Իրաքի գործարարների հետաքրքրությունները Հայաստանում

18/04/2026

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին  կապերի զարգացման առաջնահերթությունը նոր շուկաների ու արտահանման ծավալների ընդլայնումն է, համատեղ ծրագրերի իրականացումը։ Դա մեր Պալատի գործունեության արտաքին վեկտորն է,- ապրիլի 17-ին կայացած հանդիպմանը Հայաստանում Իրաքի գործերի  հավատարմատար   Մուհամմադ Ալ-Շեյխլիի հետ կայացած հանդիպմանը նշեց ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը։-Դեռևս 2025-ի մայիսին Իրաքի գործերի նախկին հավատարմատարի հետ հանդիպմանը մենք վերահաստատեցինք փոխադարձ պատրաստակամությունը ակտիվ համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նպատակ ունենալով ստեղծել նոր գործարար կապեր և խթանել երկխոսությունը։ Այդ առումով  այս հանդիպումը նախորդի շարունակությունն է»։

Իրաքցի դիվանագետը մասնավորեց, որ այս հանդիպման առաջնային խնդիրը հատկապես էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորություններին ծանոթանալն է և անհրաժեշտ ինֆորմացիան գործարարներին փոխանցելը։

Խոսելով էներգիայի աղբյուրների և հնարավորությունների մասին՝ Մասնավոր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը տեղեկացրեց․ «Եթե նախկինում կար  ընդամենը 13 ՀԷԿ, ապա այսօր  ունեք 220 ՀԷԿ, որոնք արտադրում են հանրապետության էներգետիկ պաշարների 15 տոկոսը։ Կարող ենք էներգետիկ ոլորտում  փոխգործակցության ծրագրերին մասնակցել»։

«Մեզ հետաքրքրում են էներգետիկայի ձեր հնարավորությունները, այդ թվում՝ ալտերնատիվ էներգետիկան։ Մասնավորապես արևային պանելներ ենք գնում տարբեր երկրներից։ Մրցակցային առավել մատչելի պայմաններով մենք այն կգնենք Հայաստանից»,- ընդգծեց պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլին։

Պարոն Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կա հարուստ փորձ այդ ուղղությամբ, և կարող ենք համատեղ ձեռնարկություններ ստեղծել Իրաքում և Հայաստանում։ Կան բարձրակարգ մասնագետներ, որոնք հնարավորություն ունեն Իրաքի նաև արդեն մաշված  էլեկտրակայանները նորոգելու և վերազինելու, արդիականացնելու։ Հարկավոր է տեղեկատվական բազան հարստացնել տեսակապերով, բիզնես ֆորումներով, ցուցահանդեսներով և այլ միջոցներով։ Ամեն ինչում կարևորը նախաձեռնությունն է և համագործակցելու կամքը»։

Այդ միտքը յուրովի շարունակեց Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը․ «Բնապահպանական համաշխարհային պրոբլեմների  մասին կան «Կլիմայի փոփոխության մասին», «Կենսաբանական բազմազանության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» միջազգային 3 կոնվենցիա՝ Սիներգիա, որի վերաբերյալ համաժողով արեցինք՝ նպատակ ունենալով այդ խնդրում ներգրավել ներսի ու դրսի շահագրգիռ ուժերին։ Դիմում ենք նաև Ձեզ Իրաքում հանրայնացնելու այդ նախաձեռնությունը”։

“Երկիր մոլորակի ճակատագիրը համայն մարդկության մտահոգությունն է, հետևաբար այս խնդրում համագործակցելը բոլորիս գործն է, զորակցեք այս առաքելությանը Իրաքում, մանավանդ որ 2026-ի աշնանը Հայաստանում կայանալու է “Կենսաբազմազանության մասին” կոնվենցիային անդամակցող երկրների հերթական 17-րդ համաժողովը”,- բանախոսին շարունակեց պարոն Մարտին Սարգսյանը։

Հնարավոր գործակցության մեկ այլ ոլորտի մասին խոսեց Գործարար կանանց հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը՝ մասնավորելով Հայաստանի ստոմատոլոգիական ծառայության հնարավորություններն ու բարձր որոկը։ Խոսվեց նաև կրթօջախներում ուսանողների փոխանակման խնդրի մասին։

Երկուստեք համաձայնություն ձեռք բերվեց փոխադարձ հետաքրքրություններն ամրագրել համագործակցության ծրագրային միասնական փաստաթղթում, ինչպես նաև ստեղծել երկու պալատներին կից գործարար խորհուրդ։