Հայաստան-Կանադա տնտեսական կապեր

12/02/2024

Փետրվարի 6-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պաշտոնական այցով հյուրընկալեց  Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հայաստանում դեսպանություն հիմնելու և պարոն Էնդրյու Թըրներին արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու առիթով պատվարժան հյուրին շնորհավորեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով դեսպանության հիմնումը որակեց որպես կարևոր քայլ հայ-կանադական միջպետական հարաբերությունները  զարգացնելու գործում:

«Նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են ներկրումն ու արտահանումը, սակայն դա դեռևս գոհացնող չէ, մանավանդ որ կան համապատասխան ներուժ և չօգտագործված ռեզերվներ»,- նշեց պարոն Մարտին Սարգսյանը: Նա շեշտեց, որ փոխադարձ շփումների միջոցով հարկավոր է նոր բիզնես կապեր ստեղծել, կազմակերպել գործարար հանդիպումներ, ցուցահանդեսներ՝ ներկայացնելու ներդրումային հնարավորությունները: Բանախոսը նշեց, որ փոքր բիզնեսով մեծ ծրագրեր հնարավոր չէ իրականացնել, ուստի ուշադրությունը պետք է բևեռել հատկապես միջին բիզնեսին:  «Մեր Պալատը առևտրային բազմաթիվ  ներկայացուցչություններ ունի արտերկրում, որոնք ներկայացնում են հայաստանյան բիզնեսը, կազմակերպում փոխգործակցության հանդիպումներ: Կարծում եմ դա շահեկան կարող է լինել նաև Կանադայի համար: Պալատը անդամակցում է միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններին, ունի արբիտրաժային դատարան, տալիս է ապրանքի ծագման սերտիֆիկատ և բիզնեսմենին զորակցող այլ միջոցներ»,-հավելեց ՀՀ ԱԱՊ նախագահը:

«Մեր նպատակն է դեսպանության և Ձեր Պալատի համատեղ ուժերով մեկնարկային լուրջ քայլ կատարել բիզնեսի ոլորտում: Մենք պատրաստակամ ենք զորակցելու ցանկացած ծրագրի: Ուրախալի է, որ ապրիլին Հայաստանում կազմակերպվելու է կրթական ոլորտին վերաբերող ցուցահանդես, որը հրաշալի հնարավորություն է փոխադարձ ճանաչողության և վստահության ամրապնդման առումով: Բիզնեսին նպաստող գործոն են նաև Կանադայում հայկական հրաշալի համայնքն ու կայացած հայ գործարարները, որոնք համագործակցության և մերձեցման կամուրջ են:

«Քաղաքակիրթ բիզնեսի զարգացման համար դեռևս քիչ են նյութական միջոցները, ամենակարևորը բիզնեսի ոսկե կանոններին համահունչ աշխատանքները կազմակերպելն է՝ ճշմարիտ տեղեկատվություն, հանդիպումներ, անմիջական ճանաչողություն, սեփական և գործընկերոջ ծրագրերի և հնարավորությունների իրական գնահատում, վստահության ամրապնում և համարձակ մեկնարկ»-եզրափակեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: