Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով հյուրընկալվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը բարեմաղթեց պաշտոնավարման ընթացքում արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայ-արաբական բարեկամական ու տնտեսական հարաբերությունների զարգացման:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գնահատվել է 317 միլիոն դոլար: Դրական ցուցանիշ է, որ վերջին տարիներին Հայաստանից ներկրման համեմատությամբ արտահանումն ավելացել է, բայց, ընդհանուր առմամբ, այն ծավալելու հնարավորությունները և ներուժը առկա են:
ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց համագործակցության բնագավառները՝ համատեղ բիզնես, գյուղատնտեսական ապրանքների մշակում՝ երրորդ երկիր արտահանելու համար, զբոսաշրջություն, բարձր տեխնոլոգիաներ, շինարարական արդյունաբերություն: Անդրադառնալով Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման արտոնյալ ռեժիմին՝ պարոն Մարտին Սարգսյանը պարզաբանեց, որ ԱՄԷ գործարարները Հայաստանում համատեղ արտադրություններ հիմնելու դեպքում կարող են օգտվել արտահանման արտոնյալ պայմաններից, ինչը երկուստեք շահեկան է: ՀՀ ԱԱՊ նախագահը հույս հայտնեց, որ երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատներում գործարար խորհուրդների ստեղծումը էապես նպաստելու է բիզնես կապերի փոխադարձ աշխուժացմանը և ծավալմանը:
Պարոն Մարտին Սարգսյանը, որպես համագործակցության կարևոր պայման, հատկապես կարևորեց Աբու Դաբիից, Դուբայից և Շարժայից շաբաթական միջինը 14 ավիաչվերթի առկայությունը, ինչն արդեն զբոսաշրջության զգալի աճ է ապահովել:
Պալատին կից «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» -ի նախագահ Լիլյա Գևորգյանը հյուրին տեղեկացրեց, որ իրենց հիմնադրամը հանագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի Գործարար կանանց կոմիտեի հետ, իսկ ամիսներ առաջ տեղի է ունեցել հերթական գործարար հանդիպումը:
Դեսպանը խոստացավ ԱՄԷ-ում կազմակերպել երկու երկրների գործարար կանանց համաժողով՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համատեղ ծրագրերի իրականացման գործում: