Հայաստանի Հանրապետությունում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն և Արտգործնախարարության Ամերիկյան երկրների վարչության բաժնի պետ Միքայել Տեր-Մինասյանը նոյեմբերի 20-ին այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կուբացի դիվանագետը ասաց՝ «Մենք գրեթե զրոյից ենք սկսում, և բնականաբար շատ կարևոր են առաջին քայլերը: Ուրախ եմ, որ Դուք վերջերս ընդունել եք Կուբայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնային ու արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ Դեբորա Ռիվաս Սաավեդրային: Որպես ելակետային քայլ համատեղ մշակում եք համագործակցության ծրագիր, պատրաստակամություն եք հայտնել հնարավորինս աջակցել: Ես շատ բարձր եմ գնահատում Ձեր բարի կամքի նման դրսևորումը և խոստանում զորավիգ լինել համատեղ ծրագրերի իրականացմանը»:
ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հավաստեց, որ համագործակցության առաջնային նախապայմանը իրոք բարի կամքի դրսևորումն է և հաջողության գումարելիներից մեկը: Պարոն Սարգսյանը առանձնապես կարևորեց, որ Հայաստանը Կուբայի գործարարների համար շահեկան հարթակ կարող է լինել ԵԱՏՄ շուկաներ մտնելու:
Նա նաև հավելեց. «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը 20 ներկայացուցչություն ունի աշխարհի տարբեր երկրներում, առևտրային տներ, որոնք ցուցահանդեսներ և բիզնես ֆորումներ կազմակերպելու կարևոր օղակ են: Ցանկանում ենք նույնը կազմակերպել նաև Կուբայում, որը մեծապես նպաստելու է երկու երկրների գործարարների փոխճանաչողությանը, անմիջական տեղեկատվության փոխանակմանը: Անշուշտ համատեղ բիզնեսը սկսվում է նախ փոխադարձ ճանաչողությամբ»
Քննարկվեցին համագործակցության առավել հավանական ոլորտներն ու տարբերակները: Կուբայի դեսպանը գոհունակություն հայտնեց ջերմ հանդիպման համար՝ «Մենք հավատում ենք Ձեր բարի կամքին»: