Ապրիլի 7-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը հեռավար տեսակապով հանդիպում ունեցավ Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սեմյոնովի հետ: Ըստ էության՝ սա անցած մարտի 20-ին ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հանդիպման տրամաբանական շարունակությունն է:
Զրույցի ընթացքում բազմաթիվ խնդիրների շարքում պարոն Սարգսյանը կարևորել էր միջպալատական հուշագրի ստորագրում, գործարար խորհրդի ստեղծումը, տեղեկատվական փոխադարձ կապի ակտիվացումը, հայաստանցի գործարարների համար Բուլղարիայի նպաստավոր աշխարհագրական տարածքի արտահանման հնարավորությունների օգտագործումը Եվրամիության երկրներ, ինչպես նաև Հայաստանի արտահանման արտոնությունները բուլղարացի գործարարներին ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու:
Պարոնայք Կարեն Իվանովն ու Ցվետան Սեմյոնովը որոշակիացրին արվելիք քայլերի առաջնահերթությունները: Որոշվեց Հայաստանի գործարարների ինֆորմացիան տեղակայել Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի կայքում և մամուլում: Միաժամանակ նույնը արվելու է Հայաստանում բուլղար գործարարների համար փոխադարձ ճանաչողության և փոխվստահության ամրապնդման նպատակով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև առաջիկա մայիսի սկիզբը ստորագրել փոխգործակցության հուշագիր, որից հետո սկսվելու է Հայ-բուլղարական գործարար խորհուրդ ստեղծելու ընթացակարգը: