Հայ-իրանական հանդիպում ՀՀ ԱԱՊ-ում

19/08/2025

Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում օգոստոսի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի պատվիրակությանը՝ պալատի նախագահի տեղակալ Մոհամմադ Ռեզա Բահրամանի գլխավորությամբ: Իրանցի հյուրերին ընդունեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ Կարեն Իվանովը, Պալատի գործադիր և գործառնական տնօրեններ Անդրանիկ Ալեքսանյանն ու Վլադիմիր Ամիրյանը: Երկուստեք նշեցին մեր երկրների ավանդական բարիդրացիական կապերի և համատեղ գործակցության հեռանկարների մասին:Մասնավորապես Կարեն Իվանովը նշեց, որ առաջնային խնդիրը անհրաժեշտ ու ճշգրիտ ինֆորմացիայի պակասն է: Հարկավոր է օպերատիվ ուղիղ կապ ստեղծել արդյունավետ համագործակցության համար: Մենք պատրաստ ենք համատեղ արտադրություններ ստեղծել երրորդ երկրների շուկաների համար՝ տրամադրելով տարածքը և բրենդը:

Պարոն Մոհամմադ Ռեզա Բահրամանը գոհունակությամբ ընդունեց հայկական կողմի առաջարկությունները և հրավիրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը Իրան, որը մերձեցման և վստահության ամրապնդման օգտակար քայլ կարող է լինել: