Հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

27/10/2026

Կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Չեխ-հայկական զարգացման պալատի նախագահ Դանիել Պավլասի միջև տեսակապը՝ նվիրված հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն ու գործարար համագործակցության ընդլայնմանը։
 
Քննարկվեցին Հայաստանից Չեխիա գյուղմթերքի արտահանման հնարավորությունները, ինչպես նաև Չեխիայի լոգիստիկ լայն հնարավորությունների և զարգացած առևտրային ցանցի օգտագործման հեռանկարները՝ հայկական արտադրանքի առաջխաղացման նպատակով։
 
Կողմերը հետաքրքրվածություն հայտնեցին համագործակցությամբ մի շարք ոլորտներում՝ արդյունաբերություն, մեքենաշինություն, էներգետիկա, ջրային տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և սննդի վերամշակում, բարձր տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։
 
Հայկական կողմն ընդգծեց համագործակցությունը նոր՝ գործնական փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով երեք հիմնական ուղղությունների վրա՝ արտահանման զարգացում, ներդրումներ և տեխնոլոգիական համագործակցություն։ Առաջարկվեց համատեղ ուսումնասիրել հայկական արտադրողների հնարավորությունները, ընդլայնել հայկական արտադրանքի ներկայությունը չեխական շուկայում, բացահայտել չեխական ներդրողների հետաքրքրությունները և կազմակերպել նպատակային գործարար հանդիպումներ։
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ընդգծեց գործարարների միջև անմիջական կապերի հաստատման կարևորությունը՝ առաջարկելով կազմակերպել B2B հանդիպումներ՝ համապատասխան գործընկերներ գտնելու և փոխշահավետ համագործակցություն ձևավորելու նպատակով։
 
Պալատի Նախագահության խորհրդի անդամ Սարգիս   Աղաբեկյանն անդրադարձավ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ առաջարկելով ստեղծել բիզնեսին գործնական ծառայություններ մատուցող կառույց կամ հիմնադրամ։ Նա նաև նշեց չեխական ապրանքների համար Հայաստանում առևտրային հարթակներ տրամադրելու հնարավորության մասին։
 
Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց բացել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն Չեխիայում ՝ երկու երկրների գործարար կապերի ամրապնդման և համագործակցության համակարգման նպատակով։
 
Պալատը հրավիրեց չեխ գործընկերներին այցելել Հայաստան՝ տեղում ավելի գործնական քննարկումներ անցկացնելու, համագործակցության առաջնահերթությունները հստակեցնելու և համատեղ ծրագրերի իրականացման կոնկրետ քայլեր նախանշելու համար։ Վերջիններս սիրով ընդունեցին հրավերը` առաջիկայում Հայաստան 
այցելելու նպատակով։
 
Կողմերը կարևորեցին փոխճանաչողության և փոխվստահության ամրապնդումը՝ որպես հայ-չեխական տնտեսական կապերի խորացման և երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր նախապայման։
 
Հանդիպմանը ներկա էր նաև Արամ Անանյանը` չեխ _ հայկական գործարար հանձնաժողովի ներկայացուցիչը Հայաստանում։