ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում քննարկվել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստական աշխատանքները

15/10/2025

Հոկտեմբերի 15-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն ընդունեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև դրա շրջանակում հնարավոր համագործակցության ուղիները և սպասվող զարգացումները:

Աստրիդ Շոմեյքեն կարևորեց Հայաստանի դերը՝ որպես համաժողովի հյուրընկալող երկիր՝ ընդգծելով, որ սա եզակի հնարավորություն է Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու՝ ոչ միայն որպես կենսաբազմազանության պահպանման կարևոր դերակատար, այլև՝ որպես բաց ու համագործակցային երկիր, որը պատրաստ է հյուրընկալել հազարավոր մասնակիցների տարբեր երկրներից։

Անդրանիկ Ալեքսանյանը, ողջունելով այս կարևոր նախաձեռնությունը, ընդգծեց, որ Առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել գործընթացին՝ հատկապես կարևորելով հայ գործարարներին համաժողովի նպատակների, հնարավորությունների և դրա ընձեռած հեռանկարների մասին իրազեկելը։Հետագա հարցերի համակարգման նպատակով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կոնտակտային պատասխանատու անձ կդիտվի նախագահի խորհրդական Լիլիթ Ասատրյանը:

«Սա ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական, ներդրումային ու համագործակցային լայն հնարավորությունների դուռ է բացում մեր երկրի համար։ Կարևոր է, որ մեր գործարարները ժամանակին և ամբողջական տեղեկատվություն ունենան այս ամենի մասին, որպեսզի կարողանան տեսնել իրենց մասնակցության հնարավոր ուղիներն ու դրական ազդեցությունը», – նշեց պարոն Ալեքսանյանը։