ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո երկու տասնամյակ առաջ ստեղծվեց «Հայաստանի գորժարար կանանց աջակցության հիմնադրամ» կազմակերպությունը, որն այսօր արդեն նախանշած առաքելության շրջանակում լիդերի վարկանիշ ունի։ Զորակցությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի՝ Հիմնադրամը համառ ու հետևողական աշխատանքով ստեղծեց իր միջազգային ցանցը աշխարհի բազմաթիվ երկրների համանուն կառույցներում։ Բազմաթիվ հանդիպումներով Հայաստանի և Սփյուռքի գործարար կանայք ծավալեցին իրենց աշխարհագրությունը Ամերիկայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Սիրիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, այնտեղ, ուր գործարարությունը միավորում է կանանց ուժը, խաղաղության ձգտումը, տղամարդկանց հետ հավասարապես քայլելու անհրաժեշտությունը։ Բարեկրթությունը հիշեցնում է մասնավորելու Հիմնադրամի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանի կազմակերպչական դերը, որի հերթական քայլը «21-րդ դար-Երկխոսություն առանց սահմանների» կանանց ձեռնարկատիրական միջազգային համաժողովի կազմակերպումն էր մարտի7-ին ՀՀ ԱԱՊ-ի դահլիճում։ Այս դժվարին ժամանակներում աշխարհի երկրների բազմաթիվ պատվիրակների և հրավիրված կին գործարարների միասնական ձայնը հնչեց որպես խաղաղության և համերաշխության կոչ։
Ներկաներին ջերմորեն ողջունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ում արտերկրի պատվիրակները վաղուց արդեն ճանաչում էին բազմաթիվ այցերից ու հանդիպումներից։ Պարոն Սարգսյանը խորհրդանշական համարեց Կանանց միջազգային տոնի օրերին կին գործարարների համաժողովը Հայաստանում, ուր գործարար ոլորտում հայ կինը գործում է ոչ միայն պաշտոնական օրենսդրության, այլ նաև մայրության չգրված, բայց ավանդաբար հարգվող օրենքներով։
Ռուսաստանի, Իրանի, Նիդեռլանդների, Ղազախստանի, Հայաստանի պատվիրակությունների ղեկավարներն ու մյուս բանախոսները հաստատեցին այն համոզմունքը, որ տարբեր, երբեմն առանձին տարաձայնություններ ունեցող երկրների կին գործարարների նման հանդիմումները ժողովրդական դիվանագիտության ներուժ ունեն, դրանք համերաշխության ճանապարհ են բացում, մերձեցնում ժողովուրդներին։ Մայրական համերաշխությունը դեպի խաղաղության օվկիանը տանող վտակ է, որը կենարար է դառնում այսպիսի հանդիպումներով։
Համաժողովի մասնակիցները, համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելուց բացի, բանախոսելու հազար ու մի մտերմիկ թեմաներ ունեին, բայց առավել հետաքրքիրը տղամարդկանց կարծիքն էր կանանց գործարարության վերբերյալ։ Կարծիքը տոնական էր։
Մասնակիցները հավաստագիր ստացան, բայց ամենահիշվող հավաստագիրը օրվա սերն ու ջերմությունն էր, որն անշուշտ ավելանալու է հաջորդ հանդիպումներով։
Հայաստանի կին գործարարները իրենց արտադրանքներով հյուրասիրության սեղան էին բացել․ չէ որ հացն է ամենամեծ մերձեցնողն ու բարեկամացնողը։