Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Իրանի Իսլամական Հանրապետության՝ «ԱՐԱՍ» ազատ տնտեսական գոտու պատվիրակության միջև:
Պատվիրակության ղեկավարը հանդիպման թեմաներում հատկապես մասնավորեց ազատ տնտեսական գոտու ստեղծման դերն ու նշանակությունը և կարևորեց համագործակցությունը ՀՀ ԱԱՊ-ի հետ. «ԱՐԱՍ»-ն այսօր Իրանի ամենածաղկուն ու զարգացած արդյունաբերական, գյուղատնտեսական, մշակութային տարածքներից է և գտնվում է Արևելքի ու Արևմուտքի կարևորագույն խաչմերուկում՝ ունենալով արդիական ինդուստրիալ բազա և լոգիստիկ լուրջ ցանց: Այն ապահովում է շուրջ 24 000 շահառուի զբաղվածությունը: Մեզ համար առանձնապես կարևոր է սերտորեն համագործակցել մեր բարեկամ երկրի գործարար կառույցի՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ»:
«Արևելքի պատմիչները Արաքս գետի մասին հիշատակել են որպես «Կամուրջներ չհանդուրժող գետ»: Իսկ պատմությունը հավաստում է, որ Արաքսը սիրով է հանդուրժում Հայ-իրանական բարեկամության կամուրջը, որն առավել պետք է զորացնենք մեր համագործակցությամբ»,- պատկերավոր նշեց ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Նա երախտագիտությամբ հիշեց դժվարին պահերին Իրանի ժողովրդի բարեկամական զորակցությունը Հայաստանին՝ միաժամանակ հավելելով, որ Պալատը բազմաթիվ այցեր, ցուցահանդեսներ, ֆորումներ է կազմակերպել, և բնականաբար անհրաժեշտ է առավել ակտիվացնել տնտեսական կապերը:
Պարոն Սարգսյանը առաջարկեց հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման օրախնդիր նախագիծ հետևյալ ոլորտներում՝ «Գյուղատնտեսություն և սննդի վերամշակում, թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, փաթեթավորում, դեղագործություն, արդյունաբերական արտադրություն։ Երկրորդը՝ հատուկ ուշադրություն դարձնել այն նախագծերին, որոնք կարող են ստեղծել Հայաստան-Իրան, ԵԱՏՄ և Եվրոպական շուկաներին ուղղված արտահանման շղթաները։ Երրորդը՝ «Արաս»-Մեղրի-Հայաստան լոգիստիկ համագործակցություն։ Ստեղծել համատեղ աշխատանքային խումբ բեռնափոխադրումների ժամանակի կրճատմանը, լոգիստիկ ծախսերի նվազեցմանը, սահմանային և մաքսային գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային փաթեթաշրջանառության կատարելագործմանը, կանոնավոր բեռնափոխադրումների զարգացմանը։ Չորրորդը՝ կազմակերպել «Արաս»-Արմենիա բիզնես ֆորում: Առաջարկում եմ առնվազն տարին մեկ անգամ հրավիրել գործարար համաժողով Հայաստանում և «Արաս»-ում, և այդ շրջանակներում կազմակերպել բիթուբի հանդիպումներ, ներդրումային նախագծերի ներկայացում, ընկերությունների այցեր տարբեր կազմակերպություններ, գործարար պայմանավորվածություններ և պայմանագրերի ստորագրում։ Եվ հինգերորդը՝ ստեղծել մեկ պատուհան գործարար աջակցության մեխանիզմներով։ Յուրաքանչյուր կողմում կընտրվի մեկ անձնավորություն կամ կազմակերպություն, որի միջոցով ընկերությունները կստանան տեղեկատվություն մուտք գործելու գործընկերների որոնման, ներդրումային հնարավորությունների, արտադրական տարածքների, լոգիստիկայի, իրավական և վարչական ընթացակարգերի վերաբերյալ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է հանդես գալու որպես համագործակցող հարթակ։ Մենք պատրաստ ենք լսելու ձեր առաջարկությունները։ Հարկավոր է անցնել գործի՝ չէ որ ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից»:
Հանդիպման վերջում պատվիրակության ղեկավարը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին՝ ի դեմս նախագահի և գործարար համայնքի ներկայացուցիչների առաջարկեց կազմակերպել այց «ԱՐԱՍ» ազատ տնտեսական գոտի՝ դրա ներուժին տեղում ծանոթանալու, գործարար հնարավորությունները քննարկելու և հետագա համագործակցության հեռանկարները դիտարկելու նպատակով։