«Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի մեկնարկ
Ս. թ. դեկտեմբեր ամսից մեկնարկել է զբոսաշրջության/սննդի և խմիչքների ոլորտի աշխատուժի որակի բարելավմանն ու ոլորտի ընկերությունների մրցունակության բարձրացմանն ուղղված նոր նախագիծ: Այն իրականացնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տեխնիկական աջակցությամբ` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:
Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջության/սննդի և խմիչքների ոլորտային հմտությունների զարգացման կենտրոն (ՈՀԶԿ): Այն ծառայելու է հետևյալ նպատակներին.
- ոլորտում դժվար համալրվող աշխատատեղերի որոշարկում և աշխատուժի հմտությունների նկատմամբ գործատուների պահանջների վաղ բացահայտում,
- աջակցություն ոլորտի կազմակերպություններին բիզնեսի պլանավորման, մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման հարցերում,
- աջակցություն գործատուներին` կատարելու մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված արդարացված ներդրումներ,
- աշխատանքի վրա հիմնված ուսուցման խթանում,
- գործատուների կոլեկտիվ ազդեցություն ոլորտային մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների վրա, այն է՝ արդյունքին միտված երկխոսություն և համագործակցություն ուսուցում իրականացնողների ու քաղաքականություն մշակողների հետ, ոլորտային որակավորումների և կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքի աշխարհում առկա պահանջներին, որակի երաշխավորում:
Այս կապակցությամբ նախատեսվում է իրականացնել հանդիպումներ ոլորտի շարժիչ ուժը հանդիսացող գործատուների հետ՝ ՀՀ ողջ տարածքում, ինչպես նաև ոլորտներին առնչվող պետական կառույցների հետ, որի արդյունքում ստեղծել զբոսաշրջության/սննդի և խմիչքների ոլորտային հմտությունների զարգացման կենտրոն (ՈՀԶԿ): Վերջիններս նպատակ են հետապնդում կրթության և մասնավոր հատվածի փոխհամագործակցության միջոցով ձեռք բերել մասնավոր հատվածին անհրաժեշտ պատրաստված, հմուտ և որակավորված մասնագետներ, մասնակցություն ունենալ ոլորտի զբաղմունքների նկարագրերի սահմանմանը, ոլորտին առնչվող մասնագիտությունների (ներառյալ որակավորումները) պետական կրթական չափորոշիչների, ֆորմալ եւ ոչ ֆորմալ ուսումնական պլանների, ուսուցման և ուսումնառության նյութերի մշակմանը։