ՀՀ ԱԱՊ նախագահության անդրանիկ նիստը

15/01/2024

Հունվարի 12-ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի առաջին նիստը առկա և հեռավար միասնական ռեժիմով։ Քննարկման խնդրո առարկան արվածի  հանրագումարն էր և ընթացիկ տարվա առաջնահերթ խնդիրների ամրագրումը։ 

Նիստը նախագահող ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, անդրադառնալով 2023-ի  բազմաբնույթ մարտահրավերներին, կարևորեց, որ առաջիկայում Պալատի հիմնական անելիքները վերաբերում են տնտեսական ոլորտում իրավիճակի կայունացմանը, արցախահայության հոգսերին  հնարավորինս զորակցմանը, արտահանմանն ու գործարարության հընթացս խնդիրների աջակցմանը։  

Ի թիվս այլ հարցերի՝ պարոն Սարգսյանը մասնավորապես նշեց․ «Այսօր տնտեսության ու մասնավորապես բիզնեսի զարգացման, արտահանման աշխարհագրությունը ծավալելու, արտերկրում նոր շուկաներ ստեղծելու և երկրի հզորացման ամենակարևոր  գործոնը դարձել է գիտությունը, որն էլ մեր գործարարների համար նոր արահետներ բացելու ամենաճշմարիտ ճանապարհն է։ 

Այսօր գիտությունն է լուծում բոլոր խնդիրները։ Այդ թեմայով մի կարևոր նկատառում՝ շատերը գրում են, որ երկրի հզորացման հիմնական գործոններն են բանակը, կրթությունն ու առողջապահությունը՝ զինվոր, ուսուցիչ, բժիշկ հենասյուները։ Կարծում եմ, որպես երկիրը պահողի, բարիք ստեղծողի և բարեգործություն կատարողի, հանուն հայ գործարարի բարոյական կերպարի ու վարկանիշի պետք է ավելացնել նաև գործարարությունը, բայց ամենասկզբում դնել գիտությունը։ Բնական է՝ առանց գիտության զարգացման այդ ոլորտներից ոչ մեկը չի կարող լիարժեք կայանալ, հետևաբար անհրաժեշտ է գերակայել և պատշաճորեն հանրայնացնել ժամանակին համահունչ գիտության գործոնը։ Չմոռանանք, որ զարգացման Արքիմեդյան հենման կետը գիտությունն է․․․»։

Որպես օրակարգային հիմնական հարց՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հանգամանորեն ներկայացրեց անցած տարվա արվածը՝ միաժամանակ շեշտելով իրավիճակից բխող ընթացիկ տարվա առաջնահերթությունները։

 ՀՀ ԱԱՊ գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը պարզաբանեց «ԱՏԱ Կառնետ» ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը՝ հիմնավորելով ՀՀ ԱԱՊ-ի համար նախընտրելի տարբերակը։