ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Բուլղարիայի Հանրապետության գործարար պատվիրակությանը՝ օրակարգում ունենալով Բուրգասի և Կոտայքի մարզային առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության հուշագրի վավերացումը և մեկնարկային քայլերի կոնկրետացումը։
Բուրգասը Բուլղարիայի 28 մարզերից տարածքով ամենամեծն է, ունի շուրջ կես միլիոն բնակիչ, արդյունաբերական և Սևծովյան նավահանգստային կարևոր կենտրոններից է, Եվրոպայի դարպասներից մեկը։
Կարևորելով նոր համագործակցության մեկնարկը՝ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը ողջունեց երկկողմ միջմարզային նախաձեռնությունը․ «Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի պատվարժան դեսպան Նիկոլա Նիկոլով, Բուրգասի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տոդոր Դեմիրկով, պատվիրակության հարգելի անդամներ, այս մեկնարկը կարևորում եմ հատկապես նրանով, որ անմիջականորեն համագործակցելու են մարզային պալատները, քանի որ հենց դրանցով են հզորանում մայր պալատները և ծավալում գործակցության աշխարհագրությունը։ Բուլղարիան և Հայաստանը առանձնանում են պատմական, մշակութային ու բարեկամական ջերմ կապերով, ինչը հրաշալի նախապայման է բիզնեսի զարգացման համար»։
Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը փաստեց, որ դիվանագիտական աշխատանքում կարևորագույն անելիքներց մեկը տնտեսական կապերի զարգացմանը նպաստելն է, իսկ դեսպանությունը զորակցելու պատրաստակամությամբ ողջունում է գործընկերության այս մեկնարկը։
Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը հավելեց, որ Բուլղարիայի ամենահին եկեղեցին հակական է, հայ գործարարները Բուլղարիայում բարի համբավ ունեն, շատերը զբաղեցնում եմ պատասխանատու պաշտոններ, ուստի համատեղ ուժերով հնարավոր է զգալիորեն աշխուժացնել տնտեսական կապերը։
«Առաջին հայացքից այս փոքր հուշագիրը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել երկու պալատների համար համատեղ ծրագրեր նախաձեռնելու, փոխայցելություններ, բիզնես ֆորումներ և ցուցահանդեսներ կազմակերպելու»,-նշեց Բուրգասի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տոդոր Դեմիրկովը։
Պարոն Մարտին Սարգսյանը, համադրելով ու վերլուծելով համագործակցության գումարելիներն ու հնարավորությունները, մասնավորապես նշեց․ «Միշտ էլ ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից։ Չկան խանգարող հանգամանքներ, խնդիրը արդյունավետ նախաձեռնելու և նպատակային քայլերով ճանապարհը շարունակելու մեջ է։ Մենք պատրաստակամ ենք զորակցելու Բուրգասի և Կոտայքի մարզային պալատներին բիզնեսի ճանապարհը բարեհաջող շարունակելու գործում»։
Փոխըմբռնման ջերմ մթնոլորտում քննարկումների ավարտին Բուլղարիայի Բուրգասի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տոդոր Դեմիրկովը և Հայաստանի Կոտայքի մարզի նախագահ Սամվել Հովակիմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որում նախանշվում են գործակցության առաջնահերթ ոլորտները, հնարավորություններն ու նպատակները։