Նոյեմբերին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Նիդեռլանդներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Անդրեասյանի հետ։ Հանդիպումը անց է կացրել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Լիլիա Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել է Նիդեռլանդների առևտրաարդյունաբերական պալատի՝ 2027 թվականի միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ և միջազգային համագործակցության ուղղություններ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Նիդեռլանդների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին, հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը:
Սվետլանա Անդրեասյանը տեղեկացրել է նաև Նիդեռլանդներում՝ հայկական սփյուռքի աջակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի մասին, որն արդեն ձևավորված է և պատրաստ է աջակցելու Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու երկրների գործարարների միջև անմիջական համագործակցության, փորձի փոխանակման, հայկական ապրանքների և ծառայությունների՝ եվրոպական շուկայում առաջմղման, ինչպես նաև նոր գործընկերների և ներդրումների ներգրավման համար կայուն հարթակի ձևավորման կարևորությունը։
Հանդիպման արդյունքներով կողմերը հայտնել են իրենց շահագրգռվածությունը համատեղ նախաձեռնությունների հետագա զարգացման, կոնկրետ առաջարկների մշակման և 2027 թվականի միջազգային գործարար միջոցառումների օրացույցի ձևավորման հարցում։
Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում ձեռնարկատիրության զարգացման, միջազգային կապերի ամրապնդման և Եվրոպական շուկայում Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացման ու առաջմղման համար։