Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովի և Դուբայի առևտրի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսիի միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին երկու կառույցների գործունեության հիմնական ուղղությունները և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ՝ զբոսաշրջություն, ներդրումների խթանում, գործարար կապերի ընդլայնում, ինչպես նաև փոխադարձ գործարար այցերի կազմակերպում՝ տեղում շուկայի առանձնահատկություններին և հնարավոր գործընկերներին ծանոթանալու նպատակով։
Քննարկումների ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և Դուբայի բիզնես միջավայրերի միջև կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով երկուստեք հետաքրքրությունը տնտեսական համագործակցության խորացման, համատեղ ծրագրերի իրագործման և ներդրումային նոր նախաձեռնությունների զարգացման հարցում։
Համագործակցությունը համակարգելու նպատակով նշանակվեցին կոնտակտային պատասխանատուներ՝
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից՝ նախագահի խորհրդական Լիլիթ Ասատրյան,Դուբայի առևտրի պալատից՝ տարածաշրջանային տնօրեն (Միջին Արևելք և հարակից երկրներ) Աբդուլահ Բաքար։
Կողմերը նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին համագործակցության շարունակականության ապահովման և այն գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ։ Նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հաջորդ հանդիպում՝ արդեն պատրաստված և կոնկրետ առաջարկների փաթեթի ներկայացմամբ, ինչը կնպաստի գործարար հարաբերությունների խորացմանն ու երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը։