ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ողջ կոլեկտիվը և նախագահությունը խորապես վշտացած են Լոռու առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ, ՀՀ ԱԱՊ նախագահության երկարամյա անդամ Սամվել Նաջարյանի մահվան կապակցությամբ և ցավակցում են Նաջարյանների ընտանիքին ու մերձավորներին:
Սամվել Նաջարյանը տասնամյակներ շարունակ եղել է արտադրության հմուտ կազմակերպիչ, ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և նպաստել հանրապետության տնտեսական առաջընթացին: Որպես մարզային Պալատի նախագահ՝ մշտապես նպաստել է Լոռու գործարարների ուժերի ու հնարավորությունների համախմբմանը, զորակցել է երիտասարդ գործարարներին, կազմակերպել ցոուցահանդեսներ և բիզնես ֆորումներ, մարզային գործարարներին աջակցել ստեղծելու արտաքին կապեր և համատեղ ծրագրեր իրականացնել:
Սամվել Նաջարյանը արժանապատիվ քաղաքացի էր, հրաշալի ընկեր ու ընտանիքի օրինակելի հայր, անսպառ հումորով ու յուրահատուկ կոլորիտով անձնավորություն, ում հնարավոր չէ մոռանալ: Բարի հիշատակ հրաշալի հայորդուն:
ՀՀ ԱԱՊ նախագահություն