Բնապահպանության միջազգային COP17-ի Երևանյան համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բնապահպանության թեմաներով պլենար նիստ։ Այն սկսվեց Պալատի նախագահ Մարտին Սարգսյանի ողջույնի ուղերձով, որում մասնավորապես նշված էր Հայաստանի գործարար կանանց ակտիվ մասնակցությունը տնտեսկան ոլորտում՝ միաժամանակ մասնավորելով կենսաբազմազանության խնդիրներում նրանց առանձնահատուկ ուշադրությունը․ «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը մեծ կարևորություն է տալիս կանանց բիզնեսի զարգացմանը, միջազգային համագործակցությանը և բնապահպանական խնդիրների նկատմամբ պատասխանատու մոտեցմանը։ Մեր գործարար կանայք մայրական հոգատարությամբ են մոտենում բնապահպանական խնդիրներին․ չէ որ այն վերաբերում է առաջին հերթին իրեն և բոլորի զավակների առողջությանն ու անվտանգությանը։
Բնապահպանական սկզբունքների կիրառումը կարևոր է բոլոր ոլորտներում՝ բժշկությունից մինչև կրթություն, սննդամթերքի արտադրություն, զբոսաշրջություն և արդյունաբերական գործունեություն, որոնցում շարժիչ ուժը կանայք են։ Նրանք նպաստում են ժամանակակից չափանիշների ներդրմանը, բժշկական կրթության զարգացմանը, պատասխանատու արտադրության խթանմանը, զբոսաշրջության զարգացմանը և սննդի արդյունաբերության կատարելագործմանը՝ հաշվի առնելով բնապահպանական սկզբունքները։ Մենք ողջունում ենք Հայաստանի Գործարար կանանց աջակցության հիմնադրամի ակտիվ մասնակցությունն այս գործընթացին։ Հիմնադրամը, որը գործում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ արդեն 21 տարի, կարևոր դեր է կատարում կանանց ձեռներեցության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում»։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Հայաստանի գործարար կանանց հիմնադրամի հիմնադիր նախագահ, պլենար նիստի մոդերատոր Լիլյա Գևորգյանը, կարևորելով Երևանյան համաժողովի դերը, մասնավորապես նշեց․ «Հայաստանի համար սա մեծ պատիվ է և միաժամանակ բացառիկ հնարավորություն միջազգային հանրությանը ներկայացնելու մեր փորձը, նախաձեռնությունները և հատկապես կանանց ներդրումը կայուն զարգացման գործում։Մենք ցանկանում ենք ընդգծել մի կարևոր գաղափար՝ կին ձեռներեցների ներդրումը չի սահմանափակվում միայն բնապահպանական ծրագրերով։ Մեր կին գործարարները բնապահպանական առումով հատուկ կարգախոս ունեն՝ «Կյանքում մայրական գիրկն է ամենաանաղարտն ու ապահովը, իսկ մայր բնությունն էլ բոլորիս օրրանն է, հետևաբար այն մաքուր ու անվտանգ պետք է պահենք հանուն բոլորիս առողջ կենսակերպի»։
«Կնոջ և երեխայի առողջությունը․ բժշկական կրթության դերը կայուն զարգացման և ապագա սերունդների առողջության պահպանման գործում» թեմայով ելույթ ունեցավ մասնավոր բժշկական քոլեջի հիմնադիր Մարինա Նանյանը, իսկ «Կարա և Կարեն» ընկերության հիմնադիր Կարինե Ղուկասյանը ներկայացրեց «Մարդու առողջությունը և պատասխանատու արտադրությունը․ կին ձեռնարկատերերի ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում» թեմայով զեկույցը։
Բոլորի խոսքի խտանյութը նույնն էր՝ առողջ սերնդի համար մաքուր բնություն է հարկավոր, և դա համայն մարդկության քաղաքացիական ու նաև հոգու պարտքն է սերունդների առջև։
Իրենց ելույթներում «Հայաստանի մասնավոր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, Նիդեռլանդներում ՀՀ ԱԱՊ-ի ներկայացուցիչ Սվետլանա Անդրեսյանը, «Պիկվար» կազմակերպության տնօրեն Անժելիկա Բարսեղյանը, անհատ ձեռներեց Մարինե Հակոբյանը և այլոք օրախնդիր հարցերի անդրադարձան՝ կարևորելով Երևանյան համաժողովի դերը։
Պլենար նիստի ավարտին համագործակցության երկու հուշագիր ստորարվեցին Հայաստանի գործարար կանանց հիմնադրամի հիմնադիր նախագահ Լիլյա Գևորգյանի, «Մեդիքեյիր» Արմենիա ՍՊԸ ընկերության հիմնադիր տնօրեն Քրիստինե Հայրապետյանի և Մշակութային դիվանագիտության միջազգային ասոցիացիայի (AIDC) նախագահ Ջուլիա Բենետտիի միջև։