Սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Արզական բնակավայրում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության արտագնա հերթական նիստը՝ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանի նախագահությամբ: Նիստը ընթացավ առկա և օնլայն ռեժիմներով:
«Այսօր բիզնեսի օրախնդիրը արտահանման ծավալների մեծացումն է և արդյունավետության բարձրացմանը միտված նորանոր կառույցների ստեղծումը»,- հանդիպման գլխավոր թեման և ծրագրի նախագիծը կարևորեց պարոն Մարտին Սարգսյանը:
Արտահանմանը զորակցոող կառույցի ձևավորման նախագիծը հանգամանորեն ներկայացրեց Պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը՝ հընթացս պատասխանելով մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ մտահոգություններին: Թեմային առնչվող կարևոր դիտարկում արեց պարոն Մարտին Սարգսյանը՝ նշելով, որ արտաքին առևտուրը բնականաբար լիարժեք չի զարգանա, եթե չկանոնակարգվի ապրանքների և ծառայությունների ապահովագրման գործը: Դա համալիր աշխատանքի շղթայի կարևոր օղակներից մեկ է:
Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հավելեց տարբեր երկրներում առցանց գրասենյակների հիմնումը և փոխկապակցված աշխատանքը: Արտաքին առևտրի ծավալման գործում կարևոր խնդիր համարվեց Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստումը և հաստատումը, ինչը ուղենշային և կանոնակարգող դեր կունենա: Նա առաջարկեց հարցը հանգամանորեն քննարկելու համար Պալատ հրավերել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին: Որպես այդ շղթայի կարևոր օղակ՝ պարոն Ալեքսանյանը նշեց Արաբական Միացյալ Էմիրություն-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատների միջև ազատ մասնակցությամբ գործարար խորհրդի ստեղծումը:
Նիստը նախագահող Մարտին Սարգսյանը Պալատին կից մշտական գործող արբիտրային հաստատության նախագահ Արտաշես Կակոյանի հետ հեռահար տեսակապի հարցադրումներով ու պարզաբանումներով ներկայացրեց այդ գործում առավել արդյունավետ և նախընտրելի առանձին տարբերակների մասին՝ մասնավորապես մինչև 5 միլիոն դրամի տնտեսական վեճերը արբիտրաժային վարույթում քննելու առավելությունը՝ արբիտրաժային վճիռները առանց առաջին ատյանների դատարանների հաստատմանը ներկայացնելու: Դա առավել արդյունավետ է հատկապես կարճ ժամանակում վճիռների արագ կայացմանը՝ առանց անցանկալի ձգձգումների: Միաժամանակ հարկավոր է մտահոգվել արբիտրաժային դատավորների պատրաստման և վերապատրաստման խնդիրներով:
ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը կարևորեց նախատեսվող կառույցի անդամակցության կարգը և ֆինանսավորումը: Առաջարկություններ եղան նաև մոնիտորինգի, էլեկտրոնային առանձին կայքէջի ստեղծման և այլ հարցերի վերաբերյալ:
Նիստի ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մասնակիցների հավանությանը արժանացնելու նպատակով արտահանմանը աջակցող կառույցի ստեղծման նախագիը դրեց քվեարկության, ինչը անցավ միաձայն: