Թավրիզ-Երևան տնտեսական կապեր

03/10/2024

Իրանի Թավրիզ քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ Հայաստանի գործարարների հետ տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակով:  

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ Թավրիզի հետ գործակցությունը դեռևս գոհացնող չէ, բայց առկա են հնարավորությունները առավել ծավալելու համար: Պարոն Մարտին Սարգսյանը տեղեկացրեց. «Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ կարողանում է մեծ շուկա դուրս գալ: Հայաստանում կան նույն ոլորտի, բայց սահմանափակ կարողություններ ունեցող բազմաթիվ գործարարներ, որոնք միավորվելու դեպքում լուրջ հնարավորություններ կունենան մեծաքանակ արտահանումներ կատարել: Թավրիզցի գործարարները կարող են միանալ հայ գործընկերներին համատեղ ծրագրերի շնորհիվ դուրս գալ ԵԱՏՄ շուկա: Մեր Պալատը պատրաստ է ձեզ զորակցելու»:

ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Կարեն Իվանովը մտահոգությամբ նշեց, որ Իրանից մեծ քանակությամբ հումք է ներկրվում Հայաստան, բայց ցավոք չենք կարողանում արտադրողի հետ անմիջական կապ ստեղծել, իսկ միջնորդավորված կապը հանգեցնում է ինքնարժեքի բարձրացմանը: Միաժամանակ՝ Իրանում պետք է կազմակերպել փոխադարձ ճանաչողության ցուցահանդեսներ ու հանդիպումներ վստահելի գործընկերներ գտնելու համար: Որպես պատասխան այս մտահոգությանը՝ պատվիրակության ղեկավարը նշեց, որ մտադիր են առաջիկայում ճանաչողական ցուցահանդես կազմակերպել՝ հրավիրելու նաև հայաստանյան գործարարներին: