Օգոստոսի 19-ին Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական գործարար համաժողով, որին ներկա էին երկու երկրների ղեկավարները։ Համաժողովի մոդերատորն էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 200 գործարարներ Հայաստանից և Իրանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ճյուղեր, այդ թվում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և լոգիստիկա։ Համաժողովի շրջանակում անցկացվել են նաև B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց արդյունքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ և համագործակցության համաձայնություններ։
Համաժողովի ընթացքում իր խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը ընդգծել է, որ պալատը պատրաստ է հանդես գալ որպես կամուրջ բիզնեսի, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև։
«Մենք կարող ենք աջակցել համագործակցության հիմնական ոլորտներում աշխատանքային խմբերի ձևավորմանը, նպաստել երկարաժամկետ գործընկերությունների հաստատմանը, պարզեցնել ընթացակարգային խոչընդոտները և խթանել ներդրումային նախագծերը»,- նշել է Իվանովը։
Նա հավելել է, որ նման համաժողովները կարևոր հարթակ են գործարար կապերի խորացման, համատեղ արտադրությունների մեկնարկի և նոր շուկաների մուտքի տեսանկյունից։
Համաժողովից մեկ օր առաջ՝ օգոստոսի 18-ին, հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների միջև։ Քննարկվել են առկա խնդիրներն ու համագործակցության խոչընդոտները, ինչպես նաև առաջարկվել են դրանք հաղթահարելու արագ և արդյունավետ ուղիներ։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել ոլորտային մասնագետների մասնակցությամբ փոքր աշխատանքային խմբեր, որոնք նպաստելու են գործարար միջավայրի զարգացմանն ու երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը։