Ապրիլի 8-ին Միջազգային Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Հյուսիսային Մակեդոնիայում պաշտոնական ներկայացուցիչ Դոկտոր Յորդան Գորչևը։
Դոկտոր Գորչևը հայտնի հասարակական գործիչ է, ձեռնարկատեր և Միջազգային Սլավոնական համալսարանի հիմնադիր, ով ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային կրթական և գործարար կապերի զարգացման ուղղությամբ։
Միջոցառման շրջանակում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիայի Տնտեսական պալատի նախագահ Բրանկո Ազեսկին, ով պաշտոնավարում է 2005 թվականից և համարվում է երկրի գործարար միջավայրի զարգացման առանցքային դերակատարներից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման հարցերը։
Միջոցառմանը մասնակցել են Հյուսիսային Մակեդոնիայի տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ։
Հանդիպման շրջանակում կայացել են նաև նախնական բանակցություններ Հյուսիսային Մակեդոնիայի Տնտեսական պալատի նախագահ Բրանկո Ազեսկու և ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանի միջև։ Քննարկվել են համագործակցության կոնկրետ ուղղություններն ու հնարավոր համատեղ նախաձեռնությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Հայաստան–Մակեդոնիա» ծրագրի զարգացմանը։ Մասնավորապես, ներկայացվել է առաջարկ՝ Հյուսիսային Մակեդոնիայում ստեղծել «Հայաստան–Բալկաններ» համատեղ կառույց, որը կարող է ծառայել որպես տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ։
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու և հետագայում ստորագրելու համագործակցության հուշագիր։