովն էր, ով իր բացման խոսքում նշեց, որ նման ձևաչափով միջոցառումները ոչ միայն խթանում են տնտեսական ակտիվությունը, այլև ձևավորում են երկկողմ վստահության և գործընկերության ամուր հիմքեր։ Նա ընդգծեց, որ ԱԱՊ-ը պատրաստ է շարունակել աջակցել հայ-վրացական գործարար կապերի կայուն և արդյունավետ զարգացմանը։
ㅤㅤ
Տեղի ունեցան B2B ձևաչափով ակտիվ հանդիպումներ, որոնց մասնակցեցին երկու երկրների շուրջ 180 գործարարներ՝ ներկայացնելով մի շարք ոլորտներ, այդ թվում՝ սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, , լոգիստիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ և էներգետիկա։
ㅤㅤ
Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին գործարարներին՝ փոխանակելու շուկայի վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացնելու իրենց ընկերությունները և ապրանքները, գտնելու նոր գործընկերներ, նախանշելու ապագա համագործակցության ուղիներ, և պայմանավորվելու կոնկրետ համատեղ նախագծերի շուրջ։
ㅤㅤ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը բարձր է գնահատում նման միջոցառումների դերը, որոնք նպաստում են ոչ միայն տնտեսական համագործակցության խորացմանը, այլև Հայաստանի և Վրաստանի գործարար համայնքների միջև վստահության ամրապնդմանը։
ㅤㅤ
Պալատը շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով խթանել հայկական բիզնեսի մրցունակությունը և վերածել տարածաշրջանային հնարավորությունները գործնական արդյունքների։