Ապրիլի 7-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Դաննենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա): Նրան ընդունեցին Պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը: Դեսպանը ներկայացրեց Դոմինիկյան Հանրապետության տնտեսական զարգացածության մակարդակը և հնարավոր համագործակցության ոլորտները: Դոմինիկյան Հանրապետությունը Կարիբյան ավազանի մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներից է՝ շուրջ 10 միլիոն բնակչությամբ: Նախկինում հատկապես զարգացած էր գյուղատնտեսությունը: Ներկայում, ազատ տնտեսական գոտու զարգացմամբ, արդեն գերակայում է արդյունաբերությունը: Երկիրը ունի նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարներ: Ունի 7 միջազգային օդանավակայան և արտահանման ու ներմուծման այլ ենթակառուցվածքներ: Խոսելով Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարի մասին՝ դեսպանը առաջինը կարևորեց ուղիղ ավիաչվերթի ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ թեև Դոմինիկյան Հանրապետությունը տարածաշրջանում ամենաշատ գինիներ ներմուծող երկիրն է, բայցևայնպես ցանկանում են ներմուծել հայկական բարձրորակ գինի ու կոնյակ: Անդրանիկ Ալեքսանյանը, որպես գործակցության առաջին կարևոր քայլ, նշեց երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև հուշագրի ստորագրումը՝ արձանագրելով առաջնահերթությունները: Իսկ որպես երկրորդ կարևոր քայլ՝ Վլադիմիր Ամիրյանը հավելելեց Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության հյուպատոս ունենալու գործոնը: Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում լուծվելու են հիշյալ խնդիրները հենց հաջորդ հանդիպման ժամանակ: