Հայաստանում անցկացվող բնապահպանական GOP17 միջազգային համաժողովի շրջանակներում կայացավ «Ռիո կոնվենցիաների միջև սիներգիայի զարգացումը և ամրապնդում» թեմայով «Կանաչ գոտի» պանելային նիստ, ինչը մոդերատոր, Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը բնորոշեց որպես բացառիկ հնարավորություն Հայաստանը համաշխարհային մարտահրավերին առավել գործնական միանալու առումով:
Ողջույնի խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը արժանին մատուցեց «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությանը, Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատին, «Բնական էկոնոմիկա» հիմնադրամին և գործարար հատվածին միանալու Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի հարցը քննարկելու նախաձեռնության համար: Պարոն Սարգսյանը մասնավորեց. «Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց առավել վճռական քայլեր ձեռնարկել կենսաբազմազանության պաշտպանության ուղղությամբ՝ հորդորելով աշխարհի առաջնորդներին կյանքի կոչել իրենց ստանձնած պարտավորությունները»: Այդ մտահոգությունից իբրև եզրակացություն՝ պարոն Սարգսյանը կոնկրետացրեց մարտահրավերին մասնակցելու փիլիսոփայությունը՝ «Հետևաբար՝ մեր խնդիրն է ցույց տալ, որ բնապահպանական պատասխանատվությունը կարող է լինել ոչ միայն պարտավորություն, այլև զարգացման հնարավորություն: Այստեղ առանձնահատուկ դեր ունեն առևտրաարդյունաբերական պալատները: Մենք անմիջականորեն աշխատում ենք ձեռնարկատերերի հետ և կարող ենք միջազգային նպատակները վերածել կոնկրետ գործարար լուծումների՝ օգնելով ձեռնարկություններին գտնել համապատասխան տեխնոլոգիաներ, գործընկերներ և զարգացման հնարավորություններ»: Բանախոսը ընդգծեց, որ կոնվենցիաների միջև սիներգիայի գործնական իմաստը փոխկապակցված բնապահպանական խնդիրների համատեղ լուծումն է՝ արդյունք ապահովելով և՛ բնության, և՛տնտեսության համար: Ահավասիկ՝ բնությունը բոլորիս կենսական օրրանն է, որի անաղարտությունը նաև մեր առողջության նախապայմանը: Գոնե այս խնդրում ողջ աշխարհը պետք է միասնաբար մտածի ու գործի: ՀՀ պալատի նախագահը համատեղ աշխատանքի երեք առաջնահերթություն կոնկրետացրեց. «Առաջին՝ ներգրավել բիզնեսին բնապահպանական լուծումների մշակման գործընթացում, այլ ոչ թե տեղեկացնել արդեն ընդունված որոշումների մասին: Երկրորդ՝ ներկայացնել բնահեն լուծումների գործնական օգուտները՝ հողերի վերականգնումից և ջրի արդյունավետ օգտագործումից մինչև թափոնների վերամշակում և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդնում: Երրորդ՝ ամրապնդել պետություն-քաղհասարակություն-բիզնես գործընկերությունը՝ ձեռնարկություններին ապահովելով գիտելիքների,տեխնոլոգիաների, ֆինանսավորման միջազգային համագործակցության հասանելիություն: Վստահ եմ, որ առևտրաարդյունաբերական պալատները կարող են այս գործընթացում դառնալ կարևոր կապող օղակ»:
Պարոն Սարգսյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է բիզնեսի մասնակցության կոչերից անցնել այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում ձեռնարկատերերն իրենք շահագրգռված կլինեն դառնալ բնապահպանական վերափոխումների նախաձեռնողներ»: Բնականաբար նպատակը ոչ թե ընտրություն կատարելն է տնտեսության զարգացման և բնապահպանության միջև, այլ կառուցել այնպիսի տնտեսություն, որտեղ բիզնեսի մրցունակությունը, մարդկանց բարեկեցությունը և բնական համակարգերի պահպանումը փոխադարձաբար ամրապնդում են միմյանց: Ավարտին պարոն Մարտին Սարգսյանը հավաստեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է աջակցելու քաղաքացիական հասարակության նման գլոբալ նախաձեռնություններին:
Անդրադառնալով սիներգիայի օրախնդիր անհրաժեշտությանը, խոչընդոտների հաղթահարման խնդիրներին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի առաջարկությանը՝ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ բարձրակարգ փորձագետ Արամ Գաբրիելյանը ևս հավաստեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է դառնալ կարևոր օղակ նոր դոկտրինի՝ գաղափարախոսության ստեղծման և մարտահրավերների հաղթահարման գործում:
Բանախոսներից «Սերունդների երկխոսություն» գիտական և մտավորական ակումբի նախագահ Նուգզար Կոխրեիձեն (Վրաստան), «GoShuka» ծրագրի հիմնադիր և ղեկավար Վիկտոր Միխայլովը (Հայաստան), GAN international գիտական աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսեյ Կոկորինը (ՌԴ, հեռավար) և այլք գոհունակությամբ արտահայտվեցին Մարտին Սարգսյանի առաջարկությանը, ինչը կարևոր քայլ կլինի էկոհամակարգի մարտահրավերների հաղթահարման գործում: