Հայաստանի փորձը ներկայացվել է BRICS և ՇՀԿ երկրների միջազգային ՏՏ-ֆորումում

24/06/2026

2026 թվականի հունիսի 17-ին Խանտի-Մանսիյսկում, BRICS և ՇՀԿ երկրների մասնակցությամբ անցկացվող XVII Միջազգային ՏՏ-ֆորումի շրջանակներում, տեղի ունեցավ «Փոխակերպումը շարժման մեջ՝ ինչպես են թվային տեխնոլոգիաները փոխում բիզնեսը. միջազգային փորձ» խորագրով նիստը։   

Միջոցառումը համախմբել էր առաջատար միջազգային փորձագետների, խոշոր կորպորացիաների ներկայացուցիչների, ձեռնարկատերերի և ՏՏ ոլորտի մասնագետների՝ քննարկելու թվային դարաշրջանի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները։ Հայաստանից, որպես հրավիրյալ բանախոս, մասնակցեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, Հայաստանի Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը։

Քննարկումների հիմնական թեմաներն էին՝ բիզնեսի համար հեռանկարային տեխնոլոգիաների գնահատումը, արհեստական բանականության ինտեգրումը բիզնես գործընթացներում, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման ընթացքում առաջացող անվտանգության հարցերը։

Լիլիա Գևորգյանը հանդես եկավ «Թվային գործիքները որպես միջազգային համագործակցության զարգացման մեխանիզմ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փորձը» թեմայով զեկույցով։

Ֆորումի ընթացքում հաստատվել են նոր գործարար կապեր Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Չինաստանի, Չիլիի և Մալայզիայի բիզնես կառույցների ղեկավարների հետ։