Օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի և ՀՀ ԱԱՊ-ի՝ Նիդերլանդների Թագավորությունում նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Անդրեսյանի աշխատանքային հանդիպումը։
Քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների գործարար շրջանակների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև Նիդերլանդների առևտրաարդյունաբերական պալատի և այլ գործարար կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց ներկայացուցչության և դեսպանությունների ու Պալատների փոխգործակցությունը:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երկու երկրների գործարարների միջև առցանց բանակցությունների կազմակերպմանը։ Նշվեց, որ նման ձևաչափը հնարավորություն կտա նախապես մանրամասնորեն մշակել համագործակցության հեռանկարային ծրագրերը, համաձայնեցնել գործակցության արդյունավետ ձևաչափերը և նախապայման ստեղծել Նիդերլանդներում նախատեսվող հանդիպումների ընթացքում կոնկրետ համաձայնագրերի ստորագրման համար։
Տիկին Սվետլանա Անդրեսյանը արժևորեց նաև հայկական սփյուռքի աջակցությունը և գործարար կապերը:
ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը կարևորեց Նիդերլանդների տարածքում հայաստանյաան արտադրանքի մշտապես գործող առևտրի տան ստեղծման նախաձեռնությունը, որը կնպաստի հայ գործարարների արտահանման աշխարհագրության ծավալմանը եվրոպական շուկայում, հնարավորությունների ընդլայնմանը և երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանը։
Կողմերը քննարկեցին նաև համատեղ միջազգային ցուցահանդեսների, բիզնես-ֆորումների, գործարար առաքելությունների և այլ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ ուղղված Հայաստանի և Նիդերլանդների տնտեսական համագործակցության ակտիվացմանը։