Գործարար մեկնարկ Բուրգասից Կոտայք...

17/11/2026

Գործընկերության նոր կապերի հաստատման ակնկալիքներով՝ Բուլղարիայի Բուրգասի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը Հայաստանի Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ մերձեցման մեկնարկային քայլում է: Բուլղար գործարարները համագործակցության փաստաթուղթը վավերացնելուց հետո, որպես առաջին գործնական քայլ, նախ այցելեցին Հրազդանի մեքենաշինական «Տեխնոսնաբ» ձեռնարկություն, ուր ծանոթացան արտադրական կարողություններին և հնարավորություններին, քննարկվեցին արտահանման և ներմուծման խնդիրներին առնչվող հարցեր:
 
Այցը շարունակվեց Ծաղկաձոր համայնք, որը ներառում է վեց բնակավայր՝ իրենց յուրահատուկ բիզնես միջավայրով: Փոխհամայնքապետ Ոսկան Եղիազարյանը հյուրերին ներկայացրեց Ծաղկաձորի զբոսաշրջային գրավչությունը, ժամանակակից շինինդուստրիայով տուրիստական նորաոճ հյուրատներ համատեղ կառուցելու հնարավորությունը, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները: Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տոդոր Դեմիրկովը հավելեց, որ Բուրգասն էլ տուրիզմի բարձրակարգ և լոգիստիկ համակարգով նավահանգստային գործարար տարածք է և Ծաղկաձորի հետ գործակցելու նախադրյալներ ունի:
‎
Ներկայացնելով Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի սոցիալ-տնտեսական հեռանկարային ծրագրերը՝ Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Հովակիմյանը հատկապես կարևորեց կառուցապատման ընթացքում բնապահպանական նորմերի պահպանությունը՝ տարածքում աճեցնելու էկոլոգիապես մաքուր օրգանիկ սննդամթերք:
‎
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուստեք ստեղծել աշխատանքային խմբեր՝ նախնական փուլում գոնե օնլայն հաղորդակցվելու, միմյանց ճանաչելու, փոխվստահություն ձեռք բերելու և զուգահեռ անցնելու արդեն անմիջական կապերի:
‎
Որպես անմիջական շփման գործնական քայլերից մեկը՝ պարոն Տոդոր Դեմիրկովը Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի անդամներին և հայ գործարարներին հրավիրեց մասնակցելու դեկտեմբերի 3-ին Բուրգասում կայանալիք բիզնես ֆորումին: